«Ժողովուրդ» թերթի զրուցակիցն է երգիչ Վրեժ Կիրակոսյանը: Մենք փորձել ենք բացահայտել նրա բնավորության քչերին հայտնի գծերն ու նախասիրությունները: Վրեժը պատմել է իր կյանքի երեք ճակատագրական պահերի, երջանիկ լինելու գաղտնիքի եւ այն անհավանական նվերի մասին, որ կյանքը պարգեւել է իրեն: Վրեժը խոսել է վախը հաղթահարելու իր մեթոդի եւ իր սովորության մասին, որին դիմում է բեմ դուրս գալուց առաջ: Երգիչը տեղեկացրել է, որ մի քանի օրից կծնվի իր երկրորդ զավակը, եւ ինքն անհամբերությամբ սպասում է շրջադարձային այդ իրադարձությանը:
-Վրե՛ժ, շարունակեք միտքը. «Ես աշխարհ եմ եկել, որպեսզի…»
-Որպեսզի իրականացնեմ այն ծրագիրը, որն ինձ համար նախատեսել է Աստված:
-Կա՞ մի հատկություն, որ ձեռք եք բերել հայտնի դառնալուց հետո: Ձեր կյանքը որքանո՞վ փոխվեց:
-Անկեղծ ասած` ավելի ամաչկոտ եմ դարձել: Ինձ հաճախ են ասում դա (ծիծաղում է):
-Մի բան, որին ձգտել եք դեռ մանկուց:
-Միշտ ուզեցել եմ խաղաղ կյանք ունենալ, առհասարակ, կոնֆլիկտային չեմ:
-Կենդանի, որի էությունը, վարքագիծը հոգեհարազատ է Ձեզ:
-Ես մի քանի կենդանու անուն կասեմ` շուն եւ ձի: Իսկապես, շատ եմ սիրում: Նրանք հավատարիմ են եւ բարի:
-Վախը հաղթահարելու Ձեր մեթոդը, տարբերակը:
-Բոլոր վախերը հանձնում եմ Աստծուն: Դա է խոչընդոտները հաղթահարելու լավագույն ձեւը:
-Շարունակեք միտքը. «Նա, ով խոսում է իմ ետեւից…»
-Շատ լավ մարդ է (ծիծաղում է): Ես չարությամբ չեմ լցվում ոչ ոքի հանդեպ:
-Հայաստանի ամենատեսարժան վայրը Ձեր աչքերով ո՞րն է:
-Իմ գյուղն է` Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղը: Հրաշք է մեր Լոռին, հրաշք:
-Նշեք, թե որոնք են Ձեր կյանքի երեք ճակատագրական կետերը:
-Առաջինը, երբ ավարտեցի դպրոցն ու ընդունվեցի իրավաբանական ֆակուլտետ, երկրորդը` հորս մահը, երրորդը` ամուսնությունս եւ երեխայիս ծնունդը, հաստատ ոչ «Իքս ֆակտորում» հաղթելը (ծիծաղում է):
-Ունե՞ք այնպիսի սովորություն, որին դիմում եք ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ:
-Այո, սովորաբար աղոթում եմ, դիմում եմ Աստծուն:
-Շարունակեք միտքը. «Նրանք, ովքեր երբեւէ նեղացրել են ինձ…»
-Կարծում եմ` մի օր կհասկանան, որ սխալվել են:
-Կա՞ մի բան, որ լավ ընկերը երբեք չպետք է անի:
-Լավ ընկերը երբեք չպետք է քո հետեւից բամբասի:
-Այս երեք գծերից ո՞րն է Ձեզ առավել բնորոշ` հեռատե՞ս, հաշվենկա՞տ, թե՞ բծախնդիր:
-Անշուշտ, բծախնդիր, այդպիսին եմ ե՛ւ անձնական կյանքում, ե՛ւ գործնականում:
-Կա՞ մի ուտեստ, որից երբեք չեք հրաժարվի, որքան էլ հյուրասիրեն, սիրով կհամտեսեք:
-Այո, դա մորս պատրաստած տոլման է:
-Ինչպե՞ս կձեւակերպեք` ո՞րն է երջանկության գաղտնիքը:
-Երջանկությունը պարզ, հասարակ լինելու մեջ է, այնպիսին, ինչպիսին կաս: Պարզապես պետք չէ ձեւացնել:
-Հաճա՞խ եք հիասթափվում, թե՞ ավելիի ակնկալիքներ չեք ունենում, որ հիասթափվեք:
-Ոչ, հաճախ չեմ հիասթափվում:
-Կա՞ մի բան, որ չէիք պատկերացնի, որ Ձեզ հետ տեղի կունենար:
-Այո, բալիկ ունենալը այն իմաստով, որ նայում ես նրան ու չես հավատում, որ այդ փոքրիկը քոնն է:
-Ունե՞ք մի երազանք, որը դեռ չի իրականացել, բայց վաղուց եք փայփայում:
-Այո, միշտ ցանկացել եմ, որ կինս ինձ չորրորդ երեխան պարգեւի: Ի դեպ, ասեմ, որ շուտով` ընդամենը մի քանի օրից, երկրորդ երեխաս է ծնվելու:
-Ո՞վ է Ձեր սիրելի նկարիչը:
-Լեոնարդո դա Վինչին է: Ոչ միայն երգարվեստում, այլեւ արվեստի մյուս ճյուղերի պարագայում նախընտրում եմ դասական արվեստը:
-Եվ վերջում, իմ տված հարցերից ո՞րն ավելի դուր եկավ:
-Կյանքի երեք ճակատագրական փուլերին առնչվող հարցը:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՔԱՂԱՔԱՊԵՏ ԼԻՆԵԼՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»
«Երեւանի քաղաքապետը պետք է լինի կիրթ, մայրաքաղաքն ու երեւանցիներին սիրող, սրտացավ: Այս բոլորը պարզապես խոսքեր չեն, այս բառերի մեջ մեծ իմաստ կա: Նա պետք է ամեն քաղաքացու կյանքով ապրի` կլինի դա սահմանափակ հնարավորություններով մեկը, տարեց, երիտասարդ, թե մանուկ. ամեն մեկի ցավը պետք է քաշի: Քաղաքապետի պաշտոնը ստանձնելն ամենեւին էլ ուրախություն չէ, այլ մեծ պարտավորություն»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը:
Նրա խոսքով` որպեսզի քաղաքապետը հաջողի, պետք է կորցնի քունը, որովհետեւ հանրությունն իրենից մեծ սպասելիքներ ունի, նա ինքնաբերաբար հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում. «Շատ կուզենամ, որ մայրաքաղաքում վերականգնվեն լավագույն ավանդույթները: Երբ այցելում եմ եվրոպական քաղաքներ, նկատում եմ, որ այնտեղ փողային նվագախումբը իրենց առօրյայի մի մասնիկն է, եւ մտածում եմ. «Դուք ու՞ր էիք, որ մենք փողային նվագախումբ ունեինք քաղաքում»: Իսկ այսօր մենք այդ գեղեցիկ ավադույթը չունենք, իրենք ունեն»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
«Մեր բակը» կոլորիտային ֆիլմում նկարահանված դերասանուհուն հարցրեցինք` մարդկային հարաբերություններում կա՞ն արժեքներ, որոնք կցանկանար` վերականգնվեին. «Շատ նման բաներ կան, բայց ես կցանկանայի մեր ձեռքբերումներից խոսել: Հատկապես ուզում եմ մեր երիտասարդության դերն ընդգծել: Ինքս, երբ երիտասարդ էի, 1988-ին` ուսանող, մասնակցում էի համաժողովրդական շարժմանը, եւ ինձ թվում էր, որ մեզնից լավ երիտասարդներ չկան եւ չեն էլ լինի: Բայց արի ու տես, որ ներկայիս երիտասարդությունը գերազանցեց մեզ: Ես նրանց մոտեցումներին նայում եմ մեծ հրճվանքով եւ սրտի թրթիռով: Որքա~ն ազատ են, կիրթ, պահանջկոտ իրենք իրենց եւ շրջապատի նկատմամբ: Շատ ոգեւորված եմ, իմ ծափողջույնները նրանց»,-եզրափակեց Զառա Արամյանը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՀՐԱԺԵՇՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիայում աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությունը կմեկնարկի ուրբաթ` ժամը 10-ին, Փարիզի կենտրոնում գտնվող Հաշմանդամների տանը: Արարողությունն ուղիղ եթերով կհեռարձակեն ֆրանսիական հեռուստաալիքները եւ lefigaro.fr կայքը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ կունենա Ազնավուրի ընտանիքի անդամների եւ հրավիրվածների ներկայությամբ: Բանակցություններից հետո Ազնավուրի ընտանիքն ի վերջո համաձայնել է, որ հրաժեշտի ազգային արարողություն կազմակերպվի: Շառլ Ազնավուրը մահացել է երկուշաբթի Ֆրանսիայի հարավ-արեւելքում գտնվող իր տանը: Նա մահացել է լոգարանում սրտի եւ շնչառական խնդիրների հետեւանքով:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Փարիզ մասնակցելու Ազնավուրի հուղարկավորությանը: Այդ օրը ՀՀ-ում եւ Արցախում հայտարարվելու է սգո օր:
ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ
Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղ»-ի գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի տնային հանդիպման նախախաղային ասուլիսում անդրադարձել է նաեւ Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը: Հայաստանի ազգային հավաքականի ավագն անգլիական ակումբի հետ չի մեկնել Բաքու: «Չեմ ցանկանում քաղաքականությունը խառնել սպորտի հետ, սակայն երբեմն դա հնարավոր չէ: Նրանք ցանկանում են խնայել նրան ու խուսափել խոսակցություններից: Այստեղ մարզիկներ են ժամանել այդ երկրից: Սակայն Ադրբեջանում կան մարդիկ, որոնք հարազատների են կորցրել այդ կոնֆլիկտի պատճառով, եւ բարդ կլինի զսպել հույզերը: Եթե 5-10 մարդիկ բռնկվեն, ամբոխը եւս կաջակցի նրանց: Բոլորի համար լավ է, որ նա չի ժամանել»,-ասել է մարզիչը:
ԿԼՈՊԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում իտալական «Նապոլի»-ից կրած պարտությունը` նվազագույն հաշվով: «Պարտվեցինք խաղով, այդ պատճառով քիչ բան կա ասելու: Ունեցանք պահեր, սակայն չափազանց բաց էինք խաղում: Մեր դասավորությունը լավագույնը չէր, քանի որ 3 պաշտպանները բախվեցին անլուծելի խնդիրների: Մենք դատապարտված էինք գոլ բաց թողնելուն: Այս խաղում մենք մրցակցից վատն էինք: Երկրորդ խաղակեսը բավականաչափ լավ չանցկացրինք: Դա վատ նշան է, երբ դու ստիպված ես խոստովանել, որ քո թիմում լավագույնը դարպասապահն էր: Պարտության մեղքը մեծամասամբ իմ վրա է»,-ասել է գերմանացի մասնագետը: Հիշեցնենք, որ այդ խաղում «Նապոլ»-ին նվազագույն հաշվով հաղթել էր վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ: