Գյումրի քաղաքում ճանապարհներից ավելի վատ վիճակում են գետնանցումները: Հետիոտնի անվտանգ անցման համար նախատեսված 6 գետնանցումներից իր նպատակին լիարժեք ծառայում են 2-ը: Երկուսն էլ վարձակալության են տրված, սակայն չեն գործում. դրանք են Խրիմյան Հայրիկի եւ Շիրակացի փողոցներում գտնվող գետնանցումները:
Նշենք, որ Շառլ Ազնավուրի հրապարակում` «Շիրակ» հյուրանոցի կիսաքանդ շենքի հարեւանությամբ գտնվող գետնանցումը, Վ. Սարգսյան փողոցում՝ մարզպետարանի հարեւանությամբ գտնվող գետնանցումը, Շիրակացու եւ Ալեք Մանուկյան փողոցի հատման կետում առկա գետնանցումները 88-ի աղետից հետո չեն ծառայել իրենց նպատակին: Դրանք հիմնականում լցված են աղբով եւ արդեն ծառայում են որպես արտաքնոց:
Գետնանցումներում կա երեսպատման, հարդարման, ջրամեկուսացման եւ լուսավորության անհրաժեշտություն: Երկու ստորգետնյա անցումում վարձակալական հիմունքներով գործում են առեւտրի եւ սպասարկման կետեր: Գյումրու զարգացման հնգամյա ծրագրում նախատեսվում էր մյուս անցումների նորոգումն ու վարձակալության հանձնումը, սակայն ծրագրի այդ կետը իրականություն այդպես էլ չդարձավ: Նախատեսվում էր վարձակալությունից գանձվող գումարներն ուղղել անցումների հիմնանորոգմանը եւ լուսավորության ցանցի վերանորոգմանը:
Գյումրու գետնանցումների նորոգումը ներառված էր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրում: Ինչպես փողոցաշինության դեպքում, գետնացումների հետ կապված եւս մի շարք նախագծային խախտումներ են ի հայտ եկել: Դրանք հիմնականում կապված են գետնանցումների ամրության ու դիմակայության հետ: «Գետնանցումներում ամբողջական ուսումնասիրության կարիք կա: 88թ. աղետից հետո գետնանցումները չեն ուսումնասիրվել: Մեր ձեռքին որեւէ փաստաթուղթ չկա: Առանց այդ ամեն ինչը հաշվի առնելու նախագիծ է կազմվել: Ներկայացվում է, որ խնայողություններ են արվում, բայց գետնանցումների պարագայում չի կարելի խնայողություն անել, քանի որ դա ուղիղ ազդում է աշխատանքների որակի վրա»,-ասում է Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը:
Գյումրու գլխավոր ճարտարապետի փոխանցմամբ էլ՝ նախագիծը փորձաքննության ենթարկվել է, կազմված կարծիքն էլ եղել է դրական: Ընդամենը ակնադիտական ուսումնասիրություններն են վկայել, որ գետնացնումներն ամուր են ու հիմնանորոգման անհրաժեշտություն չկա: Սակայն սեյսմիկ ռիսկը չի գնահատվել: «Սեյսմիկ ծառայությունը դա առանձին ինստիտուտ է: Աղետից հետո պարտադիր էր, որ բոլոր կառույցներում իրականացվեին: Սակայն չի արվել, նախագծման ընթացքում էլ հաշվի չի առնվել»,- ավելացրեց փոխմարզպետ Արա Մելիքջանյանը:
Ըստ նախագծի՝ նախատեսված էր ջրահեռացման համակարգի մաքրում, սակայն շինարարը խնդրի առաջ է կագնած: Աշխատանքների իրականացումը գրեթե անհնար է: Անհրաժեշտություն կա համակարգը փոխել ամբողջությամբ, ինչը նախագծով նախատեսված չէր: Արտաքին սալիկների հետ կապված խնդիր էլ կա: Պարզվում է` սալիկների քանակը ճիշտ չի հաշվարկվել, կամ էլ սալիկների որոշ մասն անհետացել են:
Գյումրու քաղաքապետարանն արդեն դիմել է նախագծային փոփոխությունների համար: Նախագծողը մեղադրում է շինարարին, շինարարը պատվիրատուին եւ այդպես շարունակ, արդյունքում աշխատանքն է ձգձգվում: Հիմա նախագծային փոփոխություններին զուգահեռ աշխատանքային նոր խումբ է ստեղծվելու, նոր աշխատուժի անհրաժեշտություն եւս կա, քանի որ նախագծով նախատեսված աշխատանքները նշված ժամկետում ավարտելը անհնար է:
Հեղինե Մանուկյան