Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը դիմել է Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի թիմը դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

«Հարգելի՛ պարոն վարչապետ,

Կառավարության ներկայիս փոխակերպումների, օպտիմալացման գործընթացներում կարևոր է չկատարել քայլեր, որոնք կվնասեն փաստերի և գիտելիքի վրա հիմնված պետական քաղաքականությանը:

Փաստարկված, գիտելիքի վրա հիմնված երիտասարդական քաղաքականության կարևորությունը անհրաժեշտ է կառավարությանը հասկանալու համար, թե որոնք են պետական քաղաքականության ձեռքբերումները և բացերը, ինչպես նաև ունենալ օբյեկտիվ հիմք, փաստեր՝ հաշվետու լինելու հանրության լայն շերտերին, մասնավորապես երիտասարդներին:

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը՝ որպես անկախ հետազոտական կենտրոն, փաստարկված երիտասարդական քաղաքականությանն աջակցող և երաշխավորող մեխանիզմ է, ինչի ստեղծման համար 5 տարիների ընթացքում ներդրվել են ռեսուրսներ ինչպես պետական, այնպես էլ միջազգային աղբյուրներից։ Ինստիտուտը ստեղծվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում։ Ինստիտուտը իրականացրել է մի շարք հետազոտություններ, որոնք հիմք են հանդիսացել երիտասարդական քաղաքականության մշակման համար, Ինստիտուտի անձնակազմը անցել է կարողությունների զարգացման երկարատև ճանապարհ, Ինստիտուտն ունի հասարակական և պետական ոլորտի ներկայացուցիչներից կազմված Խորհուրդ, Ինստիտուտը ձևավորել է տեղական և միջազգային կառույցների հետ համագործակցային ակտիվ ցանց:

Ինստիտուտի գործունեությունը ունի հիմքեր` պատմություն, փորձ, անձնակազմ, աջակցելու կառավարությանը մշակելու պետական քաղաքականության և ռազմավարության մոնիթորինգի, գնահատման մասնակցային մեխանիզմներ:

Նոր կառավարության կազմում այժմ բարձր պաշտոններ են զբաղեցնում երիտասարդներ: Առհասարակ նոր կառավարության կազմի միջին տարիքը զգալիորեն երիտասարդ է նախորդ կառավարության համեմատ: 2018թ. Կառավարության ծրագրով ևս շեշտված է երիտասարդությանն ուղղված պետական քաղաքականության կարևորությունը: Այս ամենը բավականին լուրջ նախադրյալներ են ստեղծել ակնկալելու, որ երիտասարդները գտնվում են նոր կառավարության ուշադրության կենտրոնում:

Այժմ կառավարությունն ունի պետական կառույցների թիվը օպտիմալացնելու դիրքորոշում: Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը կողմ է պետական կառույցների օպտիմալացման քաղաքականությանը: Համաձայն Ինստիտուտի կողմից իրականացված գնահատման՝ երիտասարդական ոլորտը կարիք ունի միջգերատեսչական ակտիվ և համակողմանի համագործակցության, ինչին ուղղված նոր կառավարության քայլերը ողջունելի են, քանի որ դա ևս հանդիսանում է պետական ռեսուրսների օպտիմալացում: Սակայն Ինստիտուտի լուծարումը պետական կառույցների օպտիմալացման շրջանակներում կվտանգի Հայաստանում փաստարկված երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացը: Մինչ Ինստիտուտի լուծարումը կարիք կա նախ և առաջ խորությամբ ուսումնասիրելու և հասկանալու Ինստիտուտի գործունեությունը՝ Հայաստանում փաստարկված երիտասարդական քաղաքականության համատեքստում, ինչպես նաև մշակել Հայաստանում փաստերի և գիտելիքի վրա հիմնված պետական քաղաքականության զարգացման նոր այլընտրանքային մոտեցումներ, ինչում Ինստիտուտը իր նախկին փորձով կարող է և պատրաստ է կիսվել:

Կոչ ենք անում պետական ռեսուրսների օպտիմալացման շրջանակներում՝

առանց լուրջ հիմնավորման չվերացնել փաստարկված
երիտասարդական պետական քաղաքականության գործող մեխանիզմները:

երիտասարդների զարգացմանն ուղղված բոլոր ծախսերը համարել ներդրում, քանի որ երիտասարդությունը ռազմավարական նշանակություն ունեցող թիրախ խումբ է:

միաժամանակ երիտասարդներին մասնակից դարձնել իրենց մասին որոշումների կայացմանը, ինչը երիտասարդները վաստակել են:

Առաջարկում ենք`

Պետական ռեսուրսների օպտիմալացման նպատակով պետական կառույցների լուծարմանն ուղղված քայլերում հատուկ ուշադրություն դարձնել փաստարկված պետական քաղաքականության կայուն գործող մեխանիզմներին, և լուծարելու որոշումը կայացնել հանրային քննարկման սկզբունքով` երիտասարդների ակտիվ մասնակցությամբ՝ ընդ որում ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի: Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը պատրաստ է ներդնել իր ջանքերը, կազմակերպել հարթակներ հանրային քննարկումների համար:

Առաջարկում ենք իրականացնել հետազոտություն՝ ուղղված երիտասարդների այսօրվա կարիքների խորքային ուսումնասիրությանը, ինչին Ինստիտուտը կարող է և պատրաստ է աջակցել:

Առաջարկում ենք զարգացնել փաստարկված երիտասարդական քաղաքականության մեխանիզմները, ինչպես նաև ներդնել նոր և այլընտրանքային մոտեցումներ, ինչին ևս Ինստիտուտը կարող է ակտիվորեն ներգրավվել, հատկապես որ վերջին 5 տարիներին Ինստիտուտը հանդիսացել է միակ հետազոտական կենտրոնը՝ մասնագիտացված երիտասարդների հարցերի ուսումնասիրմամբ:

Պատրաստ ենք Ձեզ հետ հանդիպել, ներկայացնել հետազոտությունների արդյունքներ, ինչը կնպաստի փաստերի վրա հիմնված պետական երիտասարդական քաղաքականության մշակմանը:

Հարգանքով՝
Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի թիմ»:




Լրահոս