ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր տված վերջին հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը եւ խոսել մի շարք խնդիրների մասին: Նա մասնավորապես ասել է, որ հակամարտության հետ կապված ներկայիս իշխանությունների դիրքորոշումը հստակ չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին խոսել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան ինչպե՞ս եք գնահատում Արցախի հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակը:
-Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումը եւ շարունակում է հայատյաց քաղաքականությունը: Կան որոշակի հետաքրքիր զարգացումներ` հատկապես Դուշամբեում ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի բանավոր պայմանավորվածության հետ կապված: Կարող եմ ասել, որ դրանից հետո կտրականապես իջել է խախտումների քանակը եւ այդ կապի վերահաստատումը ողջունելի եւ դրական է: Ամեն դեպքում` Ադրբեջանը այն երկիրն է, որի մասին մենք բազմիցս հայտարարել ենք, որ ամենահարմար եւ ամենաանսպասելի պահին ամենանենգ ձեւով կարող է խախտել ցանկացած պայմանավորվածություն: Հաշվի առնելով Բաքվի հռետորաբանությունը նախագահ Ալիեւի, նրա տիկնոջ` առաջին փոխնախագահի ելույթները` հասկանալի է, որ Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումը, եւ նրա համար Արցախի պետականության կործանումը եղել է, կա եւ կմնա իրենց պետականության հիմնական սյունը:
-Այսինքն` հակառակորդի կողմից ագրեսիայի փորձը կրկնվելու վտանգը պահպանվո՞ւմ է:
-Բնական է` միշտ էլ պահպանվում է: Եվ որպեսզի դրա հավանականությունը լինի քիչ եւ նվազ, մենք միշտ պետք է պատրաստ լինենя, մեր զինված ուժերը պետք է զգոն լինեն, մարտունակ ,մենք ավելի ուժեղ եւ համախմբված պետք է լինենք, քան նրանք, եւ պետք է վարենք արտաքին ճիշտ քաղաքականության:
-ՀՀ-ն պատրաստ է լուծման յուրաքանչյուր տարբերակի, որին համաձայն է Արցախի ղեկավարությունը: Այս թեզը կարո՞ղ է վտանգավոր լինել:
-Պարոն Փաշինյանը ասել է` Արցախի, Հայաստանի ժողովուրդից ոչ մի թաքուն բան չի լինելու: Հակամարտության մեջ կա էսպիսի չգրված օրենք` կարգավորված չէ ոչինչ, եթե կարգավորված չէ ամեն ինչ: Դրա համար պետք է Արցախը ժողովրդի անունից մասնակցի այդ բանակցային գործընթացին, հաշվետու լինի ժողովրդին: Այս հակամարտության կարգավորման միակ խոչընդոտը Ադրբեջանն է, իսկ Բաքուն չի փոխել իր մոտեցումները: Հետեւաբար, ակնկալել որեւէ առաջընթաց, դժվար է:
-Փաշինյանը հայտարարեց, որ Դուշանբեում զինադադարի պահպանման մասով Ալիեւի հետ պայմանավորվածություն է եղել, օրերս էլ նշեց, որ նաեւ օպերատիվ կապ է ապահովված ադրբեջանական կողմի հետ: Ռոբերտ Քոչարյանը, խոսելով այս մասին, նշեց, որ կասկածներ ունի` եթե նրանք համաձայնել են, ապա ինչի դիմաց, ինչ են ակնկալիքով: Ի՞նչ ակնկալիքի մասին է խոսքը:
-Այդ կապը շատ կարեւոր է: Ժամանակին էլ է եղել նման բան, նույնիսկ պատերազմի ժամանակ: Հույս ունենք, որ միգուցե կապ կհաստատվի հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ստորաբաժանումների հրամանատարների միջեւ: Ադրբեջանը հերոսացնում է Սաֆարովի նման տականքներին: Սրանից պարզ է` ում հետ մենք գործ ունենք: Այս կապի հաստատումը կարեւոր է, բայց չեմ կարծում, որ պետք է լինեն ինչ-որ նախապայմաններ: Հատկապես հակառակորդը չի կարող որեւէ պայման դնել. դա կլինի անհասկանալի մի երույթ: Կարծում եմ` այս հարցը ճիշտ կլինի պարզաբանվի հենց Հայաստանի ղեկավարության կողմից, բայց կարծում եմ` Ադրբեջանը այն երկիրն է, որը բարոյական իրավունք չունի նախապայմաններով խոսելու մեզ հետ:
– Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում ներկայիս իշխանությունների դիրքորոշումը հստա՞կ է:
-Հստակ է: Կան մի շարք կարեւոր շեշտադրումներ, որոնք նոր իշխանությունը իրականացրել է: Նախ պաշտոնական Երեւանը հայտարարել է, որ կողմնակից է խաղաղ կարգավորման: Հստակորեն բազմաթիվ անգամներ նշվել է, որ հնարավոր չէ առանց Արցախի կարգավորել հիմնախնդիրը: Այս շեշտադրումները շատ կարեւոր են, որ բանակցային գործընթացը նորմալ ընթանա, եւ հնարավորինս քիչ լինեն շահարկումները: Միակողմանի զիջումների որեւէ մեկը պատրաստ չէ: Ընդամենը պետք է պատրաստ լինել երկարատեւ աշխատանքի:
-Շատ է բարձաձայնվել այն մասին, որ Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացներից Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատճառով: Սակայն իր տված հարցազրույցում երկրորդ նախագահը նշեց, որ Արցախը բանակցային սեղանի շուրջ եղել է 1996 թվականի նոյեմբերից` Մինսկի խմբի շրջանակներում Հելսինկիում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ, եւ հիշեցրեց, որ ինքը Հայաստանի Հանրապետության նախագահ դարձել է 1998 թվականին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
-Այս հարցում հիմնական ու միակ մեղավորը Ադրբեջանն է: Եթե նույնիսկ անձի խնդիր կա, ինչու է միջազգային կազամակերպությունը, ասենք` ԵԱՀԿ-ն, թույլ տալիս, որ խախտվի այն բանաձեւը, որը ինքն է ընդունել Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ: Չէ՞ որ սա միջազգային որոշում է: Ինչ կապ ունի` ով է նախագահը: Եթե կա միջազգային կառույցի որոշում, եւ այդ որոշումը բեկանելու խնդիր կա, ապա պետք է լինի նոր գագաթնաժողով, բայց դա չի եղել: Հետեւաբար, այստեղ անձերի խնդիր չէ: Միջազգային կազմակերպությունների համար էլ օգտակար է բարդել անձերի վրա եւ ասել, որ իրենք մեղավոր չեն: Այսինքն` ի՞նչ, անձի դերակատարությունը ավելի մե՞ծ է, քան միջազգային ինստիտուտի՞: Այստեղ Ադրբեջանի շանտաժն է, որին ենթարկվել են որոշ կառույցներ:
Լուսինե Մինասյան