Հանրապետականները շարունակում են արհեստական խոչընդոտներ ստեղծել Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած նախագծերի ընդունման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Հանրապետական խմբակցությունը շարունակում է արհեստական խոչընդոտներ ստեղծել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության ներկայացրած նախագծերի ընդունման համար: Հերթը հիմա հասել է Համաներում հայտարարելու մասին նախագծին: Բանն այն է, որ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Լենա Նազարյանի առաջարկությամբ այդ նախագիծը պետք է ընդգրկվեր հոկտեմբերի 29-ին գումարվող ԱԺ արտահերթ նիստում, որի օրակարգում նաեւ Ընտրական օրենսգիրքն է: Սակայն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օրակարգից հանել է այն եւ զգուշացրել Նիկոլ Փաշինյանին:

Իհարկե որպես հիմնավորում ներկայացվել է իրավական կողմը, որ ԱԺ նախագահին պետք է դիմել նիստից հինգ օր առաջ, այնինչ երկուշաբթի դեռեւս չի լրանում նախատեսված հինգերորդ օրը։ Եվ Փաշինյանի կառավարությունը ստիպված հոկտեմբերի 31-ի համար է արտահերթ նիստ հրավիրել, որպեսզի քննարկվի Համաներում հայտարարելու մասին հարցը: Սակայն ուշագրավն այն է, որ այդ օրը պետք է տեղի ունենա նաեւ վարչապետի ընտրության հարցի քվեարկություն, եւ նախագծի քննարկումը եւս այդ օրն է նախատեսված: Իհարկե նիստի ընթացքն ու տեւողությունը կախված է այն հանգամանքից, թե վարչապետի թեկնածու կլինի, թե ոչ: Եթե եղավ թեկնածու, չի բացառվում, որ այն կրկին մի քանի ժամ տեւի: Դատելով վերջին շրջանում ՀՀԿ-ականների պահվածքից եւ նախագծեր տապալելուն միտված քաղաքականությունից, չի բացառվում, որ նման ճակատագրի արժանանա նաեւ այս նախագիծը: Փաստորեն, ՀՀԿ պատճառով բանտերում շարունակելու են մնալ նաեւ այն կալանավորները, որոնց ՀՀԿ-ն օգտագործում էր իր համար ձայներ ստանալու նպատակով:




Լրահոս