ՀՀԿ-ն այսօր կտապալի Ընտրական օրենսգրքի ընդունումը. ինչ են ծրագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանն արտահերթ նիստում եւս մեկ անգամ կքննարկի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի քվեարկությունը տապալվել էր հոկտեմբերի 22-ի նիստում: Արտահերթ նիստ հրավիրելու ստորագրությունն էլ նախաձեռնել էր «Ծառուկյան» խմբակցությունը, եւ ինչպես ցույց է տալիս իրավիճակը, պատճառներն ավելի խորն են, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Նախ նշենք, որ կառավարությունն օրենսգրքում կտրուկ փոփոխություններ է իրականացրել` այդ թվում վերացնելով ռեյտինգային համակարգը, որն էլ հենց ընտրությունների ժամանակ եղել է ՀՀԿ-ի ձայների հիմնական աղբյուրը: Եվ ահա հոկտեմբերի 22-ի նիստը ՀՀԿ-ականները պարզապես տապալել էին, եւ առավոտյան նիստին ներկա էր միայն 53 պատգամավոր զուտ քվորում ապահովելու համար: Ընդ որում, բացակաների մեծ մասը հենց ՀՀԿ-ականներն էին, այսինքն` քաղաքական թեւի ներկայացուցիչները:

Եվ այժմ «Ծառուկյան» խմբակցությունը, «Ելք» դաշինքի հետ միասին նախաձեռնելով ստորագրահավաքը, ցանկանում են մեկ անգամ եւս օրենսգիրքը դարձնել քննարկման առարկա` փորձ անելով անցկացնել այն: Իհարկե, ինչպես երեկ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալն առաջին հերթին ձեռնտու է գործող իշխանություններին, այլ ոչ թե խորհրդարանում առկա մյուս ուժերին, այդ թվում` ՀՀԿ-ին: Սակայն վերջիններս այլ ծրագրեր ունեն:

Մասնավորապես, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ խմբակցությունը նպատակ ունի երկուշաբթի օրը հրավիրվող արտահերթ նիստում եւս մեկ անգամ տապալել նիստը, որպեսզի Ընտրական օրենսգիրքը չանցնի: Իհարկե չի բացառվում, որ ՀՀԿ խմբակցության կազմում լինեն այնպիսի պատգամավորներ, ովքեր Ռուզաննա Մուրադյանի պես չնախատեսված վարվեն եւ վերջին պահին կողմ քվեարկեն, սակայն վերջինս այդ արարքի համար արդեն իսկ շատ թանկ վճարեց` հրաժարվելով մանդատից իհարկե ոչ սեփական կամքով: Ինչեւէ, սակայն այս պահի դրությամբ ամենահավանական տարբերակն օրենսգիրքը տապալելու մեջ է:

Բանն այն է, որ ՀՀԿ-ականները տարբեր քննարկումներ անելուց հետո եկել են այն եզրակացության, որ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու պարագայում նրանք միանշանակ ձախողվելու են: Սակայն նրանք հստակ որոշել են` ընտրություններին մասնակցելու են: Ընդ որում, շատերը նույնիսկ այն մտահոգությունն են հայտնել, թե նվազագույն 2 տոկոսն անգամ չեն կարողանալու հավաքել: Եվ այս պարագայում որոշում է կայացվել գոնե ռեյտինգային համակարգով գնալ ընտրությունների եւ այդ կերպ փորձել անցնել խորհրդարան: Աներկբա է, որ ՀՀԿ-ի քաղաքական թեւն ինքն իրենով չի կարողանալու ձայներ ապահովել եւ պետք է կրկին հույսը դնեն ռեյտինգային թեկնածուների վրա:

Ընդ որում, խորհրդարանում առկա պատգամավորներից մի քանիսը, ովքեր ընտրվել են հենց այդ համակարգով, հարազատ կուսակցությանը խոստացել են` եթե գործող օրենսգիրքը մնա, իրենք պատրաստ են կրկին այդ ընտրակարգով առաջադրվել: Եվ կարծես թե այս իրավիճակում նրանք «թասիբի» են ընկել եւ ցանկանում են Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին ապացուցել, որ անգամ այս իրավիճակում նրանք կարող են իրենց ուժերով ձայներ ապահովել` առանց ընտրակաշառքի, առանց որեւէ լծակների: Եվ եթե նախկինում յուրաքանչյուր ռեյտինգային թեկնածուի առջեւ պայմաններ են դրվել մեծ թվով ձայներ բերելու, ապա հիմա շեմն իջեցվել է, եւ կուսակցությունն ուրախ կլինի, եթե գոնե 2000 ձայն կարողանան ապահովել, որը հանրագումարում արդեն մեծ թիվ կկազմի: Եվ իրենց հաշվարկներով նրանք փորձում են հավակնել անգամ խորհրդարանում երկրորդ ուժը լինելուն:

Եվ ահա այդ սցենարն այնքան էլ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների սրտով չէ, ովքեր իրենք են ցանկանում երկրորդ ուժը զբաղեցնել եւ ավելի հավանական են համարում դա համամասնական ընտրական օրենսգրքի պայմաններում: Եվ հենց այդ պատճառով էլ նրանք փորձում են ամեն ինչ անել, որպեսզի երկուշաբթի օրը գումարվող նիստում Ընտրական օրենսգիրքն անցնի:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս