Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 7-ից Հայաստանում սկսվում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանում կլինեն ավելի քան 80 անդամ պետությունների եւ կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ 25-ից ավելի պատվիրակությունները պետության ղեկավարների մակարդակով: «Ժողովուրդ» օրաթերթը այս միջոցառման հետ կապված մի շարք հարցերի մասին զրուցեց ԱԺ պատգամավոր, ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ:
-Տիկի՛ն Եսայան, հայտնի է, որ Հայաստանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, եւ Հայաստանը բավականին երկար ժամանակ է պատրաստվում դրան։ Ի՞նչ է դա տալու Հայաստանին։
-Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ են 84 ֆրանսախոս երկրներ: Սա ունի տնտեսական, լեզվամշակութային եւ քաղաքական հնարավորություններ։ Մենք լիարժեք անդամն ենք այս կազմակերպության, մեր խորհրդարանը այս կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի լիարժեք անդամ է 2014 թվականից։ Դուք շատ լավ գիտեք, որ ցանկացած միջազգային հարթակ մեր պետության համար կարեւոր է, եւ մենք փորձում ենք միջազգային հարթակները օգտագործել։ Մոտ 2-3 տարի առաջ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի ջանքերով եւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով Ֆրանկոֆոնիայում մեր աշխատանքները ավելի ակտիվացան, եւ նաեւ ուզում եմ հատուկ կերպով նշել, որ այս ամենի մեջ մեծ դերակատարություն ուներ Շառլ Ազնավուրը։ Նրա խարիզման, կերպարը, տեսակը, հայ ժողովրդի հանդեպ նրա վերաբերմունքը ֆրանկոֆոն երկրներում միայն դրական էմոցիաներ էր առաջացնում։ Սկսեցին աշխատանքներ եւ պայմանավորվածություններ, որպեսզի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը տեղի ունենա Հայաստանում։ Ըստ այս կազմակերպության կանոնակարգի՝ այն պետությունը, որտեղ անցկացվում է այդ գագաթնաժողովը, երկու տարով դառնում է այդ միջազգային կազմակերպության նախագահող երկիր։ Կարծում եմ՝ իշխանությունները որքան էլ փոխվեն, անձերը փոխվեն, գոնե այս իրողության հետ պետք է հաշվի նստել եւ պիտի հարգալից լինել կատարած աշխատանքի նկատմամբ։
-Դուք խոսեցիք քաղաքական իրավիճակի մասին։ Այնուամենայնիվ, սա իրականցվելու է այլ իշխանության օրոք։ Կա՞ ափսոսանք, որ հիմա «Հանրապետական» կուսակցությունը չէ իշխանության։
-Որեւէ խնդիր չեմ տեսնում։ Իշխանությունները միշտ էլ անցողիկ են, իսկ միջազգային շփումները մնայուն են, եթե դու առաջնորդվում ես պետության շահերով։ Ցանկացած իշխանության դեպքում այս միջոցառումը պիտի տեղի ունենար, եւ հիմնական աշխատանքները արդեն կատարված էին՝ ֆինանսական հարցերի հետ կապված, հյուրանոցների եւ այլն։ Ի պատիվ այս իշխանության՝ պիտի ասեմ, որ աշխատանքների շարունակականությունը ապահովվում է։ Որեւէ իշխանություն չի կարող չշարունակել այն աշխատանքը, որը սկսել է իր նախորդը։ Պարզապես իմ ցանկությունը այն է, եւ ես կասկածներ ունեմ, որ գոնե պիտի բավականաչափ բարեկիրթ լինել, եւ բոլոր այն մարդիկ, ովքեր լուրջ դերակատարություն են ունեցել սրա կայացման համար, հրավիրվեն։ Խոսքը, օրինակ, Նալբանդյանի, Սերժ Սարգսյանի, բազմաթիվ մանր եւ միջին պաշտոնյաների մասին է։ Կարծում եմ` նրանք պիտի մասնակցեն այս միջոցառմանը գոնե հյուրի կարգավիճակով։
-Հայտնի՞ է` խորհրդարանից ովքեր են մասնակցելու։
-Ազգային ժողովի նախագահը եւ ես դեռ հրավեր չենք ստացել։ ԱԺ նախագահը ֆրանկոֆոն է եւ ինքն էլ դերակատարություն է ունեցել տարբեր երկրների դեսպանների հետ հանդիպումներում։ Ես էլ ունեցել եմ իմ փոքրիկ մասնակցությունը։ Կարծում եմ՝ գոնե հյուրի կարգավիճակով պետք է ներկա լինենք, բայց հակառակ դեպքում էլ որեւէ խնդիր չկա։ Կուզեմ, որ Հայաստանը պատվով դուրս գա այս միջոցառումից։
-Որքանո՞վ ենք մենք պատրաստ պատվով դուրս գալուն։
-Մենք ամբողջովին պատրաստ ենք։ Եւ այս կառավարությունը շարունակում է սկսած գործը։ Բոլոր պայմանավորվածությունները հստակեցված են։ Սեպտեմբերի սկզբին Հայաստան ժամանեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար տիկին Միկայել Ժանը եւ «Թումո» կենտրոնում հանդիպեց Ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի ուսանողների հետ։ Նա ուղղակի հիացած է այն երիտասարդությամբ, որը այսօր կա Հայաստանում, եւ իրենց ֆրանսերենի իմացությամբ։ Ուզում եմ ասել՝ Հայաստանը բացահայտ առաջատար է այս հարցում եւ կիսում է ֆրանկոֆոն աշխարհի արժեհամակարգը։ Պարզապես ես կուզեի, որ մեր հասարակությունում շատ ավելի շատանան ֆրանսերեն խոսողները։ Ի պատիվ վարչապետի՝ ասեմ, որ ֆրանսերենով նրա ելույթը շատ ուրախալի էր։
-Մամուլում հրապարակումներ կան այն մասին որ ՀՀԿ-ն ամեն կերպ փորձում է խոչընդոտել այդ գագաթնաժողովի անցկացումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
-Ես անմիջապես հերքեցի դա։ Հետո հայտարարություն եղավ նաեւ մեր կուսակցության գրասենյակի մամուլի կողմից։ Կարծում եմ՝ այն լրատվամիջոցը, որը ոչ բարեխիղճ գործունեություն է ծավալում, պիտի հետեւություն անի։ Չի կարելի ասել այն, ինչը ճիշտ չէ, ինչը ոտքից գլուխ սուտ է։ Եվ բոլոր այն անձինք, ովքեր սոցիալական կայքերում սա կարդալուց հետո բացասական վերաբերմունք ցույց տվեցին, հիմա պետք է վերանայեն իրենց կարծիքը եւ կամքի ուժ ունենան խոստովանել, որ իրենք սխալվել են։ Չի կարելի անընդհատ այդ թույնը թափել, հետո նորից զրոյական կետից սկսել։ Թույնը հետ գնալու սովորություն ունի։
-Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ասաց, որ հրաժարական ներկայացնելուց առաջ պատրաստվում է այդ մասին խոսել ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ղեկավարների հետ։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ արձագանք կլինի։
-Չեմ պատկերացնում, թե ինչի մասին պետք է խորհրդակցի։ Գուցե պիտի խորհրդակցեր, եթե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինի։ Չգիտեմ։ Պարզապես ենթադրում եմ։ Իր բոլոր ելույթներում նա հայտարարել է, որ այդ գագաթնաժողովի ժամանակ ֆորսմաժորներ չեն լինի։ Հույս ունեմ՝ ինքը հենց այդ դաշտ կվերադառնա եւ կշարունակի վարչապետի՝ իր պարտականությունները, որպեսզի ամեն բան նորմալ անցնի, որեւէ արտառոց բան չլինի։ Բայց կարծում եմ՝ նույնիսկ պաշտոնակատարի կարգավիճակով ինքը հանգիստ կարող է դիմավորել հյուրերին։ Նրանք չեն գալիս Նիկոլ Փաշինյանի տուն։ Նրանք գալիս են Հայաստանի Հանրապետություն՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ մի պետություն, որը ամբողջովին կիսում է Ֆրանկոֆոնիայի արժեհամակարգը, եւ գալիս են բարեկամաբար։ Բոլորովին կապ չունի՝ ով, ինչ պաշտոն կունենա այդ պահին:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՆՈՐԻՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Մի քանի օր առաջ Իջեւան քաղաքում կալանավորվել է Իջեւանի բնակիչ Անդրանիկ Խոջումյանը, ով համաքաղաքացիների շրջանում առավել հայտնի է «Խադավիկ Անդո» մականունով: 2014թ. ապրիլի 1-ին Իջեւան քաղաքի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի տարածքում կրակոցներ էին հնչել: Իջեւանին հարակից Գետահովիտ գյուղի մի խումբ բնակիչներ Աշոտ Այդինյանի գլխավորությամբ մի հողատարածքի հետ կապված խնդրով գնացել են ռեստորանային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի հետ «հարցեր պարզելու»: Ա. Խոջումյանը, տեսնելով համալիր մտնողներին, կրակ էր բացել, հնչել էին փոխադարձ կրակոցներ:
Դեպքից հետո սկզբում մեղադրանք է առաջադրվել Աշոտ Այդինյանին, սակայն հետո նա ազատ է արձակվել, մեղադրանք է առաջադրվել Ա. Խոջումյանին, քրեական գործի ապացույցները կեղծելու համար` ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանին եւ Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին: 2015 թ. օգոստոսի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Անդրանիկ Խոջումյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով մեղավոր է ճանաչել եւ նրան դատապարտել 6 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման, Ա. Ազիբեկյանին եւ Ա. Ավետիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով, Ազիբեկյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, Ավետիսյանին՝ 4 տարվա ազատազրկման: Այդ վճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին ներկայացվել: 2016թ. մարտի 29-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը որոշել է Ա. Ազիբեկյանի պատժաչափը փոխել, այն դարձնել չորս տարվա ազատազրկում, Ա. Ավետիսյանի պատժաչափը թողնել նույնը, Ա. Խոջումյանին մեղավոր ճանաչել 137 հոդվածի 1-ին մասով, նրան ազատ արձակել: Այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ. Մելքոնյանը, այդ բողոքը մասնակի բավարարվել է` Ա. Խոջումյանի վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանի 2016թ. մարտի 29-ի որոշումը բեկանվել է, գործն ուղարկվել է նույն դատարան նոր քննության:
Այդ դատարանի 2018թ. փետրվարի 22-ի որոշմամբ` Ա. Խոջումյանի վերջնական պատիժ է թողնվել կրելու 3 տարի, 3 ամիս, 25 օր ժամկետով ազատազրկումը: Խոջումյանի պաշտպանները դրա դեմ վճռաբեկ բողոք են բերել: 2018թ. սեպտեմբերի 5-ին վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Խոջումյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը: Այդ որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ 19 ՏԱՐՎԱ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում կրքերն օր օրի թեժանում են: Տեւական ժամանակ է, ինչ Ուրցաձոր խոշորացված համայնքի 3 գյուղերի մի խումբ բնակիչներ պահանջում են գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Ի նշան բողոքի` ուրցաձորցիները փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին:
Սակայն Անդրեասյանը, հակառակը, վճռական է տրամադրված: Նա չի պատրաստվում հրաժարական տալ: Ավելին` Ռաֆիկ Անդրեասյանը մտադիր է դիմել դատարան իրեն զրպարտելու համար: Նրա խոսքերով` իր դեմ բողոքի ակցիաները կազմակերպվում է Մանուկ Մանուկյանի կողմից, ով նախկինում մտերիմ է եղել իր հետ: Ի դեպ, նշենք, որ Ռաֆիկ Անդրեասյանը 19 տարի է, ինչ Ուրցաձորի գյուղապետ է: Ըստ դժգոհող բնակիչների` Ռաֆիկ Անդրեասյանը գյուղապետի պաշտոնում բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել: Նրանց պատմելով` գյուղապետարանի նախկին շենքն այժմ Անդրեասյանի առանձնատունն է: Սակայն Անդրեասյանի պնդմամբ` «ամեն ինչ արվել է օրենքի շրջանակում»: Բացի այս, գյուղացիները պատմում են, որ գյուղապետն ու իր ընտանիքը տնօրինում են համայնքի վարձակալական հողերի նշանակալի մասը:
«Ժողովուրդը այսօր ոչ թե հրաժարական է ուզում, այլ ընտրելու հնարավորություն: Տարիներ շարունակ էս ժողովուրդը ընտրության իրավունքից զրկված է եղել»,-երեկ հայտարարել են բողոքի ակցիային մասնակից գյուղացիները: Տեղեկացնենք, որ գյուղապետարանի մոտ հավաքվել են նաեւ գյուղապետի աջակիցները, որոնք գոհ են Անդրեասյանի աշխատանքից: Նրանց խոսքերով` Անդրեասյանը գյուղապետարանի նոր շենք է կառուցել, շուտով կսկսի գործել մանկապարտեզը: Ի դեպ, նշենք, որ սա առաջին գյուղը չէ, որտեղ թավշյա հեղափոխությունից հետո բողոքի ակցիաներ են տեղի ունենում` ընդդեմ գործող համայնքապետերի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ