Լիլիթ Մակունցը եղել է իմ կուրսեցին. Արփի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անձամբ ճանաչում եմ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, նա եղել է իմ համակուրսեցին, շատ մտերիմ մարդ է: Մենք միասին սովորել ենք ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում: Լիլիթը մեր հոսքի ավագն էր, եւ կարող եմ ասել, որ բավական կազմակերպված, պարտաճանաչ, բարի եւ կամեցող աղջիկ է»,- այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց երգչուհի Արփին (Արփի Շահնուբարյան):

Ինչպես շատերը, նա եւս Նիկոլ Փաշինյանի թիմից, մասնավորապես` մշակույթի նախարարությունից ունի իր սպասելիքները. «Իհարկե, հասկանում եմ, որ փոփոխություններ կարճ ժամկետում չեն կարող իրականացվել, քանի որ անելիքներ միշտ կան: Ինչեւէ, ունեմ մի քանի ցանկություն, որոնք կցանկանայի կատարված տեսնել: Մեկն այն է, որ ռեստորանային երաժշտությունը եթեր չգնա, որպեսզի այն չէժանանա: Չի կարելի եթերաժամ տրամադրել թիթեռնիկի կյանք ունեցող երգերին: Բացի այդ՝ կցանկանամ, որ Հայաստանում երաժշտական տարբեր ժանրերին առնչվող փառատոնները շատանան»,-ասաց մեր զրուցակիցը:

Մենք խոսեցինք նաեւ ներքին քաղաքական թեմաներից, հարցրինք՝ ինչ տեսակետ ունի Արփին Նիկոլ Փաշինյանի մասին՝ որպես կառավարիչ, իշխանության գլուխ. «Նա ինձ մեծ վստահություն է ներշնչում: Ինքս մարդկանց լավ եմ ճանաչում եւ Փաշինյանի դեպքում զգում եմ նրա անկեղծությունը: Այլ հարց է, որ թիմակիցները կարող են վատ ազդել նրա ստեղծած աուրայի վրա: Փաշինյանի թիմի անդամների խոցելի տեղը, թերեւս, նրանց անփորձությունն է»,-պատասխանեց երգչուհին:

Նա նաեւ նշեց, որ նույն կերպ վստահում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որը եւս պետք է աշխատի իր վրա. «Անփորձության գործոնը երեւում է նաեւ քաղաքապետի պարագայում: Հայկը պետք է շտկի, հղկի իր խոսքը, որպեսզի տարընթերցումների տեղիք չտա: Գուցե նաեւ դերասանական ձիրքն է խանգարում հռետորական խոսքին: Բայց պետք է գիտակցենք, որ բոլորն էլ անփորձ են եղել, եւ շատ աշխատելու դեպքում կարելի է հասնել ցանկալի արդյունքի: Կարեւորը՝ այդ ընթացքում ճակատագրական սխալներ չգործվեն»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս