«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ը «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում ընդգրկված չէ: Սակայն արդեն 19 տարի է՝ այդ օրը Հայաստանում շատ-շատերի համար սգո օր է: 19 տարի առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով գլխատվեց Հայաստանի իշխանությունը. ողբերգություն, որը շատ երկար ժամանակ դեռ կհիշվի մարդկանց կողմից, ողբերգություն, որն անդառնալի բացասական հետեւանքներ ունեցավ մեր պետության համար: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հաջորդած այս տարիներին մշտապես մեկ հարց է հնչել, հարց, որը մինչեւ հիմա չի ստացել իր պատասխանը. ովքե՞ր էին կանգնած ահաբեկչության թիկունքում, ո՞ւմ պատվերն էր կատարում Նաիրի Հունանյանի բանդան:
Էլ չենք խոսում այս գործով մի շարք այլ չբացահայտված հանգամանքների մասին, որոնց պատասխանները եւս ո՛չ քրեական գործի նախաքննության, ո՛չ դատաքննության ժամանակ այդպես էլ չտրվեց: Եթե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին հոկտեմբերի 27-ի ոճրագործության չբացահայտումը շատերի համար տրամաբանական էր, ապա թավշյա հեղափոխությունից հետո հասարակությունը բավական մեծ ակնկալիքներ ունի: Ճիշտ է, իշխանափոխությունից անցել է կարճ ժամանակ՝ ընդամենը վեց ամիս, եւ բնական է՝ այս ընթացքում հոկտեմբերի 27-ի գործը դժվար էր այդպես արագ բացահայտել: Բայց առաջիկայում իշխանությունները պարտավոր են այս ուղղությամբ եւս քայլեր ձեռնարկել՝ վերաբացելով հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով առանձնացված ու վաղուց կասեցված քրեական գործի նախաքննությունը»:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ• օրաթերթի այսօրվա համարում