«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական համակարգի մի շարք աշխատողներ հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանք իրենց աշխատանքային վեց ամիսը լրանալուն պես դիմել են առողջապահության նախարարություն բժշկական ապահովագրությունից օգտվելու համար: Սակայն ի պատասխան՝ ԱՆ-ից հայտնել են, որ սոցփաթեթի համար նախատեսված բազան թարմացվում է երկու ամիսը մեկ, եւ հերթական թարմացնելուց հետո իրենց տվյալները կհայտնվեն այնտեղ: ԱՆ-ի այս անորոշ պատասխանը խիստ մտահոգել է պետական ծառայողներին:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱՆ, որտեղից նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի մամուլի պատասխանատու Լիաննա Եղիազարյանը փոխանցեց, որ այժմ կառավարությունում սոցփաթեթի թարմացման գործընթացին նոր լուծումներ տալու նախագիծ կա: Ապա ավելացրեց` նշելով. «Հարցը կարգավորվում է կառավարության 375 Ն որոշմամբ, նախարարության որոշելիքը չէ: Բայց եթե մարդն արդեն սոցփաթեթի շահառու է, ու դեռ փաթեթն ակտիվ չէ, եւ նա ունի անհետաձգելի բուժօգնության կարիք, նախարարությունը տալիս է կարգավորում: Մարդը բժշկի եզրակացության հիմքով դիմում է Ան, այստեղից գրություն է ուղարկվում պետական առողջապահական գործակալություն, այնտեղից արագ կարգավորում են, որ մարդը խնդիրներ չունենա»:
Ամբողջակկան հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում