Վահան Բադասյանը` «Սասնա Ծռեր»-ի հետ տարաձայնությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր»-ը Արցախում կուսակցություն է հիմնում: Հատկանշական է, որ կուսակցության նախաձեռնող խմբի մեջ շատ ակտիվ է եղել Արցախի ռազմական-քաղաքական գործիչ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը, սակայն տարաձայնությունների պատճառով հեռացել է եւ մտադիր է առանձին կուսակցություն հիմնել:

«Ժողովուրդ» օրաթերթը Վահան Բադասյանից փորձեց պարզել, թե ինչ տարաձայնությունների մասին է խոսքը:

-Պարո՛ն Բադասյան, ի՞նչ տարաձայնություններ են եղել Ձեր ու «Սասնա ծռեր» կուսակցության անդամների միչեւ:

-«Սասնա ծռեր» կուսակցության անդամները իմ վաղեմի եւ մտերիմ ընկերներն են: Ես ուզում եմ զերծ մնալ որեւէ բան մեկնաբանելուց, բայց խնդիր եղել է ծրագրերի տարբեր լինելու եւ կազմակերպչական մի շարք հարցերի պատճառով:

-Տեղեկացանք, որ ուզում եք նոր կուսակցություն հիմնել: Ի՞նչ կուսակցության մասին է խոսքը:

-Այո, կա նման մտադրություն: Մենք ուզում ենք ավելի ռեալ, ավելի գետնի վրա եւ մեր ժողովրդի ցանկություններին համահունչ ծրագրերով հանդես գալ, որովհետեւ ընկերային եւ վերզգացական մոտեցումը ճիշտ չէ:

-Այսինքն` «Սասնա Ծռեր»-ի ծրագիրը ռեալ չէ՞:

-Նման բան ասել չեմ կարող, բայց կասեմ, որ մեր ծրագրում պետք է ներառվի մեր ժողովրդի անվտանգության, խաղաղության ամրապնդման, տնտեսական հզորացման մասին հարցեր, որը չկա գոյություն ունեցող որեւէ քաղաքական թիմում:

-Մասնակցելո՞ւ եք առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Եթե այո, գլխավորելո՞ւ եք ցուցակը:

-Մասնակցելու ենք: Մեր կուսակցության մեջ ներառված մարդիկ Արցախյան շարժման ազատամարտիկներն են, մտավորականներ եւ մտահոգ մարդիկ: Չեմ կարող ասել` գլխավորելու եմ ցուցակը, թե ոչ: Որոշումները դեռ ընթացքի մեջ են:

Լուսինե Մինասյան




Լրահոս