Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին օրենքի նախագիծը առաջին անգամ Ազգային ժողով բերելու օրը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը չմասնակցեց քվեարկությանը: Վերջինս չմասնակցելը մեկնաբանեց, թե քվեարկության ժամանակ գործով դուրս էր եկել դահլիճից:
Հարցին` եթե ներկա լիներ, ինչպե՞ս կքվեարկեր, պարոն Ղուկասյանը պատասխանեց, որ միանշանակ դեմ պիտի քվեարկեր եւ հայտարարեց, որ այս հարցի հետ կապված ինքը իր կուսակցության հետ չի քայլում, որովհետեւ ինքը դեմ է ռեյտինգային համակարգի վերանալուն: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` հնարավո՞ր է, որ այս տարաձայնության պատճառով պատգամավորը դուրս գա ԲՀԿ-ից. «Այս ի՞նչ տարօրինակ հարց եք տալիս»,-վրդովվեց նա: Ինչպես հայտնի է, երեկ ԱԺ արտահերթ նիստում կրկին քվեարկության էր դրված ընտրական օրենսգրքի փոփոխության մասին օրենքի նախագիծը, որը տապալվեց:
Ուշագրավն այն է, որ նման հայտարարություններով հանդես գալուց հետո պատգամավորը կողմ քվեարկեց ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին նախագծին: Թե ինչու է Վարդան Ղուկասյանը համարյա ամեն օր փոխում իր տեսակետը այդ հարցի շուրջ, դժվար չէ կռահել: Նրա դիրքորոշումը կարծես կախված է Գագիկ Ծառուկյանի` ԱԺ-ում լինել-չլինելու հետ: Մինչ այդ, նկատենք, որ հետաքրքիր էր ՀՀԿ խմբակցության անդամների քվեարկությունը:
Նախորդ երկուշաբթի նախագծին կողմ էր քվեարկել 56 պատգամավոր, երեկ` 62: Մասնավորապես այս անգամ նիստին ներկա էին եւ կողմ քվեարկեցին Ռոբերտ Սարգսյանը, Արսեն Միխայլովը եւ Արտակ Սարգսյանը, ովքեր նախորդ նիստում բացակայում էին: Նախորդ նիստում չէր քվեարկել Ռաֆիկ Գրիգորյանը, ով այս անգամ եւս կողմ քվեարկեց նախագծին: