ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում
հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում աջակողմյան ղեկային
տեղաբաշխմամբ ավտոմեքենաների ներմուծման արգելքի հետ առնչվող
գերատեսչությունների պատասխանատուների, «Ղեկը աջ» նախաձեռնության
ներկայացուցիչների միջև։
Քննարկմանը ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների,
Տնտեսական զարգացման և ներդրումների, Արտակարգ իրավիճակների
նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի և Ճանապարհային
ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ։
Քննարկվեցին ստեղծված իրավիճակը կարգավորելու հնարավոր ելքեր։ Որպես խնդրի
լուծման տարբերակներ առաջարկվեցին՝
1. որպես ներքին սպառման ապրանքներ դրանք ներմուծելու և ապա վերամշակելու,
այսինքն՝ ղեկային տեղաբաշխումը փոխելու հնարավորությունը,
2. տրանզիտ (տարանցիկ) պետհամարանիշներով ներկրել և վաճառել երրորդ երկիր,
3. ներմուծել որպես պահեստամաս:
Առաջարկների շուրջ ծավալված մտքերի փոխանակությունից հետո «Ղեկը աջ»
նախաձեռնության ներկայացուցիչները նորից պնդեցին իրենց ցանկությունը՝
վերանայել օրենքը և օրենսդրական փոփոխությամբ թույլատրել մինչև 2020
թվականը աջ ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներմուծումը Հայաստան։
Քննարկմանը ներկա գերատեսչությունների պատասխանատուների կողմից՝ ի
հակակշիռ ասվածի, կրկին բերվեցին բազմաթիվ փաստարկներ։
Երկու ժամից ավելի տևած քննարկման ավարտին նախաձեռնության
ներկայացուցիչներին առաջարկվեց խնդրի լուծման հնարավոր տարբերակներն
ուսումնասիրելուց հետո ներկայացնել առաջարկություներ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն