«Ես նկատում եմ, որ նոր իշխանության օրոք թատրոններում իրավիճակ չի փոխվել, հեղափոխությունը թատրոններ չի մտել: Ես որեւէ փոփոխություն չեմ նկատում, չեմ տեսնում մշակույթի նախարարության գործառույթը, օրինակ` դերասանների աշխատավարձերի բարձրացման հարցում: Ինքս թատրոնի առաջատար դերասանուհի եմ, բայց ամաչում եմ հնչեցնել աշխատավարձիս չափը: Այդ թեման կարծես չի քննարկվում: Պետական հատկացումները նախորդ տարիներին ավելանալու փոխարեն պակասել են: Սպասում էի, որ մշակութային նոր քաղաքականություն է վարվելու, որ օրակարգային խնդիրներից մեկը հենց ցածր աշխատավարձերն են լինելու: Ամեն դեպքում, հույս ունեմ, որ ամեն ինչ իր տեղը կընկնի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանը:
Մենք զրուցեցինք նաեւ հայաստանյան ներքին քաղաքական կյանքի մասին: Քեթրինը շեշտեց` հասկանում է, որ փոփոխությունները մեկ օրում չէին լինելու. «Դեռ նախորդ կառավարությունից մնացած շատ կլաններ կան, որոնք կարող են դրական տեղաշարժերի համար խանգարող հանգամանք լինել: Այդ ամենը կանխատեսելի է: Հնարավոր չէ` միանգամից հրաշքներ կատարվեն, եւ մենք հայտնվենք հեքիաթում»,-մեկնաբանեց դերասանուհին:
Նրա խոսքով` որպեսզի քաղաքական դաշտում կայունություն հաստատվի, հարկավոր է առողջ եւ ուժեղ ընդդիմություն, բայց դրանից էլ ավելի կարեւոր է անհատի գիտակցության բարձրացումը. «Մենք գիտենք, թե նախորդ իշխանությունների օրոք պետական հիմնարկներում ինչ անպատժելիության մթնոլորտ է եղել, որքան չարաշահումներ են եղել, սպասարկման որակը որքան ցածր է եղել: Այդ ամենը չի կարող մի քանի ամսում վերանալ, եթե անհատները, մարդիկ չփոխվեն: Միայն գլուխներին փոխելով` արդյունքի չենք հասնի: Աշխատակիցների հոգեբանությունը նախկինն է, այնպես որ, պետք է ինքներս մեզնից սկսենք դրական փոփոխությունների իրականացումը»,-եզրափակեց Քեթրինը:
Աննա Բաբաջանյան