ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմանալով Սերժին` ավելի շուտ նա իրեն կկախեր աթոռից, քան կդիմեր այդ քայլին. Շիրխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, Կառավարությունը 56,8 մլն դրամով նվազեցրեց Պաշտպանության նախարարությանը 2018 թվականի պետական բյուջեով կատարված հատկացումներից: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի ռիսկային լինելու, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականության մասին խոսել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, նախկին քաղբանտարկյալ Վահան Շիրխանյանի հետ:

-Պարո՛ն Շիրխանյան, հաշվի առնելով Հայաստանի` ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ իրավիճակը` արդյոք նման կրճատումները ռիսկային չե՞ն:

-Եթե հիմքում վերցնենք այն, որ ՊՆ բյուջեն 245 միլիարդ դրամ է, դրանից 50 միլիոն հանելը ինչ-որ մեծ վնասներ բերել չի կարող. դա շատ փոքր թիվ է: Բայց երեւույթն է հետաքրքիր, որ գումարը հանվում է ՊՆ-ի բյուջեից: Ըստ երեւույթին, դա կարող է լինել երկրորդ փուլում պաշտպանական մի խնդրի վրա այդ գումարը ծախսելու համար. այդպես հնարավոր է: Մեր ժամանակ եթե տարեվերջին չիրացված գումար էր մնում, այդ գումարը վերադարձնում էինք պետական բյուջե: Ոչ թե տարվա ընթացքում, այլ հենց տարեվերջին: Եթե մենք խոսում ենք բանակի բյուջեի մասին, կուզենայի շեշտը դնել մեկ այլ հարցի վրա: Ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ պայմաններում հայ գեներալը, գնդապետը ստանում է 150 հազար դրամ թոշակ, իսկ դատախազը ստանում է 600 հազար դրամ: Դա արդյոք վտանգավոր չէ՞: Ի՞նչ է նշանակում, որ հրամանատարը, ով գունդ է պահել, ամբողջ կյանքը նվիրել է երկրին, դատախազից երեք անգամ պակաս թոշակ է ստանում: Մի՞թե թոշակը վաստակի գնահատման գործիք չէ: Էդ ո՞ր վաստակի համար են դատախազին երեք անգամ ավել վճարում: Ես գեներալ չեմ, ինձ համար չեմ ասում: Իհարկե, բանակի հետ խնդիրներ շատ կան, եւ սպայի հետ կապված խնդիրներ շատ կան: Եթե չլինի սպան, չի լինի բանակը: Չի լինի բանակը` չի լինի պետությունը, չի լինի պետությունը` մարդը չի ունենա ո՛չ ազատություն, ո՛չ անկախություն. ոչինչ չի ունենա: Բանակի եւ սպայի նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի առանձնահատուկ:

-Մեր հարեւան Ադրբեջանը ավելացնում է ՊՆ-ին տրամադրվող միջոցները, իսկ մենք անում ենք հակառակը: Արդյոք միջոցների սուղ լինելը արդարացնո՞ւմ է կրճատումները հենց այս ոլորտում:

-Ոչ: Ոչ մի դեպքում: Եթե կոնկրետ կրճատումը տեղի է ունեցել ֆինանսների սղության պատճառով, դա արդարացվել չի կարող: Կարելի է կրճատել հազար ու մի տեղ, բյուջեն այդպիսի բազմաթիվ հնարավորություններ ունի: Ես կարծում եմ` այդ գումարը օգտագործվելու է պաշտպանական նպատակներով, բայց այլ կանալներով: Իսկ վերցնել ու ՊՆ բյուջեն կրճատելը վերաբերմունք է մեր իրավիճակին, դա վերաբերմունք է երկրի ապագային, անվտանգությանը, սահմանների անձեռնմխելիությանը, եթե իհարկե դա եղել է այնպես, որ պետք է եղել գումար ինչ-որ բանի համար, եւ օգտագործել են բանակից:

-Սրանից կտուժի՞ մեր անվտանգությունը

-Այդ գումարից չեմ կարծում, որ կտուժի: Նախարարությունը, ըստ երեւույթին, կարողացել է պակասները լրացնել: Չեմ կարծում` այդ գումարը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ:

-Ըստ Ձեզ` ի՞նչ պետք է անել տնտեսության զարգացման համար, որ որեւէ դեպքում կարիք չլինի ՊՆ-ից գումար կրճատել:

-Պետք է լինի ազատ, ինքնիշխան, արդարադատ պետություն եւ ոգեղեն մթնոլորտ, եւ երկիրը կզարգանա: Մենք այս բոլորը այսօր ունե՞նք: Կարծում եմ` դեռ չունենք, բայց գնում ենք այդ ճանապարհով: Երբ որ այդ ամենը լինի, երկիրը կզարգանա թռիչքային: Երկրի զարգացումը կառավարության որոշմամբ չի լինում: Ամեն մարդ պետք է մասնակցի երկրի զարգացման գործին: Ես անհամբեր սպասում եմ, որ սկսի ներգաղթը, որովհետեւ առանց դրա բանակի ռեզերվները ապահովելը շատ դժվար է: Դրա համար էլ երկրում պետք է լինի բացարձակ արդարության եւ օրինականության մթնոլորտ: Դատարանները պետք է իսկապես լինեն անկախ եւ աշխատեն միայն օրենքի դաշտում: Երկիրը կարող է հետ ընդունել արտագաղթածներին այն ժամանակ, երբ նրանք համոզվեն, որ այստեղ կա աշխատանք, ապագա, արդարություն: Այսինքն` այն ամենը, ինչի չլինելու պատճառով իրենք ստիպված են եղել թողնել-հեռանալ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Լուսինե Մինասյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս