«Փաստ» օրաթերթը գրում է. «Հեղափոխությունից հետո շատ վայրերում են ճանապարհ փակելը դարձրել պայքարի ուղի: Ով ումից կամ ինչից դժգոհ է, որոշում է ճանապարհ փակել: Այս թեմային ոչ մեկ անգամ անդրադարձել է նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում բանը հասել է այնտեղ, որ հարեւանը հարեւանի հետ կռիվ է անում, դուրս են գալիս մեկը մի ճանապարհն է փակում, մեկը էն մի ճանապարհն է փակում։ Ով ինչ խնդիր ունի, դուրս է գալիս, ճանապարհ է փակում։ Գիտե՞ք, դա այնքան էլ ընդունելի չէ»,–մասնավորաբար ասել էր Փաշինյանը Կապանում:
Այսուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, իրավապահ մարմիններին հրահանգված է մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ ճանապարհ փակողներին «մատով անգամ չկպնել»: Սակայն ընտրություններից, իսկ ավելի ստույգ՝ Ամանորյա տոներից հետո նման մեղմություն ու հանդուրժողականություն այլեւս չի ցուցաբերվի:
«Փաստի» աղբյուրները տեղեկացնում են, որ ի մասնավորի ոստիկանությանը հրահանգված է տոներից հետո անհրաժեշտության դեպքում նույնիսկ կոշտ մեթոդներով բացել բոլոր ճանապարհները եւ թույլ չտալ բողոքների ու դժգոհությունների արտահայտման նման որեւէ դրսեւորում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում