Հայաստանում գազալցակայանների սեփականատերերը ակցիզային հարկի բարձրացումը դեռ չմարսած, հայտնվել են հերթական անհարմար դրության մեջ: Պատճառը հասարակական զուգարաններն են, քանի որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը պարտադրում է գազալցակայանների սեփականատերերին բարձրորակ զուգարաններ կառուցել:
Հայաստանի Միջպետական ճանապարհներին հասարակական զուգարաններ չկան: Իսկ եթե կան, ապա գտնվում են խիստ անմխիթար եւ հակահիգիենիկ վիճակում, որից օգտվելն ուղղակի հակացուցված է: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունը հանրային զուգարան ունենալու կամ այն պահելու խնդիր ունի: ՀՀ կառավարությունը չի կարող ճանապարհներին նոր զուգարաններ կառուցել, քանի որ դրա համար անհրաժեշտ են մեծ ֆինանսներ, իսկ պետական բյուջեում այդքան գումար չկա: Եւ այստեղ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության վերին օղակների մոտ մի միտք է ծագել. հայտնի է, որ Հայաստանի ճանապարհներին կան բազմաթիվ գազալցակայաններ, որոնց մի մասը կից ունի հասարակական զուգարան, իսկ մի մասը` ոչ: Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության` այդ ճանապարհներին կա ավելի քան 200 գազալցակայան, որոնք պետք է ունենան բոլոր անհրաժեշտ հարմարությունները, այդ թվում եւ հասարակական զուգարան: Հետեւաբար որոշվել է գազալցակայանների սեփականատերերին պարտադրել առկա զուգարանները վերանորոգել եւ չափանիշներին համապատասխանեցնել, իսկ չունեցողներին էլ` կառուցել:
Իհարկե, լավ է, որ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը մտահոգ է հասարակական զուգարաններով: Բայց մյուս կողմից նկատենք, որ հանրային զուգարանների խնդրով մտահոգված էր նաեւ Կարեն Կարապետյանի կառավարությունը: Անգամ Կարապետյանը հրահանգել էր զբաղվել դրանցով: Չէ՞ որ բոլոր ԱԳԼՃԿ-ները պարտավոր են ունենալ գործող զուգարաններ զբոսաշրջիկներին, այցելուներին սպասարկելու համար: Խնդիրը ոչ թե թվով շատ զուգարան ունենալն է, այլ դրանք լավ պահելը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այժմ գազալցակայան կառուցելու դեպքում լիցենզիա կտրվի նրան, ով այդ տարածքում զուգարան կկառուցի։
Բայց գազալցակայանների սեփականատերերի առջեւ դրված այս խնդիրը խիստ մտահոգել է նրանց: «Ժողովուրդ» օրաթերթին նրանք փոխանցեցին, որ այս շրջանում գումար չունեն, որ զուգարան նորոգեն:
Իսկ նախարարությունը պահանջում է, որպեսզի հանրային զուգարանների շենքերի օդային միջավայրը հոտից եւ վնասակար մանրէներից զերծ պահելու համար ենթարկվի ճառագայթման օզոնացման միջոցով առնվազն 3 ամիսը 1 անգամ: Զուգարաններում ամենօրյա սանիտարական մաքրումը եւ ախտահանումը պետք է կատարվի առնվազն 2 անգամ, ինչը ենթադրում է, որ գազալցակայանների ղեկավարները զուգարանների մաքրման համար աշխատողներ ընդունեն, որը լրացուցիչ ծախս է: Տարին 2 անգամ պետք է միջատասպան ու կրծողասպան աշխատանքներ իրականցվեն: Իսկ ահա մաքրման պարագաները պետք է ախտահանվեն աշխատանքային օրվա վերջում` նատիրումի հիպոքլորիդի լուծույթի մեջ 1 ժամ թողնելով: Հեղուկ օճառը, ձեռքերի չորացման էլեկտրական սարքավորումը կամ թղթյա միանվագ օգտագործման սրբիչը, զուգարանի թուղթը պարտադիր են:
Բայց մինչ այդ նկատենք, որ այս ընթացքում գազալցակայաններ շահագործող տնտեսվարողները խնդիր ունեն եկամտաբերության հետ կապված եւ հիմա պատրաստ չեն զուգարան նորոգել կամ կառուցել: Նրանցից շատերը ուղղակի փակել են գազալցակայանը կամ էլ հանել են վաճառքի: Ի դեպ, վաճառքի են հանվել հիմնականում մարզային գազալցակայանները: Միայն List.am էլեկտրոնային կայքէջում բազմաթիվ են գազալցակայանի վաճառքի վերաբերյալ հայտարարությունները: Փակման կամ վաճառքի հանելու պատճառները տարբեր են, բայց դրանք հիմնականում կապված են ակցիզային հարկի բարձրացման հետ: Չէ՞ որ այս տարվա հունվարի 1-ից սկսած սեղմված գազի 1000 խմ-ի ակցիզային հարկը, որ 8300 դրամ էր, հասել է 25 000 դրամի:
Օրինակ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում 330 հազար դոլարով վաճառքի է հանվել գազալցակայան, որը կից ունի բենզալցակայան, ավտոլվացման կետ, ձկան խանութ եւ սրճարան: Սեփականատերը վաճառում է, որովհետեւ այս բիզնեսը իր համար եկամտաբեր չի եղել: «Մենք երկրից դուրս այլ բիզնեսով ենք զբաղվում, մենք սա գնեցինք, բայց հետո պարզեցինք, որ մեծ սխալ ենք արել: Դրսի բիզնեսը հին է, բայց այստեղինը թույլ է: Մենք բավականին մեծ գումարներ ենք ներդրել, բայց վնասով էինք աշխատում: Եւ արդեն մեկ տարի է, ինչ փորձում ենք վաճառել: Մեշոկով փող ենք տվել, առել ենք, վրան ծախս ենք արել, հետո պարտքեր կուտակվեց, «Գազպրոմ Արմենիա»-յի նկատմամբ սնանկ ճանաչվեցինք, հիմա վաճառում ենք: Որ ասեմ գնորդները հերթ են կանգնել, ճիշտ չի լինի»,- ներկայացրեց գազալցակայանը վաճառող Գագիկը:
Մեկ այլ գազալցակայան էլ վաճառվում է Արարատի Մասիս քաղաքում` 550 հազար դոլարով, Աշտարակի ճանապարհին` Վանաձոր-Ապարան բաժանարար հատվածում` 250 հազար դոլար: Սեւանում եւս վաճառքի ենթակա գազալցակայան կա` 200 հազար դոլար արժողությամբ: Իսկ ահա Կապանում վաճառքի հանված գազալցակայանը արժե 390 հազար դոլար:
Տավուշի մարզի Իջեւանում` Բերդ տանող ճանապարհին եւս գազալցակայան կա, որը հանված է վաճառքի: Սեփականատիրոջ խոսքերով` (ով ներկայացավ Նարեկ) գազալցակայանի բիզնեսը այսօր Հայաստանում դարձել է ոչ եկամտաբեր: Պատճառն այն է, որ դրանք սնկի պես աճել են: Նա, անդրադառնալով տարածաքային կառավարման եւ զարգացման նախարարության` զուգարաններ նորոգելու պարտադրանքին, ասաց. «Էդ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին փոխանցեք, որ ես Երեւանի կենտրոնում էլ եմ նույն հարկը վճարում, սահմանին` թուրքի բերանի մոտ էլ: Իսկ եթե եկամտաբեր լիներ, չէի վաճառի: Ի դեպ, գազալցակայանը վերանորոգված զուգարան ունի»:
Սյունէ Համբարձումյան