Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի վերաբերյալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը գրանցվել է և գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՍԴ մամուլի քարտուղար Մարիաննա Հակոբյանը:
«Հանրապետության նախագահը Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և Սահմանադրական դատարանի մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դիմել է Սահմանադրական դատարան Ազգային ժողովի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 50-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի համաձայն դիմումը գրանցվել է և գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում: Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործը ընդունվում է վարույթ Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով:
Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածով սահմանվում է. Ազգային ժողովի ընդունած օրենքի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության առանձնահատկությունները:
Սահմանադրական դատարանի աշխատակարգի 27-րդ կետի 2-րդ մասի համաձայն, այս գործերով դիմումի նախնական ուսումնասիրությունը պետք է ավարտվի դիմումը մուտքագրելուց հետո 20-օրյա ժամկետում:
Սահմանադրական դատարանը սույն գործով որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո:
Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի քան 3 ամսով» ,- հայտնում են Սահմանադրական դատարանից: