Ինչ են պատմել Սեյրան Օհանյանի քենու հարազատները. հետաքրքիր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին նախօրեին տեղի ունեցած ինքնասպանության դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ինքնասպան եղած բժշկուհին վերջին երեք ամիսների ընթացքում եղել է դեպրեսիվ վիճակում:

Երեկ` առավոտյան` 9:40-ին, հայտնի դարձավ, որ Դավիթաշենի կամրջից ինքնասպանություն է գործել Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 45-ամյա Լուիզա Խաչատրյանը: Նա մասնագիտությամբ բժշկուհի էր եւ աշխատում էր Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը:

Գրել էինք, որ ուշագրավն այն է՝ ինքնասպանություն գործածը Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյայի կին է: Խոսքը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության եւ Հայաստանի ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի մասին է: Բացի պաշտոնյայի կին լինելուց Լուիզա Խաչատրյանը նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի քույրն է:

Ինչեւէ, զարմանալի այս միջադեպից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն` երբ իրավապահները նրա հարազատներին կանչել են, որպեսզի վերջիննես ճանաչեն դիակը, հարազատները իրավապահներին որոշ բաներ են պատմել Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 45-ամյա Լուիզա Խաչատրյանի մասին:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` հարազատներն իրավապահներին պատմել են, որ նա շատ համեստ, հավասարակշռված անձնավորություն է եղել, եւ չկա որեւէ մեկը, որ կարող է ասել, թե նա ինչ-որ խնդիր է ունեցել: Հարազատները ներկայացրել են, որ Լուիզա Խաչատրյանը վերջին երեք ամիսների ընթացքում բավականին դեպրեսիվ վիճակում է եղել, եւ որեւէ մեկը հարազատներից չի կարողացել հասկանալ, թե ինչով է պայմանավորված նրա հոգեվիճակը: Երբ հարազատները հետաքրքրվել են նրանից, թե ինչու է նա նյարդայնանում, ինչ խնդիր ունի, նա պատասխանել է, որ որեւէ խնդիր չկա: Տեղեկություններ կան հարազատների շրջանում, որ բժշկուհին իր դեպրեսիվ վիճակից դուրս գալու համար մոտ երեք ամիս «հաբեր» է ընդունել: Գործընկերները եւս նկատել են, որ նա պարբերաբար «հաբեր» է ընդունում, եւ չեն հասկացել, թե ինչու է այդ քայլին գնում: Ինչեւէ, դեպքի օրը նա անգամ քաղաքացու է ընդունել իր մոտ, եւ որեւէ մեկը որեւէ արտառոց բան չի նկատել նրա վարքագծում:

Այս ամենը լսելուց հետո իրավապահները գնացել են Լուիզա Խաչատրյանի բնակարան եւ արձանագրել, որ ընտանիքը ապահովված է եղել ամեն ինչով, տանը տիրել է հանգիստ մթնոլորտ եւ անհասկանալի է, թե ինչ խնդիրների հետեւանքով է բժշկուհին գնացել այդ ծայրահեղ քայլին, ինչն է մտահոգել նրան, որ նա հայտնվել է հոգեպես անհավասարակշռված վիճակում:

Ի դեպ, իրավապահների նախնական տվյալներով` Լուիզա Խաչատրյանի մարմնին առկա վնասվածքները նա ստացել է կամրջից ցած նետվելու հետեւանքով:

Քնար Մանուկյան




Լրահոս