Հոգեբուժարանում պահվող անձի մերձավոր ազգականը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգել է, որ իր հարազատն առանց բավարար հիմքերի և իր կամքին հակառակ պահվում է հոգեբուժական կազմակերպությունում:
ՄԻՊ-ից հայտնում են, որ այս կապակցությամբ, երեկ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված այց է իրականացվել հոգեբուժարան: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հոգեբուժարանում պահվող այդ անձի հետ, ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեղում բարձրացրել են չափահաս և գործունակ անձին իր կամքին հակառակ հոգեբուժարանում պահելու իրավական հիմքերի հարցը՝ հարկադիր բուժման ընթացակարգերի բացակայության պայմաններում: Պարզվել է, ար անձը հոգեբուժարանում պահվում է առանց հիմքի և հետևաբար՝ նրա գտնվելն այնտեղ անօրինական է:
Ուստի, պահանջվել է անհապաղ ազատ արձակել հոգեբուժարան տեղափոխված անձին: Արդյունքում, վերջինս իր մերձավոր ազգականի ուղեկցությամբ լքել է հաստատությունը:
Ներկայում Պաշտպանի աշխատակազմում կազմվում է խախտման համապատասխան որոշում: