Մութ ամպեր են կուտակվել մանկապատանեկան ամսագրերի գլխին: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի տեսադաշտում են հայտնվել թվով 7 մանկապատանեկան ամսագիր: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ նախարարի ԺՊ-ն հանդիպել է ամսագրերի խմբագրերի հետ:
Իսկ մինչ այդ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում դպրոցների եւ մանկապարտեզների սաների ծնողներից հետաքրքրվել է՝ ծանոթ են արդյոք «Լուսապսակ», «Խատուտիկ», «Փերի», «Աղբյուր», «Ծիծեռնակ», «Խաբարբզիկ», «Կանչ» մանկապատանեկան ամսագրերին կամ թերթերին։ Նրա խոսքերով` այս պարբերականներին պետբյուջեից վճարվում է 44 մլն դրամ. «Ըստ էության` ամբողջությամբ սուբսիդավորում է դրանք, բայց արդյունավետության հարցում կան վերապահումներ»- գրել է նա: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց «Փերի» ամսագրի խմբագիր Էլմիրա Բալասանյանի հետ. «Սյունիքի մարզի միակ մանկական թերթն է, ունի լրիվ սպառում: Վճարում են 100 դրամ, բայց թերթի ինքնարժեքը շատ ավելին է»:
Հարցին` կփակվի արդյոք ամսագիրը, նա արձագանքեց. «Եթե նույնիսկ չտան սուբսիդավորում, սյունեցին ընթերցասեր է, գիր ու գրականություն սիրող, նա չի թողնի երբեք, որ իր թերթը փակվի: Անձամբ ես` որպես խմբագիր-տնօրեն, կգտնեմ այլ հնարավորություններ եւ թերթը կպահեմ»: