ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը, որը հաստատվեց կառավարության նիստում, արդեն ուղարկվել է խորհրդարան: Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ այս տարի արտաբյուջետային գործառնությունները ԱԺ-ում կքննարկվեն հոկտեմբերի 29-ից դռնբաց:

Միայն թե նկատենք` հաջորդ տարի նպաստի ու աշխատավարձի բարձրացում չի սպասվում, փոխարենը կավելանա նվազագույն կենսաթոշակը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ 2019 թվականի պետական բյուջեն այս կառավարության երազանքների բյուջեն չէ: Չնայած սրան` երազանքների իրականացումը փորձել են համադրել իրականության հետ: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է` պարտք չի վերցնելու, թոշակ, նպաստ ու աշխատավարձ չի բարձրացնելու: Ի դեպ, 2019 թ. պետբյուջեի նախագծում 20 մլրդ դրամով կավելանան կենսաթոշակային հատկացումները, ինչի արդյունքում 16 հազար դրամ նվազագույն կենսաթոշակը հունվարի 1-ից կդառնա 25 հազար 500 դրամ: Ըստ ֆինանսների նախարարի` արտաքին պարտքը հաջորդ տարում կկազմի 7 մլրդ 360 մլն դոլար, ապա խոստացավ, որ այն չի ավելանա: Ավելին` այն անգամ կսկսի նվազել:
Սակայն նախարարը խուսափեց ծախսերը ներկայացնելուց, ապա նշեց, որ ծախսերի կառուցվածքում շատ բան չի փոխվել, մեծ տեսակարար կշիռ ունեն սոցիալական ծախսերը:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց պետական իշխանության մարմինների պահպանման ծախսերը: Պատկերը հետաքրքիր է. ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման ծախսերը 2019 թվականի համար ծրագրավորվել են 10 մլրդ 276 մլն 300 հազար դրամի չափով, որը 2018 թվականի մակարդակը գերազանցում է 135.8 մլն դրամով: Մեզ հայտնի դարձավ, որ ծախսերի աճը պայմանավորված է Իսրայելում ՀՀ դեսպանի նշանակման, Վահե Դեմիրճյանին ԵԽ մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղելու կապակցությամբ եւ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան արձակուրդն անցկացնելու համար ճանապարհածախսի վճարման հետ կապված անհրաժեշտ միջոցների նախատեսմամբ:
Ի դեպ, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի պետական մարմինների պահպանման ծախսերի մեջ ներառված է նաեւ ՀՀ քննչական կոմիտեին հատկացված վարչական շենքերի վերանորոգման հարցը, ինչի նպատակով կծախսվի 261.2 մլն դրամ: Նշենք, որ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների աշխատողների աշխատավարձի ֆոնդը 2019 թվականի համար ծրագրավորվել է 63 մլրդ 737 մլն 500 հազար դրամ, որը այս տարվանից պակաս է 1 մլրդ 652 մլն 800 հազար դրամով: Սա հիմնականում պայմանավորված է պետական համակարգի օպտիմալացմամբ: Ի վերջո, այս տարվանից բավական պակասել է նաեւ նախագահի աշխատակազմը, նաեւ մի շարք այլ գերատեսչություններ:
Կարծես թե հաջորդ տարում պետական եկամուտների կոմիտեի աշխատողների «բախտը չի բերելու»: Բանն այն է, որ պետական եկամուտների կոմիտեի աշխատողների պարգեւատրման համար միջոցներ չեն նախատեսվել: Մինչդեռ ընթացիկ տարվա համար այս նպատակով հատկացվել է 2.4 մլրդ դրամ: Բայց մյուս կողմից, 2018-ի համեմատ, հաջորդ տարում էներգետիկ ծառայությունների ծախսերն են ավելանալու 34.2 մլն դրամով: Հաջորդ տարվա համար ծրագրավորվել են 2 մլրդ 199 մլն 300 հազար դրամի չափով: Կոմունալ ծառայությունների վճարները, ջրամատակարարման, ջրահեռացման, միջատազերծման հետ կապված ծախսերը հաջորդ տարվա համար կկազմեն 98.8 մլն դրամ, որն այս տարվանից ավելի է 11.7 մլն դրամով: Կապի ծառայությունների գծով ծախսերը 2019-ին եւս այս տարվանից ավելի կլինեն 55.9 մլն դրամով: Ի դեպ, նշենք, որ 2019-ի համար ծրագրավորվել է 2 մլրդ 32 մլն 200 հազար դրամի չափով:
Գործուղումների եւ ծառայողական ուղեւորությունների ծախսերը հաջորդ տարում, այս տարվա համեմատ, կպակասեն 244.6 մլն դրամով. 2019-ի համար ծրագրավորվել է 2 մլրդ 381 մլն 200 հազար դրամ: Փոխարենը ներքին գործուղումների համար նախատեսված ծախսերը կաճեն 16.9 մլն դրամով, իսկ արտասահմանյան գործուղումների գծով նախատեսված ծախսերը կպակասեն շուրջ 261,4 մլն դրամով: Պայմանագրային ծառայությունների ձեռք բերման ծախսերը ծրագրավորվել են 2 մլրդ 650 մլն դրամի չափով, որը ընթացիկ տարվա մակարդակից ավելի է 12,1 մլն դրամով: Դրանց մեջ ներառում են վարչական, համակարգչային, տեղեկատվական, կենցաղային եւ հանրային սննդի ծառայությունները, ներկայացուցչական ծախսերը:
Նկատենք, որ կկրճատվեն տրանսպորտային միջոցների պահպանման ծախսերը, ինչը պայմանավորված է 68 մեքենայի պահպանման ծախսերի կրճատմամբ: Օրինակ` այս նպատակով ծրագրավորվել է 1 մլրդ 176 մլն 700 հազար դրամի չափով, որը ընթացիկ տարվանից պակաս է 174.9 մլն դրամով: Ի դեպ, 2019-ին 1 մեքենայի պահպանման ծախսը ծրագրավորված է 1.2 մլն դրամի չափով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

17 ՀԱՄԱՅՆՔԸ ԲԱԺԱՆՎԵՑ 2 ՃԱՄԲԱՐԻ
Անի համայնքում բողոքի ակցիաները շարունակվում են: Համայնքապետարանի դուռը արդեն 4-րդ օրն է` փակ է: Ցուցարարներն արգելում են որեւէ մեկին ներս մտնել ու աշխատել` շարունակելով պահանջել ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը: Ի պատասխան այդ ամենի` համայնքապետարանի աշխատակիցներն էլ փակել են Գյումրի-Մարալիկ ճանապարհահատվածը: Նրանք էլ պահանջում են չխոչընդոտել իրենց աշխատանքին, բացել համայնքապետարանի դուռն ու թույլ տալ անցնել բնականոն ընթացքի: Երկու ճամբարների բաժանված 17 համայնքի բնակիչները ամբողջ օրը կաթվածահար են արել երթեւեկությունը. «Համայնքապետարանը 17 համայնքի համար է աշխատում: Արդեն մի քանի օր աշխատանքի չենք գնում, ո՞վ է փոխհատուցելու, ցուցարարների պահանջը աթոռակռիվ է, մենք թույլ չենք տալու, որ նրանք իրենց ծրագրերը կյանքի կոչեն»,-բողոքում է Արտակ Գեւորգյանի համակիրներից մեկը: Բնակիչների հետ զրուցել է փոխմարզպետ Արա Մելիքջանյանը: Նա փորձել է կողմերին հաշտեցնել ու բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, սակայն անօգուտ: Երկու կողմն էլ հստակ պահանջ ունեն ու չեն պատրաստվում նահանջել: «4 տարի գռփել, կերել է, սաղ համայնքներով դեմ ենք նրան: Ի՞նչ է արել տարիների ընթացքում: Նա Քոչարյանի մարդն է, հանրապետական է: Ո՞ւր է Նիկոլը, սաղին հանեց գործից, սրան ինչի՞ է թողել: Չի՞ ուզե մեզ էլ լսե»,- ասաց ցուցարարներից մեկը: Սակայն Արտակ Գեւորգյանը շարունակում է նրանց պայքարը դիտարկել որպես աթոռակռիվ: Օր օրի իրավիճակը Անիում դառնում է անկառավարելի: Բայց որեւէ արձագանք դեռեւս չկա. «Ես արդեն դիմել եմ համապատասխան կառույցներին: Ակնկալում եմ, որ ստեղծված իրավիճակը կկարգավորվի: Չեմ պատրաստվում մի քանի հոգու քմահաճույքի համար հրաժարական տալ»,-ասաց Արտակ Գեւորգյանը: Առաջիկա օրերին երկու ճամբարներն էլ շարունակելու են պայքարը: Նշենք, որ նրանց միացել են նաեւ դպրոցականներ:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շիրակ

 

 

 

311 ՄԼՆ 400 ԴՐԱՄ ՔԿ-ԻՆ
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել 311 միլիոն 400 դրամ` որպես պատճառված վնասի փոխհատուցում: Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվում է 28 քրգործ: «Հանրապետության տարբեր մարզերում եւ մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ ՀՀ տրասնպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում առերեւույթ թույլ են տրվել չարաշահումներ` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս»,-հաղորդում է Քննչական կոմիտեն: Նշված քրգործերով նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս