Հայկ Մարությանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին
Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Կարապետյանին: Երևանի քաղաքապետը հատկանշել է հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել հստակ քայլեր: Անդրադառնալով «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքներին՝ Հայկ Մարությանն անբավարար է գնահատել աշխատանքն ու նշել, որ այս ուղղությամբ պետք է վերանայվի ընկերության աշխատանքների կազմակերպման մեխանիզմը և շատ ավելի խստացվի վերահսկողությունը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը բարձր է գնահատել այն աշխատանքը, որն այս տարիների ընթացքում մեծ ջանասիրությամբ կատարվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի և աշխատակազմի կողմից, ու համոզմունք հայտնել, որ վարչական շրջանի նոր ղեկավարի հետ միասին թիմը շարունակելու է իրականացնել նոր ծրագրեր՝ վարչական շրջանի շարունակական զարգացումն ապահովելու համար:

«Ինձ համար չկա ոչ մի տարբերություն վարչական շրջանների միջև: Ես հենց սկզբից հայտարարել եմ, որ Երևանը միայն կենտրոնը չի, մեր մոտեցումը մնում է նույնը: Բոլոր վարչական շրջանները պետք է զուգահեռ զարգանան, բոլոր վարչական շրջանների բնակիչները պետք է իմանան, որ իրենք բոլորն էլ ուշադրության կենտրոնում են»,- ընդգծել է քաղաքապետը:
Հայկ Մարությանը շնորհավորել է Դավիթ Կարապետյանին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս