Մարալիկի քաղաքապետարանում վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան երեք ամիս ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում (խոշորացված Անի համայնք) բողոքի ակցիաներ էին. տեղացիները պահանջում էին ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը: Նրանք նաեւ «գրավել էին» քաղաքապետարանի շենքը եւ թույլ չէին տալիս ելումուտ անել: Ըստ որոշ տեղեկությունների` բողոքի ակցիաներ` քաղաքապետի հրաժարականի պահանջով, նախատեսվում է իրականացնել նաեւ Շիրակի մյուս` Արթիկ քաղաքում:
Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարալիկում բողոքի ակցիաները ժամանակավորապես դադարեցվել են, քանի որ քաղաքապետարանում ՀՀ վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ե՛ւ Անիի քաղաքապետ Արտակ Գեւորգյանի հետ:

-Պարո՛ն Գեւորգյան, Մարալիկում հիմա ի՞նչ իրավիճակ է: Ձեզ հանգի՞ստ են թողել…

-Հա, մենք աշխատում ենք համայնքապետարանում, զուգահեռ նաեւ ընթանում են Վերահսկողական ծառայության կողմից իրականացվող ստուգման աշխատանքները: Փորձում ենք ե՛ւ մեր աշխատանքները համատեղել, ե՛ւ կազմակերպել այն գործողությունները, որոնք իրենք են կատարում:

-Այս պահին քաղաքապետարանում միայն վերահսկողական ծառայությո՞ւնն է ստուգումներ իրականացնում: Ե՞րբ կավարտվեն դրանք:

-Այո, ամեն դեպքում, դեռեւս ընթացքի մեջ է: Ստուգումները նախատեսված ժամկետներ ունեն: Հնարավոր է` դրանք տեւեն մինչեւ ամսվա վերջ:

-Այս ընթացքում չարաշահումներ հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ:

-Էական բաներ չեն խոսվում: Դե, դեռ ուսումնասիրում են: Եթե լինում են հարցեր, ապա փորձում ենք քննարկել, պարզաբանել:

-Իսկ բողոքող կողմը շունչը պահած սպասում է ստուգումների ավարտին…

-Ինչ որ տեղ ոչ միայն դա, նաեւ փորձում են ստվերային մասնակցություն ունենալ այս ստուգումների մեջ: Իրենց ունեցած պատկերացումներով մասնակցություն են ապահովում: Ամեն դեպքում, իրենց խնդիրը մեկն է` հավակնել Անի համայնքի ղեկավարի աթոռին:

-Այսինքն` վերահսկողական ծառայության ստուգումների՞ մեջ են փորձում խառնվել

-Ահա:

-Դեպքեր, օրինակներ կա՞ն: Ո՞ւմ կողմից է կանխվել… Գալիս են, մտնում քաղաքապետարան ու ստուգումներին մասնակցո՞ւմ…

-Այո, մտնում են, նաեւ քաղաքացիներին են ուղղորդում: Բնականաբար, մենք կանխելու ոչ մի գործառույթ կամ ինչ-որ նման կարգի նպատակ չունենք:

-Պարո՛ն Գեւորգյան, մինչ այս ո՞ր պետական հիմնարկի կողմից է ստուգումներ իրականացվել քաղաքապետարանում:

-ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն է ստուգումներ իրականացրել, Շիրակի մարզպետարանի կողմից ուղարկված աշխատանքային խումբն է ուսումնասիրել: Որեւէ էական առարկություններ կամ ինչ-որ խնդիրներ չեն հայտնաբերվել:

Զրուցեց ՍյունԷ Համբարձումյանը




Լրահոս