Արդեն իսկ որեւէ կասկած չի հարուցում, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եվ մինչ այդ քաղաքական ուժերը փորձում են վերադասավորումներ կատարել, նոր մարդկանց ներգրավել կամ պարզապես մաքրել իրենց շարքերը եւ նորովի ներկայանալ սպասվող ընտրություններին: Իսկ ակնկալիքն էլ մեկն է` գոնե որեւէ չափով ներկայացվածություն ունենալ խորհրդարանում:
Իսկ ինչպիսին է իրավիճակը խորհրդարանական ուժերի պարագայում: Հանրապետական կուսակցությունում որոշել են, որ ցուցակներում պետք է լինեն միայն քաղաքական դեմքեր, ոչ թե գործարարներ, ինչպես եղել է նախկինում: Ընդ որում, եթե Ընտրական օրենսգիրքը ընդունվի, ապա հենց այդ քաղաքական դեմքերն էլ կլինեն համամասնական ցուցակում, իսկ եթե ԱԺ-ում տապալեն ԸՕ նախագծի ընդունումը եւ նոր ընտրություններն անցկացվեն գործող Ընտրական օրենսգրքով, այսինքն` վարկանիշային համակարգը պահպանելով, ապա քաղաքական դեմքերը, ովքեր մշտապես իրենց վրա են վերցնում քննադատությունների սլաքը եւ պատասխանատու են քաղաքական հայտարարությունների, մեկնաբանությունների համար, կրկին կլինեն համամասնական ցուցակում, եւ վարկանիշային ընտրակարգով կառաջադրվեն ուրիշ անձինք: Ընդ որում, վերջիններս պետք է առանց ընտրակաշառքի եւ առանց վարչական ռեսուրսի իրականացնեն իրեն քարոզարշավն ու ապացուցեն, որ անկախ թավշյա հեղափոխությունից` կուսակցությունը դեռ ապրում է: Եվ այս օրերին ՀՀԿ-ականները հենց զբաղված են ակտիվ քննարկումներով հասկանալու համար, թե որպես վարկանիշային թեկնածու ում կարող են առաջադրել, ում` ոչ:
ԲՀԿ-ականները եւս ակտիվ քննարկումների մեջ են: Ինչպես օրեր առաջ հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, կուսակցության ցուցակը մեծ փոփոխությունների է ենթարկվելու, եւ այն մարդիկ, ում մենք մշտապես սովոր ենք տեսնել ընտրացուցակներում կամ խորհրդարանում, այլեւս չեն լինի: Ըսդ այդմ, ԲՀԿ-ում կլինեն նոր դեմքեր, երիտասարդներ, եւ այդ նպատակով էլ վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանը պարբերաբար ակտիվ հանդիպումների մեջ է եւ փորձում է նոր մարդկանց ներգրավել: ԲՀԿ ցուցակում չի լինելու Նաիրա Զոհրաբյանը, ով առաջիկայում եվրոպական երկրներից մեկում դեսպան է նշանակվելու: Սակայն վստահաբար կարող ենք ասել, որ այդ հանգամանքը վատ է անդրադառնալու կուսակցության համար, քանի որ վստահաբար նա այն քիչ քաղաքական գործիչներից է, ով քաղաքական կերպար է եւ մշտապես քաղաքական դիրքորոշումներ է հայտնում: Վստահաբար նրա բացակայությունը խմբակցության վրա երեւալու է:
ՀՅԴ-ն այս ընթացքում ավելի շատ ոչ թե զբաղված է ընտրական ցուցակ կազմելով, այլ դեռ քննարկում են` առհասարակ մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններն, թե ոչ: Սակայն ակնհայտ է, որ մասնակցելու պարագայում իրենք կադրային առումով խնդիրների չեն հանդիպի եւ կլինեն այն նույն մարդիկ, ովքեր միշտ են եղել: Մեկ բան ակնհայտ է` նրանք առանձին են ցանկանում մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ ամեն դեպքում ունեն թեեւ քիչ, սակայն հավատարիմ ընտրողներ:
«Լույս» դաշինքում եւս կադրային հարցեր չեն քննարկվում, քանի որ, ամեն դեպքում, այս դաշինքում առկա են նոր, երիտասարդ եւ պատրաստված կադրեր: Նրանք վարկաբեկված կադրեր չունեն եւ կարիք չունեն նոր մարդկանց ներգրավելով` մաքրել ուժի անունը: Եվ ահա ընտրական ցուցակի առումով ամենաակտիվ գործընթացներում գտնվում է «Քաղաքացիական պայմանագիրը», որն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կրկին մասնակցելու է «Իմ քայլը» դաշինքով, որն այս անգամ ավելի խայտաբղետ է լինելու, քան ավագանու ընտրությունների ժամանակ: Սակայն այս անգամ ՔՊ-ն առաջնորդվելու է ոչ թե «ով մեզ հետ քայլել է», կամ «ով ՔՊ է» սկզբունքով, այլ պրոֆեսիոնալիզմով կամ քաղաքական հասունությամբ: Եվ վերջապես հնարավորություն կլինի ազատվել քայլերթին մասնակցած միջակությունից ու իսկապես լավ կադրեր կհայտնվեն խորհրդարանում:
Եվ այժմ կուսակցության պատասխանատուները պարբերաբար հանդիպումներ են ունենում տարբեր անձանց հետ, առաջարկներ անում, քննարկում, ապա արդյունքը ներկայացնում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Եվ այս ընթացքում ամեն մեկը փորձում է իր ծանոթին առաջ մղել եւ փորձել պատգամավոր դարձնել, եւ ակնհայտ է, որ այս պարագայում եւս գործելու է ծանոթ-բարեկամ-խնամի ֆակտորը, որը, սակայն, այս կուսակցության ներկայացուցիչները նախկինում բացառում էին:
Եվ խորհրդարանից դուրս գտնվող ուժերի մոտ եւս զարգացումներ են առկա, դրան զուգահեռ էլ նոր կուսակցություններ են ստեղծվում, ովքեր արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացնում: Այս առումով թերեւս ամենաակտիվը «Սասնա Ծռեր» կուսակցությունն է, եւ այս դեպքում նրանց անդամների ով լինելը եւս հայտնի է, սակայն կրկին փորձում են նոր մարդկանց ներգրավել: Դրան զուգահեռ վերջերս քաղաքական դաշտում ստեղծվում են նոր կուսակցություններ, ընդ որում` այնպիսի մարդկանց կողմից, ովքեր նախկինում այս կամ այն կուսակցության անդամ են եղել: Օրինակ` ՕԵԿ-ից հեռացած Էդգար Առաքելյանը վերջերս իր ընկերների հետ միասին ստեղծել է «Այլընտրանք» կուսակցությունը: Օրեր առաջ էլ տեղի ունեցավ «Հայկական երազանք» կուսակցության հիմնադիր համագումարը, որը նախատեսում է մասնակցել առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության կորիզը նախկինում լուծարված «Հայազն» կուսակցության անդամներն են: Նոր կուսակցություն էր նախաձեռնում ստեղծել նաեւ ՕԵԿ-ից հեռացած Հովհաննես Մարգարյանը:
Այս բոլոր ուժերն էլ փորձելու են ձայներ հավաքել եւ ընդգրկվել խորհրդարանի կազմում. իհարկե նոր Ընտրական օրենսգրքի պարագայում դա ավելի հեշտ կլինի:
Նաիրա Հովհաննիսյան