Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում գրանցվեց առաջին «էլիտար գողությունը»: Ենթադրյալ հանցագործները թալանեցին ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի տունը: Ու հիմա, պարզվում է, գործով տարվող քննությունը կասեցվել է:
Ինչպես հայտնի է, հեղափոխությունից շուրջ մեկ ամիս անց հրաժարական տվեց ՀՀ քննչական կոմիտեի արդեն նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանը: Վերջինիս հրաժարականից երկու շաբաթ անց ենթադրյալ հանցագործները գողություն էին իրականացրել ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի ընտանիքին պատկանող ամառանոցից: Մասնավորապես, Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ էր ստացվել, որ հունիսի 27-ի կեսգիշերից մինչեւ հունիսի 28-ի առավոտյան 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ներս են մտել Բյուրական գյուղի տներից մեկը եւ այնտեղից, ըստ մամուլի հրապարակումների, տարել են սիգարներ ու մեկ հատ հուշանվեր-թուր: Ըստ նախնական վարկածի` գողը կամ գողերը տուն են մտել առաջին հարկի ճաղավանդակը կոտրելու եւ պատուհանը բացելու միջոցով: Այդ տունը պատկանում է Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին, սակայն սեփականության վկայականով այն գրանցված է նրա որդու` Նարեկ Հովսեփյանի անվամբ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով` գողություն: Նախնական հաշվարկներով` պատճառված վնասը գնահատվում է 200.000 ՀՀ դրամ:
Եվ ահա իրականացված քննությունից 4 ամիս անց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 18-ին նախաքննական մարմինը որոշում է կայացրել ՀՀ քրեական դատավարության 31 հոդվածի առաջին կետի մասով քրեական գործը կասեցնել. Քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:
Ասել է թե` իրավապահներին չի հաջողվել պարզել, թե ով կամ ովքեր են եղել այն անձինք, որոնք գողություն են կատարել Աղվան Հովսեփյանի ընտանիքին պատկանող առանձնատնից: Հիշեցնենք, որ 2008 թվականին Հովսեփյաննների ընտանիքը կրկին հայտնվել էր գողերի թիրախում: Փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը` ժամը 02:15-ի սահմաններում, անհայտ անձը գողություն կատարելու նպատակով մուտք էր գործել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բնակարան: Անծանոթ անձին նկատել էր Հովսեփյանի որդին` Նարեկ Հովսեփյանը, ում հաջողվել է կանխել հանցագործության կատարումը եւ նրա փախուստը` չնայած ցուցաբերված դիմադրությանը:
Պարզվեց, որ գողության փորձ կատարողը եղել էր երեք անգամ դատված Արտակ Կարապետյանը:
Քնար Մանուկյան