Թեպետ անփույթ եմ, բայց հարվածների սպասում եմ. Նիկոլայ Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է մի շարք սերիալներից հայտնի դերասան Նիկոլայ Եղիազարյանը: Նա խոսել է իր բնավորության՝ քչերին հայտնի գծերի, նախասիրությունների մասին: Դերասանը նշել է, թե ինչպիսին պետք է լինի բեմի, էկրանի մարդը, որն է իր մասնագիտության ամենահամով կողմը, եւ երբ են իրեն այցելում մուսաները: Նիկոլայը խոստովանել է, որ անուղղելի լավատես է, եւ մտերիմներն իրեն անգամ նախատում են դրա համար: Դերասանը խոսել է նաեւ իր էմոցիոնալ լինելու եւ ամեն մանրուքին ոշադրություն դարձնելու բնավորության մասին:

-Նիկոլա՛յ, դեռ մանկուց միշտ ձգտել եք…

-Ուշադրության կենտրոնում լինել թե՛ տանը, թե՛ դպրոցում, թե՛ բակում: Դա ինձ շատ էր դուր գալիս: Բացի այդ, միշտ փորձել եմ շուրջս համերաշխություն եւ խաղաղություն տարածել:

-Մի հարց, որը վերջերս Ձեզ շատ է մտահոգում:

-Այդպիսի հարցերը մի քանիսն են, բայց չեմ ցանկանա դրանց մասին բարձրաձայնել:

-Չեք դիմանում ցրտի՞ն, թե՞ շոգին:

-Չեմ սիրում ցուրտը: Բայց շոգն էլ չեմ սիրում: Նախընտրում եմ աշունը. խոնավ եղանակն իմ տարերքն է:

-Կուզենաք, որ Ձեզ միշտ հիշեն…

-Իմ գործով: Դերասանի դեպքում այլ ցանկություն հազիվ թե լինի:

-Մանկությունից ի՞նչն եք ամենաշատը կարոտում:

-Հայրս գործի բերումով հաճախ էր լինում երկրից դուրս: Մանուկ ժամանակ հորս գալուստին առանձնակի կերպով էի սպասում: Շատ եմ կարոտում այդ օրերը, այն անակնկալներն ու նվերները, որ անում էր հայրս: Դրանք շատ գունեղ էին դարձնում իմ առօրյան:

-Մի բան, որ բեմի, էկրանի մարդը երբեք չպետք է անի:

-Նա չպետք է խաբի, կեղծի: Հանդիսատեսն անմիջապես զգում է այդ ֆալշը:

-Ի՞նչ եք անում, երբ Ձեր զրուցակիցն անհետաքրքիր է եւ կպչուն:

-Լուռ եւ դանդաղ հեռանում եմ:

-Մեծամասնության կարծիքը կարո՞ղ է Ձեզ վրա ազդեցություն ունենալ այն դեպքում, երբ Դուք փոքրամասնության մեջ եք:

-Եթե առողջ կարծիք է հնչում, իհարկե, կարող է:

-Նախընտրում եք աշխատել ամբողջ գիշե՞րը, թե՞ աշխատանքը կատարել առավոտ վաղ:

-Սիրում եմ գիշերները արթուն լինել, եւ միշտ:

Ո՞րն է Ձեր մասնագիտության «ամենահամով» կողմը:

-Շատ են, բայց ես կառանձնացնեի անծանոթների սերը: Դու փողոցով անցնում ես, մարդիկ մոտենում են, ջերմ խոսքեր են ասում կամ պարզապես ժպտում են: Այդ ամենն, իհարկե, շատ հաճելի է:

-Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է համատեղել նվիրական աշխատանքն ու փող վաստակելը:

-Իհարկե, հնարավոր է:

-Մուսաները Ձեզ ե՞րբ են այցելում:

-Գիշերները, հատկապես, երբ մենակ եմ լինում:

-Տանել չեք կարողանում անպարտաճանա՞չ, անփո՞ւյթ, թե՞ աննրբանկատ մարդկանց:

-Անպարտաճանաչներին: Անփույթներին տանել կարողանում եմ, երբեմն նույնիսկ հետաքրքիր է նրանց հետ, ինքս էլ այդպիսին եմ:

-Շարունակե՛ք միտքը. «Պետք չէ փախչել մի բանից, որը…»

-Նախատեսված է ի վերուստ եւ տրված է ճակատագրով, որն ուղղակի քոնն է:

-Վտանգ սպասո՞ղ, թե՞ անզգույշ տեսակ եք: Հարվածները, որոնք ստանում եք, սպասելի լինո՞ւմ են:

-Թեպետ անփույթ եմ, բայց հարվածների սպասում եմ:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչն է կնոջը դարձնում սեքսուալ:

-Շատ բաներ կան՝ ներսից եկող շարմը, կնոջ բնույթը, տեսակը, շարժուձեւը:

-Ամեն մանրուք սրտին մոտ ընդունող տեսա՞կ եք:

-Միանշանակ, եւ դա շատ է խանգարում ինձ: Մանրուքները կարող եմ դարձնել մեծ բան: Պատճառն այն է, որ չափից դուրս էմոցիոնալ եմ եւ ուշադրություն եմ դարձնում դետալներին:

-Լավատե՞ս եք, վատատե՞ս, թե՞ իրատես:

-Լավատես եմ, եւ մտերիմներս հաճախ նախատում են, ասում են, որ դա էլ մի բան չէ:

-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:

-Հենց այս վերջին հարցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս