Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստեղծված օպերատիվ կապը գործում է. Դավիթ Տոնոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստեղծված օպերատիվ կապը գործում է։ Կապն այս պահին գործում է նաև նախիջևանյան ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշել է լրագրողների հետ զրույցում՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխամասային գրասենյակի բացման ժամանակ։

«Այս պահին հաստատված է օպերատիվ կապ: Այն նախկինում ևս եղել է, սակայն հիմա վերականգնված է։ Աշխատանքները տարվում են»,- ասել է Տոնոյանը:

Սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: «Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց և դրա արդյունքում մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք: Պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն կտանք, որ վերջիններս քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու և սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ: Կարծում եմ, որ սա կարևոր պայմանավորվածություն է»,- «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում Ալիևի հետ պայմանավորվածությունը պարզաբանել էր Փաշինյանը: Նա նաև ընդգծել էր, որ խոսակցության ընթացքում արձանագրվել է նաև բանակցային գործընթացի նկատմամբ ավատարմությունը: «Մենք պայմանավորվել ենք օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել»,-ընդգծել է Փաշինյանը։




Լրահոս