Հայաստանում Beeline-ը մասնակցեց «Բուհական պրակտիկաների կազմակերպումը բարձրագույն կրթական համակարգում» խորագրով ամփոփիչ համաժողովին։
Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի (ՀՈւԱԱ) նախաձեռնությամբ Գիտակրթական հարցերով հանձնաժողովը ներկայացրեց ուսումնական պրակտիկաների վերաբերյալ ուսումնասիրությունը, որի նպատակն է՝ բացահայտել ներկայումս պրակտիկաների իրականացման տարատեսակ ձևերը, բացահայտել խնդիրներն ու թերացումները։
Համաժողովի ընթացքում պրակտիկաների արդյունավետ կազմակերպման իրենց փորձով հանդես եկան տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղի ունեցավ առանձին պանելային քննարկում, որի ընթացքում ներկայացվեց Հայաստանում Beeline-ի փորձը։
«Հանդիսանալով երկրի խոշորագույն և գրավիչ գործատուներից մեկը, մեր ընկերությունը ստաժավորման ընթացքում հնարավորություն է ընձեռում ուսանողին անմիջապես աշխատանքի վայրում տեսնել և ծանոթանալ թե ինչպես է աշխատում մեծ կորպորացիան, ինչպես են ստեղծվում մեր ծառայությունները՝ գործնականում կիրառելով ԲՈՒՀ-ից արդեն ստացված տեսական գիտելիքները։ Հուսով ենք, որ մեր ընկերությունում ստացված գիտելիքներն երիտասարդները կկիրառեն իրենց ապագա մասնագիտական աճի ընթացքում», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։
Ներկայացվեց նաև «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը, որը մեկնարկել է 2008թ-ին: Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրերի։ Ծրագրին մասնակցելու համար դիմում են բարձր կուրսերի ուսանողները (3-րդ և բարձր կուրսեր), ովքեր աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ և վարժ տիրապետում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։Ստաժավորումը կազմակերպվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Մարքեթինգ, Իրավաբանական և այլ տնօրինություններ։ Ստաժավորումը հաջողությամբ անցած լավագույն ուսանողները ստանում են մշտական աշխատանքի հնարավորություն «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում: