Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, թե Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ պետք է անցկացնել՝ լուծելու համար ներքաղաքական ճգնաժամը, քանի որ այդ ամենի արդյունքում տուժում է նաեւ տնտեսությունը. ներդրողները սպասում են ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակի կայունացմանը: Երեկ այս տեսակետը պնդել է նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` հավելելով, որ որքան ուշ կայանան խորհրդարանական ընտրությունները, եւ սպասողական վիճակը երկարի, այդքան ավելի վատ երկրի տնտեսության համար:
«Այնտեղ, որտեղ որ քաղաքական առումով դեռեւս կայուն վիճակ չկա, բիզնեսը սպասողական դիրքեր է գրավում եւ սպասում է, թե քաղաքական ինչպիսի հանգուցալուծումներ կլինեն: Միանշանակ ճիշտ է վարչապետի տեսակետը… Սպասողական վիճակը ինչքան երկարի, այնքան երկրի համար վատ է»,- ասել է նա: Ամենամեծ ցանկության դեպքում անգամ Փաշինյանի ու Անանյանի հետ դժվար է չհամաձայնել. հայտնի փաստ է՝ բիզնեսը, հատկապես` օտարերկրյա կապիտալը, քաղաքական կայունություն է «սիրում», անկայուն իրավիճակներում մարդիկ պարզապես վախենում են գումարներ ներդնելուց:
Թվում էր՝ ամեն ինչ ասված է, սակայն երեկ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, խոսելով օտարերկրյա ներդրումների ու Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին, միանգամայն այլ տրամաբանության մեջ է խոսքերը ձեւակերպել, եւ արդյունքում ստացվել է այնպես, որ նա «սխալ է հանել» վերադասին: «Ներդրողները ոչնչի չեն սպասում»,- նշել է նա` պատասխանելով հարցին՝ վարչապետն ասում է, որ ներդրողները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որ ներդրումներ անեն: Գասպարյանն, իհարկե, փորձել է մեկնաբանել ասածները` հավելելով, թե ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները շատ դրական են ընկալվում գործարարների կողմից, արդեն ներդրողներ են եկել տարբեր երկրներից: Կարճ ասած` պաշտոնյաներին չէր խանգարի խոսելուց առաջ մտածել, ինչպես խորհուրդ էր տալիս վարչապետ Փաշինյանը:
Հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձությունները որոշակի անհանգստացրել են ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ-ում եվրոպական երկրների մի շարք դեսպաններ, հաշվի առնելով հոկտեմբերի 2-ի իրադարձությունները, ՀՀ իշխանությունների մոտ մտահոգություն են հայտնել, թե արդյոք Հայաստանի ներքաղաքական վիճակը կարող է որեւէ խոչընդոտ ստեղծել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով հրավիրված բարձրաստիճան հյուրերի, մասնավորապես` իրենց երկրների ղեկավարների անվտանգության ապահովման մասով: Սակայն ՀՀ իշխանությունները հավաստիացումներ են տվել, որ որեւէ խնդիր, որեւէ անհարմարություն չի լինի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ կառավարության աշխատակազմից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ դեսպաններից ահազանգեր կամ մտահոգություններ չեն ստացել: Իսկ մինչ այդ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները դժգոհում են, որ վարչապետի անունից իրենք ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել. նման հրավեր չի ուղարկվել ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ո՛չ ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահ համակարգում ներքին խմորումներ են սկսվել: Մասնավորապես, նախաքննություն իրականացնող մարմինը տարբեր քրեական գործերով չի կարողանում համաձայնության գալ վերահսկող դատախազների հետ: Իսկ փաստաբաններից ոմանք «Ժողովուրդ» օրաթերթին պատմել են, որ դատարաններ միջնորդություններ են ներկայացնում իրենց պաշտպանյալների խափանման միջոցի վերաբերյալ, սակայն քննիչները չեն ներկայանում դատարան` պատճառաբանելով, թե շատ զբաղված են: Արդյունքում իրենց պաշտպանյալները շարունակում են ամիսներով մնալ կալանքի տակ: Ըստ մեզ հասած տեղեկությունների` իրականում քննիչների վարույթում հսկայական գործեր են ավելացել: Միաժամանակ, քննիչները քրեական գործերը վերահսկող դատախազների հետ քրեական գործերով անհամաձայնություն ունեն, եւ որպեսզի երկու ուժային կառույցները իրենց ներքին խմորումները ի ցույց չդնեն փաստաբանների մոտ, առաջ են քաշում զբաղվածության հարցն ու չեն գալիս դատարան:
Թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված ազգային համաձայնության կառավարության փլուզմանը ԲՀԿ-ն միանգամից չշտապեց արձագանքել: Պատճառը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բացակայությունն էր: Սակայն երեկ նա վերադարձել է արտերկրից, իր մոտ հրավիրել կուսակիցներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրանք այգում մտերմիկ զրույց են ունեցել` ներքաղաքական իրավիճակի հետ կապված: ՈՒշագրավը, սակայն, այն է, որ ԲՀԿ գրասենյակում Ծառուկյանի հետ հանդիպմանը մասնակցել է «Ծառուկյան» խմբակցության ոչ ամբողջական կազմը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ հանդիպմանը չեն մասնակցել կարեւոր դեմքեր, ինչպիսիք են՝ Նաիրա Զոհրաբյանը, Լուիզա Սարգսյանը, Արայիկ Աղաբաբյանը, Հրանտ Դավթյանը եւ այլք: Թե ինչն է պատճառը, որ նրանց չեն հրավիրել, թեեւ հանդիպման մասին հայտարարվել էր նաեւ սոցիալական ցանցերում, պարզ չէ:
ՍՊԻՏԱԿ Է ԽԱՂՈՒՄ
Երեկ կեսգիշերին վերջապես եթեր հեռարձակվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս կուսակցության ղեկավարն այդպես էլ չէր արձագանքել ներքաղաքական վերջին իրողություններին, երբ Փաշինյանը կառավարությունից հեռացրեց ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին` հայտարարելով նրանց հակահեղափոխականներ, ապա նրա հարցազրույցը սպասված էր:
Ծառուկյանի շեշտադրումներն ուշագրավ էին, ու տպավորություն էր, թե թավշյա հեղափոխությունը մեծամասամբ նրա շնորհիվ է եղել: Մի կողմից Ծառուկյանը հայտարարեց, որ ինքն ամենամեծ աջակցությունն է ցուցաբերել Փաշինյանի հեղափոխությանը, մասնավորապես, Երեւանում Փաշինյանի հանրահավաքների մարդաշատությունն իր շնորհիվ էր, ինքն է մեքենաներով ջուր ուղարկել ցուցարարներին: Նա հայտարարեց, թե հրաժարականից առաջ բավական կոշտ խոսակցություն է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, նույնիսկ վերջինս ասել է, թե իրեն թիկունքից խփել են: Ծառուկյանը պատմեց, որ Սարգսյանը զանգահարել է իրեն, բայց ԲՀԿ նախագահն ասել է, որ եթե ինքը նրա գործընկերը լիներ, կողքին կանգնած կլիներ: Ծառուկյանը հիշեցրեց նաեւ, որ իրենք օգնել են, որ ապահովվի Փաշինյանին ԱԺ-ում երկրորդ անգամ վարչապետ առաջադրելու համար անհրաժեշտ թվով պատգամավորների ստորագրությունը, հետո քվեարկել են նրա օգտին: Կարճ ասած` նա որոշել էր հիշեցնել իր արածները: Միաժամանակ Ծառուկյանը կտրականապես հերքել է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ կապը, այդ առնչությամբ նույնիսկ «հայհոյանք դրեց»` նաեւ հիշեցնելով 2015թ. իր դեմ կատարվածը, ասաց, որ ՀՀԿ-ի հետ ոչ մի դեպքում չի համագործակցի: «Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան իմ «Բարգավաճի» հետ կապ չունեն, եւ նրանք չեն կարող «Բարգավաճով», իմ միջոցով ինչ-որ գան քաղաքականություն»:
Կարճ ասած` նա երեկ փորձում էր սպիտակների դաշտում խաղալ` նույնիսկ ցույց տալով, որ իրենց համար կարեւոր չէ կառավարության կազմում լինել-չլինելը: «Ինձ համար դա կապ չունի»,- ասաց նա: Միայն թե երեկ այդպես էլ որեւէ անդրադարձ չեղավ ԱԺ-ում օրենսդրական աղմկահարույց նախագծի՝ իրենց խմբակցության քվեարկությանը: Ընդ որում, եթե հիշում եք, ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագծում խնդրահարույց դրույթը մտվեց հենց «Ծառուկյան» խմբակցության ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի առաջարկով:
Եւ վերջապես, ամենակարեւոր հարցը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման մասին խոսելիս Ծառուկյանն այդպես էլ չհստակեցրեց՝ ինքը կողմ է, որ դրանք լինեն դեկտեմբերին, թե ոչ: Նրա խոսքում կարմիր թելով անցնում էր մեկ միտք՝ ժողովուրդն է որոշողը, ժողովրդի կամքն է կարեւոր: