Հոկտեմբերի 22-ից ՀՀ պետական վերահսկողության ծառայության 6 աշխատողներ ուսումնասիրություններ են կատարում Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտի համայնքապետարանում: Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այդ ուսումնասիրությունների վերաբերյալ փաստաթղթում նշված է, որ դրանք շարունակվելու են մինչեւ դեկտեմբերի 7-ը: Այդ աշխատողները ստուգում են Ազատամուտի համայնքապետարանի կողմից պետական բյուջեի գումարների ծախսման օրինականությունը:
Սահմանամերձ Ազատամուտ համայնքի ղեկավարը հայտնեց, որ այդ ուսումնասիրությունների հետ կապված իրենց համայնքում իր հրաժարականի պահանջով հանրահավաքները, գյուղի միջնակարգ դպրոցում դասադուլները ներկայումս դադարել են: Նրա խոսքով` համայնքի ղեկավարի իր լիազորությունները դատախազության կողմից դադարեցված չեն, ինքը համայնքապետարան է ներկայանում, նաեւ պատասխանում համայնքապետարանում ուսումնասիրություններ կատարողների իրեն ուղղված հարցերին:
Տեղեկացնենք, որ ներկայումս Ժ. Մարտիրոսյանի դեմ 2 քրեական գործ է քննվում` 2000 թվականի Ազատամուտի մի բնակչուհու բնակարանը խլելու` ինքնիրավչության, եւ գործուղումների համար նախատեսված գումարները յուրացնելու մեղադրանքներով: Ժ. Մարտիրոսյանը չի ընդունում այդ մեղադրանքները. նա ասաց, որ հոկտեմբերի 23-ին ինքը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն է ներկայացրել իր գործուղումների վերաբերյալ ֆինանսական փաստաթղթերը:
2008թ. Ազատամուտ համայնքը ղեկավարող Ժ. Մարտիրոսյանը սկզբում եղել է ԲՀԿ անդամ, հետո դարձել է ՀՀԿ անդամ: Նրա խոսքով` ինքը 2018թ. ապրիլի 26-ին դուրս է եկել ՀՀԿ-ից, միացել Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը: Նա կարծում է, որ համայնքապետարանում կատարվող ուսումնասիրությունների իրական նպատակն այն է, որ պարտադրված լինի համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալ:
Ոսկան Սարգսյան
Տավուշ