Զեղչված գնով հացահատիկի սերմացու չի տրամադրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 24-ի դրությամբ մարզի համայնքներում աշնանացանի համար կատարվել է 1800 հեկտար վար, 820 հեկտար ցորեն է ցանվել:

Սեպտեմբերի 10-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը աշնանացան ցորեն ցանելու համար ամենանպաստավոր ժամանակն է, քանի որ այդ շրջանում ցանված ցորենը մինչեւ ձմեռնամուտ բավական աճում է, կարողանում դիմանալ ձմռան ցրտերին: Վ. Սուքոյանն ասաց, որ Տավուշում մինչեւ նոյեմբերի վերջ աշնանացան է արվում, նա համոզված է, որ աշնանացանի ցուցանիշը կաճի: Մարզպետարանի վարչության պետն ասաց, որ մարզի հողերը վարելուց հետո պետք է մի քանի օր անցնի, անձրեւ տեղա, որպեսզի մեծ հողաթմբերը քանդվեն, հնարավոր լինի ցանքս անել:

Տեղեկացնենք, որ անցյալ տարի Տավուշում ցանվել է 2560 հա աշնանացան, միջին բերքատվությունը կազմել է 25 ցենտներ: Բերքատվության ցուցանիշի վրա բացասաբար է անդրադարձել այն, որ սահմանամերձ Կոթի գյուղի հացահատիկի արտերը կարկտահարվեցին: Կոթիի կարկտահարված արտերի տերերին պետական բյուջեից փոխհատուցում կամ այլ օգնություն չի ցուցաբերվել: Վ. Սուքոյանը հայտնեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ 27 բնակավայրերի հողագործներին ցանած ցորենի ամեն հեկտարի համար պետբյուջեից 60 հազար դրամ օգնություն է տրվելու: Դա տրվելու է ցանելուց հետո, երբ համայնքների ղեկավարները տվյալներ ներկայացնեն իրենց համայնքներում ցանված ցորենի մասին:

Սահմանամերձ ՛27 համայնքների թվում կան գյուղեր, որոնք ցորենի մշակության համար հող չունեն, ինչպես, օրինակ` Այգեպարը: Ոսկեպար գյուղն էլ շատ հող ունի, սակայն ոսկեպարցիներն այս տարի աշնանացան չեն արել: 2 տարի է, ինչ կառավարությունը հողագործներին զեղչված գնով հացահատիկի սերմացու չի տրամադրում: Նկատենք, որ անգամ սահմանամերձ գյուղերի բնակիչներին չի տրամադրվում զեղջված գնով հացահատիկի սերմ: Իսկ մենք խոսում ենք մարզերի համաչափ զարգացումից, սահմանամերձ գյուղերի բնակիչներին արտոնություններ տալու անհրաժեշտությունից:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի հետ, ով ասաց. «ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ գյուղատնտեսության ներկայացուցիչների կողմից այս հարցը քննարկվել է։ Անգամ ներկա է գտնվել ՄԻՊ ներկայացուցիչը։ Քննարկել են եւ գտել, որ այս հարցը միանշանակ պետք է լուծվի»։ Ի դեպ, խնդրին տեղյակ է նաեւ փոխվարչապետի ԺՊ Տիգրան Ավինյանը։ Ասել է թե` բոլորը տեղյակ են, որ նման խնդիր կա, բայց սայլը տեղից չի շարժվում։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս