ՊՈԵՏՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այսօր սգո օր է հայտարարված: Ի հիշատակ մեծանուն Հայի՝ Շառլ Ազնավուրի` նրա հուղարկավորության օրը խոնարհվելու է հայոց եռագույնը: Իսկ երեկ Հայաստանի հիմնը հնչեց Փարիզի «Հաշմանդամների տանը», որտեղ անցկացվում էր Շառլ Ազնավուրի հոգեհանգիստը: Հնչեց նաեւ հայկական դուդուկը. «դլե յաման»-ի հնչյունների ներքո բերվեց Ազնավուրի աճյունը, որտեղ նրան հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարները. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը նաեւ ելույթ ունեցան: Տեսարանը, արտաբերված խոսքերն իրոք հուզիչ էին: ՈՒ ակնհայտ էր` Փարիզում պետական ամենաբարձր մակարդակով արված էր ամեն ինչ ընդգծելու Ազնավուրի անհատականությունը, Ֆրանսիայում ծնված, բայց եւ հայ Ազնավուրի անհատականությունը, երկու երկրների սերտ բարեկամության խորհրդանիշ համարվող Ազնավուրի անհատականությունը: Նրա մահը սգաց ողջ աշխարհը, նրան հրաժեշտ տալու գնացել էին բոլորը՝ ոչ միայն արվեստագետները, այլեւ Ֆրանսիայի իշխանական ողջ վերնախավը, նաեւ այդ երկրի նախկին նախագահները՝ Ֆրանսուա Օլանդն ու Նիկոլա Սարկոզին: Այնտեղ էր նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Բայց, ցավոք, այնտեղ չէին ՀՀ նախկին երեք նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց իշխանավարման օրոք Ազնավուրը անասելի մեծ գործեր էր կատարել Հայաստանի համար: Ու չնայած նրանց իշխանավարման տարիներին Ազնավուրը գնահատվել ու մեծարվել է ըստ արժանվույնս, սակայն ցանկալի կլիներ, եթե նախկին ղեկավարները Փարիզում իրենց ներկայությամբ նաեւ հարգեին մեծ Հայի հիշատակը:

 

 

Խորհրդարանը վերջին շրջանում գրեթե անգործության է մատնված: Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի շտապում խորհրդարան ներկայացնել օրենսդրական նախագծեր: «Ժողովուրդ» օրաթերթը փոքր ուսումնասիրության արդյունքում պարզեց` մինչեւ հիմա կառավարությունը ընդամենը երկու-երեք կարեւոր նախագիծ է ներկայացրել, մնացածը նախկինից ժառանգություն մնացած նախագծերն էին, որոնք հաճախ խմբագրական փոփոխություններ են ենթադրում: Միաժամանակ, բացարձակ պարապուրդի են մատնված ԱԺ պատգամավորները, որոնք էլ իրենց հերթին չեն հեղինակում օրինագծեր` վերածվելով ընդամենը կոճակ սեղմողների խմբավորման, իհարկե, դրա դիմաց ՀՀ բյուջեից ստանալով մոտ կես միլիոն դրամ աշխատավարձ: Ու այս ամենի արդյունքում ԱԺ նստաշրջանները տեւում են ընդամենը մեկ-երկու օր եւ ոչ ավելի: Իսկ, օրինակ, հոկտեմբերի 2-ին մեկնարկած հերթական նիստերի օրակարգում ընդամենը 5 հարց էր, եւ օրակարգը սպառվեց կես օրում: Այս ամենը եւս մեկ փաստարկ է՝ հօգուտ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման. ի վերջո, չի ստացվում նոր կառավարության ու խորհրարանի միջեւ համագործակցությունը:

 

 

 

Հայաստանում կրկին օրակարգային է դարձել թիկնազոր ունենալ-չունենալու խնդիրը: Ինչպես հայտնի է, շատ գործարարներ կամ պաշտոնյաներ իրենց հարազատներին գրանցում են իրենց իսկ պատկանող պահնորդական ընկերություններում, այդպես թիկնազորի կարգավիճակ տալիս: Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե «Հասկանում եք` մասնագիտական խնդիր է: Ի՞նչ է թիկնազորը, որոնք այսօր կան, դրանք մասնագետներ չեն, այդ, որ ավտոներով գնում են: Իրենց բարեկամներն են, ախպոր տղեն, քրոջ տղեն հետեւից ընկած գնում են, դրանք թիկնազոր չեն: Թիկնազորը լուրջ պատրաստված մարդ պետք է լինի, որն այսօր, ցավոք սրտի, այդքան էլ շատ չէ: Անունը կա, որ շատ են, բայց դա այդպես չէ, բանդիտը թիկնազոր է դառնում: Իսկապես դրա դեմը պետք է առնվի, ինչի՞ մասին է խոսքը, թիկնազորը պետք է լինի խելքը գլխին մարդ, որը գիտի այն նյուանսը, թե պահպանյալի անվտանգությունը ինչպես ապահովի»:

 

 

 

ՀՀ կառավարության պետական պարտքը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 740.9 մլն դոլար: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվությունից: Գումարի մեծ մասը՝ 6 մլրդ 164.9 մլն դոլարը, ՀՀ կառավարության պարտքն է, որից 4 մլրդ 835.2 մլն դոլարը արտաքին պարտքը, իսկ մնացածը ԿԲ պարտքն է: Հատկանշական է փաստը, որ ՀՀ պետական պարտքը տարեսկզբի համեմատ էապես կրճատվել է. եթե տարեսկզբին ՀՀ պետական պարտքը կազմել էր 6 մլրդ 774.6 մլն, իսկ արդեն մարտ ամսին՝ դեռ ՀՀԿ իշխանության օրոք, է՛լ ավելի շատացել՝ հասնելով 6 մլրդ 887.1 մլն դոլարի, ապա հիմա այն շատ ավելի քիչ է: Սա, թերեւս, պատահական չէ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է հրաժարվել նոր պարտք վերցնելու գործելաոճից՝ միաժամանակ միջոցներ ուղղելով պարտքի բեռը թեթեւացնելու համար:

 

 

ԿԵՂԾ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ
Հասկանալի է՝ ՀՀԿ-ականները չեն ցանկանում հրաժեշտ տալ իրենց պատգամավորական մանդատներին, քանի որ քաջ գիտակցում են` հաջորդ ԱԺ-ում չեն հայտնվի, ուստի փորձում են ամեն քայլափոխի դեմ արտահայտվել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը: Հիմա ՀՀԿ-ականները փորձում են շրջանառության մեջ դնել թեզեր, որոնք առողջ տրամաբանության շրջանակներում քննադատության չեն դիմանում: Մասնավորապես, ՀՀԿ-ականները փորձում են ե՛ւ հասարակության, ե՛ւ միջազգային հանրության մոտ տպավորություն թողնել, թե ԱԺ արտահերթ ընտրությունների վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հասնել` շրջանցելով Սահմանադրությունը: Պատահական չէ, որ ՀՀԿ ԳՄ նիստում «քննարկվել են ՀՀ ընթացիկ ներքաղաքական իրավիճակը եւ երկրում սահմանադրականության պահպանման խնդիրները»: Միաժամանակ, ՀՀԿ-ական պատգամավորներից Արմեն Աշոտյանն էլ «Ռադիո-Ֆրանս»-ին տված հարցազրույցում ասել է, թե արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը չպետք է կայացնի մեկ անհատը, եթե անգամ խոսքը վարչապետի մասին է։ «Շատ կարեւոր է եվրոպական չափանիշներին համապատասխան բոլոր կողմերը ներառող երկխոսություն ունենալ… Ցանկացած քաղաքական գործընթաց, այդ թվում նաեւ արտահերթ ընտրությունների կազմակերպումը, պետք է լինի օրենքին, Սահմանադրությանը եւ իշխանությունների բաժանման սկզբունքներին համապատասխան»,-ասել է նա:
Նկատենք, որ ՀՀ-ում արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կայացրել է ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ ժողովուրդը: Երեւանի ավագանու ընտրություններն իրենց հերթին, երբ «Իմ քայլը» դաշինքը ստացավ ընտրողների 81 տոկոսի վստահության քվեն, հոկտեմբերի 2-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած դեպքերը վարչապետին տվեցին լիարժեք մանդատ արտահերթ ընտրությունների անցկացման համար:
Ինչ վերաբերում է «բոլոր կողմերը ներառող» քաղաքական երկոսությանը, ապա բոլորն են տեսել, թե նախկինում Սերժ Սարգսյանի իշխանությունն ինչպես էր երկխոսում, բոլոր են տեսել սահմանադրական փոփոխությունների ժամանակ հիմնականում մարդ-կուսակցությունների հետ պարտադրված հանդիպում-ֆոտոսեսիաների շարքը: Դրանից հետո որքան էլ Սերժ Սարգսյանը փորձեց ցույց տալ` սահմանադրական փոփոխությունների հարցում ունի քաղաքական դաշտի մեծամասնության աջակցությունը, հասարակությունը, միեւնույն է, «Ոչ» ասաց նրան, եւ հանրաքվեն անցկացվեց ամենազազրելի կեղծիքներով:
Մեկ փաստ էլ. ՀՀԿ-ն խոսում է սահմանադրության պահպանման մասին այն դեպքում, երբ 20 տարի շարունակ լինելով իշխանության ղեկին, իրենք միայն ոտնահարել են երկրի մայր օրենքը, եւ ոտնահարել ամեն քայլափոխի, ամենակոպիտ կերպով:




Լրահոս