Համարեք, որ, այո, իմ սիրտը զբաղված է. Ռոզի Ավետիսովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը էկրանային նորությունների, բեմի հետ կապված իր նվիրական ցանկության, արվեստի մարդու եւ քաղաքականության հարաբերությունների, անձնական կյանքի մասին զրուցել է դերասանուհի Ռոզի Ավետիսովայի հետ:

-Ռոզի, Ձեր մասնակցությամբ վերջին ֆիլմը, որ հեռուստադիտողները տեսան, Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված 30 մասանոց «Բալենի»-ն էր, էկրանային կյանքում այլ նորություններ ունե՞ք:

-Այո, հունվարին «Արմենիա պրեմիում»-ի եթերում կլինի «Սեւ հանքեր» անունով ֆիլմը, որի շրջանակում մարմնավորել եմ լրագրողի: Ֆիլմի հիմքում ընկած են նաեւ իրական փաստեր:

-Ձեր կերտած կերպարներից ո՞րն եք համարում առավել մնայուն, արժեքավոր:

-Ինձ համար առաջին տեղում «Սահմանին» հեռուստաֆիլմում մարմնավորած Լիլիթի կերպարն է: Սա այն դեպքն է, երբ նախագծի հաջողությունը հաջողություն բերեց նաեւ կերպարին, սակայն եթե նույնիսկ այդ հանգամանքը չլիներ, ես էլի կառանձնացնեի Լիլիթին, քանի որ այս կինը իր բնավորությամբ առանձնահատուկ է: Ինձ համար մեծ կարեւորություն ունի նաեւ Աննայի կերպարը «Եվա» գեղարվեստական ֆիլմում: Այս ֆիլմը դեռ լայն լսարան չունի, քանի որ դեռեւս պտտվում է փառատոններում:

-Կա՞ դերասանական ոլորտի հետ կապված նվիրական մի ցանկություն, որը դեռ չեք իրականացրել:

-Այնքա~ն բան կա, որ դեռ չեմ արել, չգիտեմ՝ որն ասեմ: Երեւի թե գլխավոր բաներից մեկը թատրոնում աշխատելն է, բեմում ավելի շատ լինելը: Ու թեեւ հիմա ինչ-որ չափով լրացնում եմ այդ բացը, սակայն այն, ինչ անում եմ, դեռեւս չի բավարարում ինձ: Ավելի շատ ներկայացումներում եմ ուզում խաղալ:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ հարաբերություններ պետք է ունենան արտիստն ու քաղաքականությունը: Արտիստը պե՞տք է թաթախվի քաղաքականության մեջ:

-Ոչ, որեւէ կերպ չպետք է թաթախվի: Ամեն մարդ` անկախ մասնագիտությունից, այսպես թե այնպես, իր վրա կրում է քաղաքական կյանքում իրականացվող փոփոխությունների հետեւանքները, բայց դա այլ բան է, քաղաքական դաշտ մտնելը, հոսանքների ետեւից գնալն ու դրոշակներ ծածանելն էլ՝ այլ: Ինքս երբեւէ հակված չեմ եղել դրան եւ չեմ էլ լինի: Անկախ պայմաններից եւ իրավիճակից՝ փորձում եմ իմ գործն անել հնարավորինս լավ եւ մասնագիտական աճ ապահովել, ձգտում եմ այնպես ապրել, որ իշխանափոխությունը որեւէ կերպ չանդրադառնա դերասանուհու իմ գործունեության վրա:

-Ի՞նչ եք կարծում, այսօր Հայաստանը ի՞նչ փուլ է թեւակոխել: Հեղափոխությունը տալի՞ս է սպասված պտուղները:

-Այսօր դեռեւս սպասողական փուլում ենք: Հեղափոխությունը գլոբալ երեւույթ է, որը ենթադրում է գլոբալ փոփոխություններ: Այն մարդիկ, որոնք մասնակցել են պայքարին, չեն կարող փոքրիկ տեղաշարժերով բավարարվել, տեսանելի փոփոխություններ են պետք: Բոլորս էլ ուզում ենք, որ ամեն ինչ գոնե մի քիչ լավ լինի, չասեմ՝ շատ լավ: Միեւնույն ժամանակ մեզ պակասում է այն գիտակցությունը, որ ամեն ինչի լավ լինելը կախված է ոչ միայն կառավարությունից, այլեւ ամեն քաղաքացուց: Փոփոխությունը նախ եւ առաջ պետք է մարդկանց մտքերում տեղի ունենա:

-Մի փոքր էլ Ձեր անձնական կյանքի մասին խոսենք: Ձեր նշանը հետ տալուց հետո լուրեր տարածվեցին, որ գտել եք Ձեր երկրորդ կեսին: Այդպե՞ս է:

-Ես չգիտեմ, թե այդ ինչ լուրեր են, բայց ես անձնականիս վերաբերյալ վերջին հայտարարությունը արել եմ նշանս հետ տալու կապակցությամբ: Դրանից հետո ոչ մի բան չեմ խոսել: Եթե կարգավիճակումս փոփոխություն լինի, անպայման կհայտնեմ այդ մասին:

-Լավ, գոնե ասեք՝ Ձեր սիրտը զբաղվա՞ծ է, թե՞ ոչ:

-Համարեք, որ, այո, իմ սիրտը զբաղված է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս