«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է հայկական շոուբիզնեսի ամենահմայիչ եւ միշտ երիտասարդ երգչուհիներից մեկը՝ Նառան: Մենք փորձել ենք բացահայտել նրա էությանը բնորոշ գծերը: Նառան պատմել է իր նախասիրությունների մասին, նշել, թե բնավորության որ գծերի պատճառով է մշտապես տուժել: Երգչուհին խոստովանել է, որ ցանկացած պարագայում ապավինում է Աստծուն, սակայն, միեւնույն ժամանակ, գործում է ինքնուրույն: Նառան խոսել է նաեւ քաղաքականությունից՝ շեշտելով, որ այդ ոլորտ մուտք կգործի միայն այն դեպքում, երբ ինքն ու ժողովուրդը կզգան դրա կարիքը: Մեր զրուցակիցը անդրադարձել է կին-տղամարդ հարաբերություններին՝ նկատելով, որ նորմալ է, երբ հակառակ սեռի ներկայացուցիչներն իրար այդպես էլ չեն հասկանում:
–Նառա, սիրում եք տանը միայնակ մնա՞լ, թե՞ շրջապատված լինել ընտանիքի անդամներով, բարեկամներով:
-Այո, սիրում եմ մենակ մնալ, բայց նաեւ սիրում եմ, երբ տանը շատ մարդ է լինում, նայած տրամադրության:
-Ո՞վ կամ ի՞նչը կարող է Ձեզ ոգեշնչել:
-Ամեն պոզիտիվ երեւույթ:
-Այս երեքից որի՞ն չեք դիմանում, ո՞րն է Ձեզ համար անհաղթահարելի՝ ծարա՞վը, սո՞վը, թե՞ քնելու ցանկությունը:
-Միանշանակ քնելու ցանկությունը, իսկապես, չեմ կարողանում դիմադրել դրան:
-Սովորաբար նախընտրում եք ռիսկի՞ դիմել, թե՞ տասը չափել, մեկ կտրել:
-Նայած ժամանակ: Երկուսն էլ կիրառում եմ: Համենայնդեպս, սիրում եմ ռիսկի դիմել: Ասում են՝ ով ռիսկի չի դիմում, շամպայն չի խմում:
-Կլինե՞ք ադարացի, կասե՞ք ճշմարտությունը, եթե դրանով ստիպված լինեք նեղացնել դիմացինին:
-Ինչպես գիրքը, այս հարցն էլ երկու կողմ ունի: Եթե արդարացի ես, հաճախ ստիպված ես որեւէ մեկին նեղացնել, բայց այդ միտքը չի ստիպի ինձ, որ արդար չլինեմ: Ամեն դեպքում, ավելի շատ արդարության կողմնակից եմ:
-Կա՞ մի բան, որ հայտնի մարդը երբեք չպետք է անի:
-Այո, իր մարդկային հատկանիշները կորցնելն է: Բայց սա միայն հայտնիներին չի սպառնում:
-Ոչ ոք չի հավատա, բայց Դուք…
-Այդ ամենը հաղթահարել եմ…Իսկ թե ինչ, բնականաբար, չեմ ասի:
-Ձեր արտաքինի մեջ կա՞ մի բան, որը մշտապես բարդույթավորել է Ձեզ:
-Անկեղծ ասած՝ ոչ: Կարծում եմ՝ բնությունը սիրել է ինձ: Կարծես թե ձայնս տաք տեղից է դուրս գալիս (ծիծաղում է):
-Ինչ էլ պատահի, միեւնույն է, Դուք գիտեք, որ…
-Չի կարելի հուսահատվել եւ դադարել սիրել:
-Կա՞ բնավորության մի գիծ, որից մշտապես տուժել եք:
-Այո, ճիշտը երեսին ասելու սովորությունից:
-Ինչ էլ լինի, կա մեկը, ով միշտ օգնության կհասնի Ձեզ, եւ այդ մեկը…
-Ես եմ: Ընդհանրապես, սովոր եմ հույսս ինձ վրա դնել՝ ապավինելով Աստծուն: Պետք է հավատաս բարձրյալին, բայց դու էլ միեւնույն ժամանակ պետք է գործես:
-Ո՞րն է կանանց մասին Ձեր լսած ամենահայտնի միֆը:
-Ընդհանրապես, ասում են, թե կանանց դժվար է հասկանալ, բայց ախր կանանց համար էլ դժվար է հասկանալ տղամարդկանց, եւ դա նորմալ է:
-Ողջ ճշմարտությունը տղամարդկանց մասին:
-Հարյուր տղամարդ, հարյուր տեսակ, շատ անհատական է ամեն բան, չես կարող նույն «շապիկը» բոլորին հագցնել:
-Միայն մի դեպքում մուտք կգործեք քաղաքականություն, եթե…
-Ես եւ ժողովուրդը զգանք դրա կարիքը:
-Շարունակեք միտքը. «Սիրող մարդն էլ է հեռանում, եթե…»
-Եթե այլեւս անհնար է միասին լինել:
-Ձեր մասնագիտության ամենահաճելի կողմը:
-Հանդիսատես ունենալը:
-Եվ վերջում՝ շարունակեք միտքը. «Եթե ցանկանում ես, որ կյանքը ժպտա քեզ, որ հաջողակ լինես…»
-Պետք է երբեք չդադարես առաջ գնալ, միշտ պոզիտիվ լինես:
Աննա Բաբաջանյան