Չհիմնավորված ինքնավստահություն Նիկոլ Փաշինյանի կողքով քայլած և այժմ բարձր պաշտոններ զբաղեցնող չինովնիկների վարքագծում. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մայիսի սկիզբն էր: Ընկերուհիս պատմեց, որ հայրը նախկինում «ջրի մարդու» հետ ընդհանուր հայտարարի էր եկել: Վերջինս ջրաչափն այնպես էր հարմարեցրել, որ ջուրը ծախսվեր, սակայն գումարը քիչ գրանցվեր: Հեղափոխությունից հետո, պատմում էր ընկերուհիս, հայրը ամաչում է իր այդ քայլի համար: Հայրն ու «ջրի մարդը» պայմանավորվել են այլեւս ջուր չգողանալ:

Ու այդպիսի բազմաթիվ օրինակներ կան՝ սկսած ՀԴՄ կտրոն տրամադրելուց, անգամ փոքր բիզնեսն օրինական դաշտ տեղափոխելուց, երբ քաղաքացիներն իրենց պատասխանատու են զգում ազնիվ լինել պետության հետ հարաբերվելիս:

Ինչո՞ւ: Որովհետեւ իշխանության են եկել հեղափոխության ժամանակ իրենց կողքին կանգնած մարդիկ, որոնք աշխատում են՝ առանց գողանալու:

Սա չափազանց կարեւոր ազդակ է, որը դոմինոյի էֆեկտով կարող է տարածվել բոլոր տիպի փոխհարաբերություններում:

Այս մթնոլորտը պահելու համար կառավարությունն ուներ եւ այժմ էլ (իհարկե, որոշ կորուստներով) շարունակում է ունենալ հասարակության զգալի մասի աջակցությունը: Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին վստահելով՝ գործուղել են կառավարություն՝ ակնկալելով, որ վստահության մթնոլորտը կպահպանվի, վստահությունը կոնկրետ գործողությունների կվերածվի:

Հեղափոխությունը, որ նշանակում էր նաեւ կառավարության, բարձրաստիճան չինովնիկների մինիմալ հարմարավետություններ, մերժում նախկին իշխանությունների շքեղությունները, դեռեւս հապաղում է:

Երբ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը՝ Վարագ Սիսեռյանը, պարզվում է, ծառայողական մեքենա ունի, որով, սովորաբար, կառավարությունից շտապում է Բաղրամյան 26՝ աշխատանքային հանդիպման, չի ընկալվում: Հետո էլ պարզվում է, որ նրա ծառայողական մեքենան խցանումից դուրս գալու համար հանդիպակաց գոտի է դուրս գալիս:

Օգտատերերից մեկն իրավացիորեն նկատել էր, թե ինչո՞ւ այդ չինովնիկը Հանրապետության հրապարակից մետրո չի նստել եւ հինգ րոպեում հասել «Մարշալ Բաղրամյան» կայարան, ուղիղ վարչապետի նստավայր: «Վարորդս, վարորդիս, սպասարկող մեքենաս» արտահայտությունը գրասենյակների ղեկավարների շուրթերից լսելը ահավոր նյարդայնացնող է: Եվ այդ նյարդայնությունը չափելի է. սոցցանցերում օգտատերերը ուղղակի զարմանում էին, թե ինչու պետք է փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը ծառայողական մեքենա ունենա:

Դրան նախորդել էր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու՝ վարչապետի որոշումը: Այս նշանակումը վտանգավոր ուղերձներ ունի: Եվ ասեմ՝ ինչու:

Հունան Պողոսյանն աշխատել է մի համակարգում, որը ոտքից գլուխ կոռումպացված է եղել: Նա այդ համակարգի կարեւորագույն օղակն է: Նրա հետ ֆինանսական բազմաթիվ գործարքներ են ունեցել շարքային ոստիկանները, շատ մարդիկ նրան հիշում են, թե ինչպես է Պողոսյանը եղել իրենց եւ ոստիկանապետի միջնորդը ֆինանսական գործարքներում:

Երբ պաշտոնյաներն ազնիվ, չկոռումպացված ու պրոֆեսիոնալ են, դա պարտավորեցնում է նաեւ քաղաքացիներին՝ լինել հնարավորինս ազնիվ:

Եթե պաշտոնի են նշանակվում անազնիվ մարդու համբավ ունեցողները (այդ մասին կարող են վկայել անգամ շարքային ոստիկանները), նման նշանակումները այլեւս ՀՀ քաղաքացիներին չեն պարտավորեցնում ազնիվ լինել կամ վստահել իշխանություններին:

Կա մի ընդհանուր գիծ, որը ինքս նկատել եմ հեղափոխությանը մասնակցած, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կողքով քայլած եւ այժմ բարձր պաշտոններ զբաղեցնող չինովնիկների վարքագծում: Չհիմնավորված ինքնավստահությունն ու անբռնազբոս պահվածքը:

Նրանք հեղափոխության հաղթանակը թերեւս համարում են իրենց անձնական ձեռքբերումը, որի համար էլ փոքրիկ խրախուսական բոնուս են ստացել՝ նախարարական պորտֆել կամ որեւէ հիմնարկի ղեկավարի պաշտոն:

Վկան՝ Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքը Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջոցառման ժամանակ, որին, ի դեպ, ներկա են եղել նոբելյան մրցանակակիրներ: Վանեսյանը միջոցառման ընթացքում իրեն անվայել է պահել, տեղից ռեպլիկներ հնչեցրել, կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել: Տեղեկությունը հաստատել է նաեւ Երեւանի բժշկական համալսարանի լրատվական ծառայությունը:

Մտահոգիչ է, երբ հանկարծ պաշտոնի նշանակված, բարձր աշխատավարձով ու հանրային ուշադրության կենտրոնում հայտնված մեկը իր վարքով վնաս է հասցնում կառավարության հեղինակությանը: Այդ հեղինակությունը սասանվում է նաեւ վարչապետի՝ երբեմն ոչ մի տրամաբանության, ոչ մի հիմնավորման չդիմացող կադրային նշանակումներով: Որպես «դասական» նմուշ կարելի է ընդունել վերը բերված օրինակը՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում:

Ինչո՞վ էր ժամանակին հայտնի Հանրապետական կուսակցությունը: Նրանով, որ այս կուսակցության անդամները նույն մտածողությամբ, կյանքի տարբեր իրավիճակներում (վախ, գլխապտույտ՝ հաջողությունից, խուճապ, ուրախություն, տագնապ) կանխատեսելի վարք ցուցաբերող մարդիկ էին:

Հիմա էլ կառավարությունում կանխատեսելի վարքով, գրեթե նույն բառամթերքով չինովնիկներ են»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս