Իջեւանի համայնքապետարանի հովանավորությամբ լույս է տեսել «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գիրքը: Այս մասին տեղեկանում ենք Իջեւանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից, որտեղ գրված է. «Հեղինակ Լյուբիկ Չիբուխչյանը շնորհակալություն է հայտնում Իջեւանի համայնքապետարանին Նիկոլ Փաշինյանին նվիրված «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գրքի լույս ընծայման համար»: Ի դեպ, համայնքապետարանի կայքը կարճ ժամանակ անց հեռացրել է այս գրառումը:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ: Նա նկատել է, որ այս երեւույթը Նիկոլ Փաշինյանին ֆետիշացնելու ցայտուն դրսեւորում է, կյանքից հետ մնացածի կողմից պնակալեզություն:
-Պարո՛ն Նիկողոսյան, ինչպե՞ս կորակեք այս երեւույթը: Դեռեւս հեղափոխության մեկնարկին Դուք ահազանգում էիք Նիկոլ Փաշինյանին ֆետիշացնելու վտանգի մասին: Կարծես թե սա էլ դրա դրսեւորումներից մեկն է, այդպես չէ՞:
-Ցանկացած հասարակության, հայ հասարակության մեջ առավել եւս, կա, այսպես կոչված, մի կողմ քաշվածների խավ: Այդ մարդիկ ե՛ւ նախորդ իշխանությունների օրոք էին մի կողմ քաշված, ե՛ւ հեղափոխության սկզբնական օրերին: Նրանք հանգիստ սպասում են, որ տեսնեն` դեպքերն ինչպես կզարգանան, որ ով հաղթի, նրա կողմը բռնեն: Եվ երբ հեղափոխությունը հաղթեց, այդ խավը հետ մնաց կյանքից, ուստի ձգտում է ամեն կերպ ուշադրության կենտրոնում լինել, հեղափոխության օրերին չարածը անել` ասենք, առաջնորդին բանաստեղծություններ ձոնելով եւ այլն:
Սա Նիկոլ Փաշինյանի կերպարի ֆետիշացման տրամաբանական ավարտն է, հիմա, փաստորեն, այդ պրոցեսը հասել է ինտելեկտուալ մակարդակի: Սա պարզապես աղետ է, հասարակության ոչ զարգացած լինելու արտահայտությունը: Հեղափոխությունը` որպես արժեքային համակարգ, այդպես էլ չի ներխուժել այդ հասարակության մեջ: Մի բան էլ` Դուք միայն հրապարակված ներբողներն եք տեսնում, այնինչ, ես վստահ եմ, որ, օրինակ, «Գրքի երեւանյան փառատոն»-ի հայտատուները Նիկոլ Փաշինյանին նվիրված պատմվածքներ եւ բանաստեղծություններ են ներկայացրել: Ցավոք, շատ բան է խաթարվում հեղափոխության անվան տակ, իսկ այդ ֆետիշացումները լավ բանի չեն հանգեցնի:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Իջեւանի համայնքապետարանն է այս տեղեկությունը տարածողը: Փաստորեն, այնտեղ չեն հասկացել, որ այդ գիրքը ոչ թե բարձրացնում, այլ իջեցնում է Փաշինյանի վարկանիշը, հեղինակությունը:
-Այն, որ համայնքապետարանն է հովանավորել, որպեսզի գիրքը լույս տեսնի, ուղղակի աղետ է: Մենք միամիտ չենք, որ մտածենք, թե մի քայլով համակարգում աշխատող բոլոր մարդկանց մտածողությունը պետք է փոխվեր: Դա մտածողության տեսակ է, որը մնում է, ուզու՞մ ես` 20 հեղափոխություն արա: Դրա համար ենք ասում, որ հեղափոխությունը միայն իշխանափոխությունը չէ, այն պետք է ուղեկցվի մշակութային արժեքների ներդրմամբ: Եվ եթե հեղափոխություն արածները դա չեն գիտակցում, այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում, այսօրինակ երեւույթներ շատ կլինեն:
-Այս պարագայում մշակույթի նախարարությունն անելիք ունի՞:
-Ամենատխուր բաներից մեկն այն է, որ հեղափոխությունից հետո էլ մշակույթի նախարարության գործունեությունն այս երկրում ազդեցիկներից չէ: Ամենակարեւոր գործերից մեկը պետք է լինի այս նախարարության ուժեղացումը: Հեղափոխությունը նախ եւ առաջ մշակութային, ինտելեկտուալ արժեքների միջոցով պետք է արտահայտվի: Հիմա Դուք կարող եք ասել, որ, օրինակ, այս գիրքը, որի մասին խոսում ենք, գրել է մեկը, ով Սերժ Սարգսյանին չի սիրում, Նիկոլ Փաշինյանին սիրում է: Հավատացեք, այս պարագայում սիրել-չսիրելու հարց չկա: Սա պարզապես կյանքից հետ մնացածի պնակալեզություն է:
Աննա Բաբաջանյան