ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՄ ՀԵՏԱՔՐՔՐՎԵՆ ԻՐԵՆՑ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության կազմում փոփոխությունները մի կողմից սպասված էին, միաժամանակ նաեւ անակնկալ: Սպասված էին, որովհետեւ Փաշինյանի կառավարության մաս կազմող ԲՀԿ եւ ՀՅԴ միջեւ հակասությունները գնալով խորանում էին, բայց եւ անսպասելի էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին պաշտոնանկ անելու կտրուկ առաջարկ կներկայացնի:

«Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու` մեծ աղմուկ հանած օրինագծի օգտին կողմ քվեարկեցին խորհրդարանական 3 ուժերի 67 պատգամավորներ: Դրանից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ արեց քաղաքացիներին հավաքվել Աժ-ի դիմաց: Կոչից հաշված րոպեներ հետո ժողովուրդը շրջափակեց ԱԺ-ի բոլոր մուտքերը: Հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանը հենց բեմի վրայից հայտարարեց, որ աշխատանքից ազատում է ԲՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների նախարարներին` ժողովրդի աչքի առաջ ստորագրելով նախագահին ներկայացվելիք առաջարկները: Ըստ էության, կուսակից պատգամավորների պատճառով տվյալ կուսակցությունների ներկայացուցիչ նախարարները իրենց տներում կամ գրասենյակներում նստած տեղեկացան, որ իրենք այլեւս նախարար չեն: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է գյուղատնտեսության արդեն նախկին նախարար, ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, վերջին դեպքերը սպասելի՞ էին Ձեզ համար։
-Որ նման միջադեպ կարող է լինել, իհարկե, դա սպասելի չէր։ Բայց այն, որ հաղորդակցության մեջ որոշակի խզում էր առաջացել, որը անհանգստացնում էր, դա միանշանակ։ Այդ խզումը ինձ շատ էր մտահոգում, եւ դրա շարունակական լինելը հանգեցրեց նրան, ինչին որ հանգեցրեց։
-Այսինքն` մինչեւ տվյալ միջադեպը որոշ խնդիրներ են եղե՞լ։
-Այո։ Որոշակի խզում կար։ Մեր գերագույն մարմնի հայտարարության մեջ էլ դա երեւում է։ Կար ազգային համաձայնության կառավարություն։ Ընտրության ժամկետների, մեխանիզմների, ընտրական օրենսգրքի մասին հարցերը պետք է քննարկվեր կառավարության մաս կազմող քաղաքական ուժերի հետ, եւ այդ ուժերի հետ պետք է ձեռք բերվեր համաձայնություն։ Ամեն դեպքում, մենք հանուն Հայաստանի պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց։
-Ինչպե՞ս ընդունեցիք Ձեզ պաշտոնանկ անելու լուրը։
-Դե դրանից մոտ 40 րոպե առաջ արդեն կար ՀՅԴ գերագույն մարմնի հայտարարությունը, եւ դրանում ասված էր, որ իր նախարարներին «Դաշնակցությունը» հետ է կանչում։ Այսինքն` ետ կանչված նախարարները պաշտոնանկ արվեցին։ Բնականաբար, ինչպե՞ս կարող է մարդը ուրախ լինել, որ մի քանի ամիս աշխատելուց հետո նման բան է տեղի ունենում։
-Կարո՞ղ էր այս ամենը տեղի չունենալ։
-Այո։ Կարծում եմ` կարող էր։ Եթե այդ կոմունիկացիոն կանալները խցանված չլինեին, եւ քաղաքական ուժերը, որոնք քաղաքական պատասխանատվություն էին ստանձնել, ազգային անվտանգության կառավարության մաս էին կազմել, նստեին, խոսեին ժամկետների, ընթացակարգերի, օրենքների մասին, հնարավոր էր, որ նման բան չլիներ։
-Շատ քաղաքական ուժեր ասում են, որ ներկայիս քաղաքական իրավիճակը ճգնաժամային է։ Դուք ինչպիսի՞ գնահատական կտաք։
-Նայած թե ինչպես են սահմանում ճգնաժամը։ Կառավարությունում մնացել է մի քաղաքական ուժ։ Բնականոն ընթանում է։ Կարող եմ ասել` ճգնաժամ չկա, բայց ռիսկեր, իհարկե, կան։ Սահմանումների հետ պետք է շատ զգույշ լինել։ Մի բան մեկի համար ճգնաժամ է, մյուսի համար կարող է մի փոքր բան լինել։ Ըստ իս` հիմա իրավիճակը լարված է եւ սպասողական։
-Վստահաբար, ժողովրդին հետաքրքրում է` ինչո՞վ են հիմա զբաղված պաշտոնանկ եղած նախարարները։
-Ժողովրդի՞ն, թե՞ «Ժողովուրդ» օրաթերթին։ Առավոտյան վեր եմ կացել, երեխաներիցս մեկին տարել եմ մանկապարտեզ, գնացել եմ գնումների, ընկերոջս հետ եմ հանդիպել, մյուս երեխայիս բերել եմ դպրոցից։ Մի խոսքով, ապրում եմ իմ սովորական կյանքով։
-Նկատելի էր, որ դուք Ձեր հրաժեշտի խոսքում բոլորին շնորհակալություն հայտնեցիք բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Մամուլն էլ այս թեմային ուշադրություն դարձրեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
-Հանդիպել եմ նման բաների։ Դա աբսուրդ է։ Չգիտեմ` ինչպես ասեմ, որ կոպիտ չհնչի, բայց դա խեղման դրսեւորում է, որովհետեւ վարչապետը կառավարության մաս է։ Շնորհակալություն հայտնելով կառավարությանը` շնորհակալություն հայտնել եմ կառավարության բոլոր անդամներին` այդ թվում նաեւ վարչապետին։ Վարչապետը կառավարության անդամ է, թող բացեն, սահմանադրություն կարդան։ Ի վերջո, պետք չէ շիզոֆրենիայի մակարդակի հասնող հարցեր բարձրացնել։ Նման բաներ ասողներին ընկերաբար խորհուրդ կտամ` հետաքրքրվեն իրենց հոգեկան առողջության վիճակով:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ԱՆԳԱՄ ՎԵՐՆԱԳՐԻՑ ԳԼՈՒԽ ՉԵՆ ՀԱՆՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում բուռն քննարկման արժանացած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը եկավ եւս մեկ անգամ ապացուցելու, որ շատ հաճախ կառավարության անդամները գործում են պահի թելադրանքով: Ընդ որում, հաճախ լինում են դեպքեր, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախարարները վերջում ետ են կանգնում իրենց կարծիքից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած տեսակետը վեր դասելով եւ պարզապես լռելով: Երեկ տեղի ունեցածը եւս դրա վառ ապացույցն էր:

Մասնավորապես, երեկ ներկայացված նախագծով առաջարկվում էր կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաեւ չորս եւ ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում: Սա արվում էր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում: Սակայն Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ` պետք է նշվեր ոչ թե չորս եւ ավելի պետությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում, այլ բացառիկությամբ պայմանավորված: Նախագծի հիմնական զեկուցողը եւ, ըստ էության, նաեւ ձեւակերպումների հեղինակը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր, ով այս առումով վարչապետից դիտողություն ստացավ: Եվ սրանից հետո կառավարության ՔՊ-ական անդամները փորձեցին ամեն կերպ պաշտպանել Տիգրան Ավինյանին:
Օրինակ, փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մտահոգություն հայտնեց, որ եթե բացառիկ գրեն, ապա դա շատ մեկնաբանությունների առիթ կտա, եւ տեսականորեն ամեն երեքշաբթին կառավարությունը կարող է համարել բացառիկ: Նա նույնիսկ պաշտպանեց՝ ասելով. «Ես չեմ մասնակցել այս ձեւակերպումը գտնելու գործընթացին, բայց երբ Տիգրան Ավինյանը կարդում էր նախագիծը, մտածում էի՝ ինչ լավ ձեւակերպում է կարողացել գտնել»,- ասաց նա:
Թերեւս քննադատության ամենամեծ չափաբաժինը ստացավ ՀՀ սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանը, ով նշեց, թե հարցը կապված է կառավարության լիազորությունների հետ, եւ մտածում են` Ազգային ժողովում քննարկման առարկա կդառնա: Վարչապետն էլ երիտասարդ նախարարին հայրաբար սաստեց. «Ձեր մեկնաբանություններն աբսուրդ են»: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ ի սկզբանե տրված է բացառիկ իրադարձության ձեւակերպումը, բայց դա կառավարությանը կտա լայն լիազորություն, եւ Ազգային ժողովում տարընթերցումներ կլինեն:
Այս խոսակցությանը կեսից միջամտեց արդեն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Ինձ անհանգստացնում է, որ սա տոների եւ հիշատակների օրերի մասին է, մենք ֆրանկոֆոնիան դիտում ենք տո՞ն, թե՞ հիշատակ»,- ասաց նա եւ դա առաջացրեց կառավարության անդամների ծիծաղը: Նաեւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսեց ու ասաց, որ նախկինում ՀՀ-ն 6 եւ ավելի երկրների ղեկավարներ է ընդունել, ու խնդիրներ չեն եղել:
Վարչապետն ամփոփելով ասաց, որ այս որոշումը ոչ միայն ղեկավարների հետ է կապված, այլ այն գագաթնաժողով է, որին հազարավոր մարդիկ են մասնակցում, եւ այդ մարդիկ նույն ժամին, նույն տեղը պետք է տեղաշարժվեն, ըստ էության, Երեւանի բոլոր կողմերից, եւ պետք է այնպես կազմակերպել, որ ապահովեն՝ ուշացումներ չլինեն, խցանումների մեջ մարդիկ չհայտնվեն:
Այսպիսով, Փաշինյանն առաջարկեց փոփոխություն կատարել, չորս եւ ավելի ղեկավարների այցից բացի նշել` «ինչպես նաեւ բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ»: Եվ արդեն սրանից հետո այլեւս ոչ ոք, այդ թվում մինչ այդ Տիգրան Ավինյանին պաշտպանողները, ձայն չհանեցին. բայց կարող էին գոնե դեմ քվեարկել՝ այդպես իրենց դիրքորոշումը պնդելով եւ իրենց դեմքը փրկելով: Դա էլ չարվեց: Եթե ղեկավարն ասում է, ուրեմն ճիշտ է սկզբունքով, հավանաբար: Իսկ որ ղեկավարը ճիշտ էր, միանշանակ է:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԼՈՒԾԱՐՎԱԾ ԱԺ-ՈՎ
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 5-ը Ազգային ժողովի մշտական խմբակցություններում նախատեսված է քննարկել 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: Իսկ քննարկումներից հետո այն արդեն կհաստատվի նոյեմբերի 13-ին մեկնարկող հերթական նիստերին: Սակայն հետաքրքիրն այն է, որ չի բացառվում` այդ քննարկումներն անցկացվեն հրաժարական տված կառավարության եւ լուծարված Ազգային ժողովի պայմաններում: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո հրաժարական տալու հնարավորության մասին, իսկ դա էլ նշանակում է, որ 14 օր անց, երբ երկու անգամ վարչապետ չընտրվի, Ազգային ժողովը պետք է իրավունքի ուժով ազատ արձակվի: Սակայն Սահմանադրությունը սահմանում է, որ արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, եւ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին: Այսինքն` փաստացի մինչեւ դեկտեմբերի կեսեր (քանի որ Նիկոլ Փաշինյանը հենց դա է ընտրությունների հնարավոր ժամկետ համարում) այս խորհրդարանը գործելու է եւ կարողանալու է օրենքներ անցկացնել կամ մերժել, այդ թվում հենց պետական բյուջեի նախագիծը, որը միգուցե վտանգի տակ է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ-ում լայնորեն քննարկում են բյուջեն տապալելու սցենարը, եթե իրադարձություններն իրենց ցանկալի հունով չընթանան:

 

 

ՄՏԱՀՈԳԻՉ ԱՆԿՈՒՄ
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալներն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի նվազել են` կոնվերտորային պղնձի` 2.2 տոկոսով: Այս տարվա 8 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պղնձի խտանյութի արդյունահանման ծավալներն են բավականին նվազել` 19.9 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից պարզեց՝ անցած տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 280 հազար 100 տոննա պղնձի խտանյութ` այս տարվա նույն ժամանակահատվածի 224 հազար 300 տոննայի դիմաց: Սա նշանակում է, որ իրականում արդյունաբերությունում լուրջ անկում ունենք: Մինչդեռ հայաստանյան տնտեսության հիմնական շարժիչ ուժը տարիներ շարունակ եղել է հանքարդյունաբերությունը: Հանքարդյունաբերության մասով այս տարվա հունվար-օգոստոսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրված անկումը կազմել է շուրջ 10.4 տոկոս: Ըստ մասնագետների` պատճառը հանքարդյունաբերական ընկերությունների պարապուրդն է: Չէ՞ որ Հայաստանի խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել է Թեղուտի հանքավայրի շահագործումը:




Լրահոս