Ո՞րն է խախտում. երբ պետք է քննարկվեր Համաներում հայտարարելու մասին նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարության եւ Ազգային ժողովի ջրերը շարունակում են նույն առվով չհոսել: Բավական չէ` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չհամաձայնեց Համաներման մասին նախագիծը ներառել հոկտեմբերի 29-ին մեկնարկող արտահերթ նիստի օրակարգ, եւ կառավարությունը ստիպված իր նախաձեռնությամբ մեկ այլ օր արտահերթ նիստ հրավիրեց, հիմա էլ այդ նույն նախագծի շուրջ այլ իրավիճակ է ստեղծվել: ԱԺ կայքում արդեն մի քանի օր է` հրապարակված է Համաներման մասին նախագիծը, այնինչ դա համարվում է գաղտնի փաստաթուղթ:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում նշել էր. «Համաներման մասին նախագիծն առայժմ պետք է չհրապարակվեր, քանի որ ԱԺ-ում այն քննարկվում է փակ ռեժիմով: ԱԺ կանոնակարգ օրենքի հետ հակասություն է եղել, երբ հրապարակվել է Համաներման մասին նախագիծը, որովհետեւ այն քննարկվում է փակ ռեժիմով»։

Միեւնույն ժամանակ եթե առաջնորդվենք ԱԺ կանոնակարգ-օրենքով, ապա Համաներման մասին նախագիծը չպետք է քննարկվի արտահերթ նիստում: Մասնավորապես, ԱԺ կանոնակարգ-օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ կետում ասվում է. «Համաներման մասին օրենքի նախագիծը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի փակ նիստում», իսկ 3-րդ կետն էլ սահմանում է. «Իրավասու մշտական հանձնաժողովի եզրակացության ներկայացման ժամկետի լրանալուց հետո Համաներման մասին օրենքի նախագիծը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում»:




Լրահոս