Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը գրառում է կատարել պաշտոնից ազատման մասին:
Աշխատանքային գործունեությանս այս փուլն ավարտված է և ենթակա է ամփոփման: Oրենքով դադարեցվում է Երևանի քաղաքապետի տեղակալի իմ լիազորությունները, ուստի համատեղ աշխատանքի ու ջանքերի համար շնորհակալ եմ գործընկերներիս, Երևանի քաղաքապետարանի ողջ աշխատակազմին, վարչական շրջանների աշխատակազմերին, իմ համակարգած վարչությունների ու բաժինների բոլոր աշխատակիցներին:
Փորձեցի գործել կարողությանս չափ արդյունավետ, հնարավորինս անաչառ ու նվիրված:
Փորձեցի քաղաքապետարանում ներկայացնել մշակույթի գործիչների շահն ու կարևորությունը, մասամբ հանդիսանալ նրանց ներկայացուցիչը Երևանի քաղաքապետարանում:
Փորձեցի իմ նպաստը բերել հանրակրթության, երեխաների պաշտպանության, սպորտի ոլորտներին՝ ամրագրելով ներկայանալի արդյունքներ:
Փորձեցի այս տարիներին մնալ ինձ նման ու ոգով նույնը:
Փորձեցի մնալ ազատախոհ ու ազատախոս՝ երբեմն խախտելով սահմաններ:
Փորձեցի հնարավորություններիս սահմանում անել հնարավորը և օգտակար գտնվել երևանցուն:
Գուցե փորձերիս մեջ ոչ բոլորի սպասելիքներն ու ակնկալիքներն եմ արդարացրել, բայց անկեղծորեն գործել եմ հանուն և ոչ ընդդեմ:
Շնորհակալ եմ բոլոր մտերիմներիս, որոնց խնդրանքների նկատմամբ գուցե ծայրահեղ սկզբունքային գտնվեցի, բայց հասկացվեցի:
Շնորհակալ եմ բոլոր խելառ ընկերներիս, ովքեր զբաղվածությանս ըմբռնումով մոտեցան /ես վերադառնում եմ/:
Երևանի նորանշանակ փոխքաղաքապետերին հայտնում եմ իմ օգտակարության պատրաստակամությունը, ջերմորեն շնորհավորում ու բարի, արդյունավետ ընթացք մաղթում:
Շնորհակալություն»: