Ինչպես հայտնի է, 2018թ. սեպտեմբերի 25-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում թթվածնի գլանանոթ էր պայթել, եւ մահացել էր թթվածնի արտադրամասի օպերատորը: Պարզվեց, որ դժբախտ պատահարի պատճառը եղել է ԲԿ-ին չպատկանող թթվածնի «բալոնը», որը տեխնիկական անհամապատասխանություն է ունեցել:
Նկատենք, որ ԲԿ-ն տեւական ժամանակ է, ինչ հայտնվել է ինչպես առողջապահության նախարարի, այնպես էլ իրավապահների ուշադրության կենտրոնում: Հուլիսի 27-ին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ աշխատանքից հեռացնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Մինասյանին: Այնուհետեւ ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արման Հովակիմյանը, որը, ըստ հրապարակումների, նախարարի մտերիմ ընկերն է:
Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը հիվանդանոցում տեղի ունեցած դեպքի մասին զրուցեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:
-Պարո՛ն Թորոսյան, «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թթվածնի «բալոն» է պայթել, մարդ է մահացել, ու պարզվում է, որ այդ «բալոնը» ԲԿ-ին չի պատկանում:
-Քննություն է ընթանում, եւ բազմաթիվ բաներ հայտնի են, քննությունը շարունակվում է:
-ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ասել էր, որ թթվածնի «բալոնը» չի պատկանել հիվանդանոցին, հիմա ասեք, եթե շատ բաներ հայտնի են դարձել, այդ «բալոնը» ո՞վ եւ որտեղի՞ց էր բերել, որ տնօրենն էլ անտեղյակ էր:
-Դրսից է բերվել:
-Դրսից որտեղի՞ց:
-Ի՞նչ նկատի ունեք` որտեղից:
-«Բալոնը» որտեղի՞ց էր բերվել, որ տնօրենն էլ չգիտեր` իր ենթակայությամբ գործող ԲԿ-ում ապօրինի «բալոն» կա:
-Լիցքավորողը իր հետ բերել էր բալոնը եւ չնախատեսված, չթույլատրված եւ ինքնուրույն կատարել է լիցքավորում:
-Դուք հիվանդանոցի տնօրեն փոխեցիք եւ բերեցիք մեկ այլ տնօրենի, որ հիվանդանոցում կարգ ու կանոն հաստատեր: Սա՞ էր կարգ ու կանոնը. չթույլատրված թթվածնի «բալոնը» բերում են, բայց այդ մասին տնօրինությունը չգիտի, եւ ավելին` մարդ է մահանում:
-Ես Ձեր հարցի ենթատեքստը մի քիչ լավ չեմ հասկանում: Ի՞նչ է նշանակում` ավելի վատ պատկեր:
-Զոհ ունեցանք, դա վատ պատկեր չէ՞:
-Ձեզ բացատրեցի, որ մարդը կատարել է խախտում, որի համար հիմա գնում է քննություն, որի մանրամասները կպարզվի: Բերել է բալոնը, որը թույլատրված չէ:
-Ո՞վ է եղել բերողը, զոհված ա՞նձը:
-Այո, զոհվածը, կատարել է լիցքավորում, որը որ չէր կարելի կատարել:
-Իսկ տնօրինությունը իմացե՞լ է, որ նման բան կա իր ենթակայության տակ գտնվող հիվանդանոցում:
-Նախապե՞ս:
-Այո:
-Դուք պատկերացնո՞ւմ եք` 1600 աշխատողների գործողությունների մասին նախապես տնօրենը իմանա:
-Ստացվում է, որ տնօրենը չի տիրապետում` իր ղեկավարության տակ գտնվող հիվանդանոցում ինչ է կատարվում:
-Դուք իմ հարցին կարո՞ղ եք պատասխանել:
-Պետք է տիրապետի: Հիմա իր մեղքը չէ՞, որ զոհ ունեցանք:
-Իհարկե, կպարզվի ում մեղքն է, նորից եմ կրկնում, եթե որեւէ մեկը կարող է 1600 մարդու գործողությունների մասին նախապես տեղեկանալ, ես իրեն կշնորհավորեմ հանճար լինելու կապակցությամբ:
-Իսկ դուք կատարվածում Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում, դուք տնօրեն փոխեցիք, որ լավ լինի, բայց ավելի վատ եղավ:
-Մենք ունենք ավելի լավ բժշկական կենտրոն, եւ այդ բժշկական կենտրոնը ավելի լավանում է, ինչպես շատ բժշկական կենտրոններ:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԽՄՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ
Իրավապահ համակարգում ներքին խմորումներ են սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննություն իրականացնող մարմինը տարբեր քրեական գործերով չի կարողանում համաձայնության գալ վերահսկող դատախազների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազությունը գրեթե բոլոր նախաքննական մարմինների հետ խնդիրներ ունի: Բանն այն է, որ Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները հայտնվել են խնդրի առաջ:
Մի շարք փաստաբաններ, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, հայտնեցին, որ դատարաններ միջնորդություններ են ներկայացնում իրենց պաշտպանյալների մասով, սակայն քննիչները չեն ներկայանում դատարան` պատճառաբանելով, թե շատ զբաղված են: Արդյունքում իրենց պաշտպանյալները շարունակում են ամիսներով մնալ կալանքի տակ:
Իսկ արդյոք քննիչները զբաղվա՞ծ են, թե՞ այլ խնդիր կա: Իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրականում քննիչների վարույթում հսկայական գործեր են ավելացել: Միաժամանակ, քննիչները քրեական գործերը վերահսկող դատախազների հետ քրեական գործերով անհամաձայնություն ունեն, եւ որպեսզի երկու ուժային կառույցները իրենց ներքին խմորումները ի ցույց չդնեն փաստաբանների մոտ, առաջ են քաշում զբաղվածության հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, թե արդյոք ՀՀ գլխավոր դատախազությունը նախաքննական մարմինների հետ խնդիրներ ունի: Բանն այն է, որ քննիչները գործը վերահսկող դատախազներին այդքան էլ չեն վստահում, եւ այդ մթնոլորտը բերում է նրան, որ այս օրերին մի շարք քրեական գործերով դատարաններ ներկայացվող միջնորդությունների ու քննչական գործողությունների ընթացքը կասեցվել է: Ի պատասխան մեր հարցման` հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Նմանատիպ խնդիրների, քննիչների կողմից դատախազներին չվստահելու մասին խոսակցությունները ծիծաղելի են: Դատախազության եւ նախաքննության մարմինների մեջ բնականոն աշխատանքային հարաբերություններ են:
Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանել է դատավարական գործընթացի ցանկացած փուլում, ցանկացած իրավիճակում դատավարության մասնակիցներից, քրեական հետապնդման մարմիններից յուրաքանչյուրի իրավասություններն ու անելիքները: Նման անհեթեթությունների հանրայնացումը ոչ այլ ինչ է, քան այդ կառույցների միջեւ եւ հատկապես Դատախազության հանդեպ անվստահություն սերմանելու անհաջող փորձ»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆՈՐ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ
ՀՀ ոստիկանությունում նոր նշանակում է կատարվել. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Երեւանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը: Հիշեցնենք, որ այս պաշտոնը տեւական ժամանակ թափուր էր, օգոստոսի 24-ին այս պաշտոնից ազատվել էր Արտակ Պողոսյանը:
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍՏԱՆՁՆԵՆ
«Իմ քայլ»-ը դաշինքի Երեւանի ավագանու անդամ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ ԿԸՀ-ում թղթաբանությունը կավարտվի, եւ Երեւանի ավագանու անդամներն իրենց լիազորությունները կստանձնեն: Նրա փոխանցմամբ` առաջին նիստը կլինի հոկտեմբերի 10-ին: Մինչ առաջին նիստն ավագանին բազմաթիվ գործառույթներ ունի` խմբակցությունների կազմավորումներ, հանձնաժողովների կազմերի հստակեցում: «Առաջին նիստում օրենքը պահանջում է հստակ որոշումներ կայացնել, եւ այդ որոշումները կայացնելուց առաջ ավագանին պետք է գործի, որպեսզի առաջին նիստին պատրաստի նախագծեր ներկայացնի»,-ասել է նա: Հարցին` ճի՞շտ են տեղեկությունները, որ իրենց նախորդները որոշ բաներ իրենց հետ տարել են, ինչպես, օրինակ, քաղաքապետարանի սոցցանցերի հաշիվները, քաղաքապետարանի առջեւ տեղադրված հուշաքարը, Վահագն Հովակիմյանը նշել է, որ իրենք էլ են լսել, ինչպես բոլորը. «Մենք քանի որ օրինապաշտ ենք, քաղաքապետարան մուտք կգործենք այն ժամանակ, երբ արդեն օրինական իրավունք ունենանք»,-շեշտել է ավագանու անդամը:
ՀՐԱՀԱՆԳ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Ըստ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` վերջին օրերի համեմատ` երեկ եղել է ամենացածր հրադադարի խախտման վիճակագրությունը: Հարցին` արդյոք համակարծի՞ք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, թե իրավիճակի կայունությունը պայմանավորված է Ալիեւի հետ կարճատեւ զրույցով, Դավիթ Տոնոյանը պատասխանել է. «Մենք ստացել ենք հրահանգ չթիրախավորելու եւ պահպանելու հրադադարի ռեժիմը, եւ դա մենք իրականացնում ենք»:
ՃԱՆԱՊԱՐՀ ԷԻՆ ՓԱԿԵԼ
Երեկ Շիրակի մարզի 15-ից ավելի համայնքների բնակիչներ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Մարալիկի վարչական տարածքում փակել էին ճանապարհը` պահանջելով, որ մարդիկ չխոչընդոտեն համայնքապետ Արտակ Գեւորգյանի աշխատանքը: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են կառավարությունից ու Շիրակի մարզետարանից, որ միջամտեն եւ խնդիրը իրավական հարթությունում լուծեն, քանի որ նրանց կատարած քայլերի արդյունքում համայնքապետարանում գործող 6 հիմնարկություն մատնվել է պարապուրդի:
ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ
Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառումները հետաձգվել են Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ երգահան Շարլ Ազնավուրի մահվան կապակցությամբ. այս մասին հայտնել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից: Արդեն մի քանի տարի է` ուսուցչի տոնը կայուն օր է նշվում` հոկտեմբերի 5-ին: Այդ օրը կազմակերպվող հանդիսավոր արարողության ժամանակ էլ պարգեւատրվում են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» եւ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթներում հաղթողները: Ամենայն հավանականությամբ, դրանք կանցկացվեն ֆրանկոֆոնիայի երեւանյան գագաթնաժողովից հետո, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 11-12-ը: