ԴՈՒՔ ՄԻ՛ ԳՆԱՑԵՔ ԱՆՑՅԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մեծ աղմուկ հանած օրինագծի օգտին կողմ քվեարկեցին խորհրդարանական 3 ուժերը՝ այդ թվում նաեւ Դաշնակցությունը: Երբ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո ժողովուրդը շրջափակեց ԱԺ-ի շենքը, ՀՅԴ-ն հայտարարեց, որ հետ է կանչում իր նախարարներին, եւ դուրս եկավ կոալիցիայից: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կուրեղյանի հետ:

-Տիկի՛ն Կուրեղյան, օրերս ԱԺ-ում տեղի ունեցած այդ միջադեպը սպասելի՞ էր Ձեզ համար:
-Երբ որ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ արեց հավաքվել ԱԺ-ի մոտ, սպասելի էր, որ նման բան տեղի կունենա: Մինչ այդ, իհարկե, սպասելի չէր: Նախորդ օրը հանձնաժողովում քննարկել ենք այդ հարցը: Հաջորդ օրը հերթական նիստով քննարկել ենք: Դա օրակարգային հարց է եղել, քննարկումը սովորական ընթացել է, «Ելք»-ի պատգամավորներն էլ ներկա են եղել: Պարոն Բաբլոյանը հայտարարեց, որ մնանք շենքում, որ մինչեւ ժամը 4-ը երկրորդ ընթերցումով ընդունենք, բայց այդ ընթացքում պարոն Բաբլոյանին զանգեց պարոն Փաշինյանը եւ խնդրել էր հետաձգել երկրորդ ընթերցումով քննարկումը, մինչեւ ինքը գա, եւ բանակցություններ կկայանան: Դրա համար էլ պարոն Բաբլոյանն ասաց, որ պետք է հետաձգենք մինչեւ հաջորդ առավոտյան ժամը 10-ը: Բայց բանակցությունները չկայացան այնպես, ինչպես պետք է լիներ: Դա բանակցություն չէր, դա Ազգային ժողովին ինչ-որ բան թելադրելու փորձ էր:
-Այդ օրինագծի ընդունումը իրոք այդքան օրհասակա՞ն էր, որ այդպես վարվեցիք:
-Այդ օրինագիծը սովորական մի բան էր: Չեմ հասկանում՝ ինչ բուռն քննարկման թեմա կար այդտեղ: Ընդամենը խոսվում է այն մասին, որ եթե ԱԺ-ն իրենից անկախ չի կարողանում նիստ գումարել, ապա դա պետք է ընդհատել եւ շարունակել հաջորդ օրը:
-Մինչեւ վարչապետ Փաշինյանի` նախարարներին ազատալու հետ կապված հայտարարությունը ՀՅԴ-ն հետ կանչեց իր նախարարներին: Այդ պարագայում ուրիշ տարբերակներ չէ՞ր տեսնում:
-Այո, մինչեւ դա մենք արդեն հետ էինք կանչել: Ըստ երեւույթին, այդ ժամանակ արդեն մեկը տեղյակ էր պահել վարչապետին այդ մասին եւ գնաց էնտեղ, շատ արագ կողմնորոշվեց եւ հայտարարեց, որ ինքը հրաման է տվել ազատելու: Մենք ուրիշ տարբերակ չտեսանք, որովհետեւ ազգային համաձայնության կառավարության մի մաս ենք կազմել, մենք պայմանավորվածություն ենք ունեցել, ի վերջո ընդունել ենք կառավարության ծրագիրը, որի մեջ հստակ կետեր կան: Պարոն Փաշինյանը եկավ եւ խաչ քաշեց այդ ամենի վրա: Ինքը առաջինը խախտեց պայմանավորվածությունը: Մենք դեռ չունենք նոր ընտրական օրենսգիրք, մենք ունեինք պայմանավորվածություն այն մասին, որ այդ սուպերվարչապետական մեխանիզմները թուլացվեն, եւ շատ այլ հարցերի շուրջ եւս եղել են որոշումներ, որոնց հետ Վարչապետը համաձայն է եղել: Այսքանից հետո արդեն անիմաստ էր այդ կառավարության մաս կազմելը:
-Մինչեւ Սերժ Սարգսյանի` վարչապետ ընտրվելը ՀՅԴ կուսակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին տրվելիք լիազորություններում սուպերվարչապետություն չի տեսնում, իսկ հիմա պնդում է հակառակը, որ սահմանադրությամբ սուպերվարչապետական համակարգ է: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
-Դուք մի՛ գնացեք անցյալ: Մի քանի ամիս առաջ հստակ պայմանավորվածություններ են եղել հենց նոր նշածս հարցերի մասին, եւ չի կարելի խախտել այս պայմանավորվածությունները: Սիրուն չի գնալ, հասնել անցյալ, եթե մենք նրա հետ վերջերս պայմանավորվածություններ ենք ունեցել: Նա խաչ քաշեց դրա վրա եւ ասաց՝ ես այսպես եմ ուզում, եւ վե՛րջ:
-Հիմա տեսնո՞ւմ եք բանակցությունների միջոցով հարցը լուծելու տարբերակը:
-Այո: Միայն այդ տարբերակն եմ տեսնում: Եթե մեզ համար Ադրբեջանի հետ բանացկությունների տարբերակն է ընդունելի, ուրեմն մենք մեր երկրում ուրի՞շ ճանապարհ պետք է ընտրենք: Չի կարելի մեր երկիրը փորձության տանել:
-Եթե այնուամենայնիվ այնպես ստացվի, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին, «Դաշնակցությունը» պատրաստ կլինի՞ դրան:
-Նախ ասեմ, որ եթե վարչապետը հրաժարական տա, մենք թեկնածու չենք առաջադրելու: Ինձ համար հարց է, թե ինչու են այդպես ափալ-թափալ ուզում անել: Էդ ինչո՞ւ են կասկածում, որ եթե մարտին կամ ապրիլին նույն ձայները չեն հավաքի, ինչ հիմա: Վարչապետը հիմնավորում էր ներդրումների հոսքի հետ կապված խնդրով, նրա խորհրդականն ասաց, որ դրանք իրար հետ բոլորովին կապ չունեն: Կարող ենք ենթադրել, որ նախապատրաստվում են քննարկման բերել այնպիսի օրենքներ, որոնք պետք է մինչեւ դեկտեմբեր ընդունվեին, բայց այս ԱԺ-ն դա չի ընդունի: Առայժմ չի եղել, որ ԱԺ-ն խանգարի որեւէ նախագծի:
-Հետագա համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք ներկայիս կառավարության հետ:
-«Դաշնակցությունը» երբեք չի մերժել բանակցությունների ուղով գնալու ճանապարհը: Այո, իհարկե տեսնում ենք: Հույս ունեմ՝ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի նպատակը մեր երկիրը առաջ տանելն է, եւ մեր նպատակը նույնպես դա է:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ԱԲՍՈՒՐԴ ԿԼԻՆԵՐ ՄՏՆԵԼ ԽԱԼԻՖԻ ԽԱՂԻ ՄԵՋ

ԲՀԿ նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ պատրաստվում է հանդիպել արտախորհրդարանական ուժերի հետ. «Կազմակերպել եմ, որ պետք է հանդիպումներ լինեն արտախորհրդարանական բոլոր այն ուժերի հետ, ով հանդիպում չի ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Թարմացնելու ենք, կյանքը շարժվում ա, մենք չենք կարա ձեռներս ծալենք մյուսների պես, նստենք, սպասենք»,- ասել է նա: Ենթադրվում է` այդ արտախորհրդարանական ուժերից մեկն էլ նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությունն է, որի կալանավորված անդամները թավշյա հեղափոխությունից հետո ազատ արձակվեցին հենց ԲՀԿ-ական պատգամավորների միջնորդագրերի հիման վրա: Ավելին` «Սասնա ծռերի» մի քանի անդամ էլ ազատ արձակվեց գրավով, որի գումարը եւս ԲՀԿ-ից էին վճարել:

«Ժողովուրդ» օրաթերթը Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեց` արդյոք իրենց պարոն Ծառուկյանից խորհրդակցելու առաջարկ եղել է, ստանալուց հետո գնալո՞ւ են խորհրդակցության: Վարուժան Ավետիսյանն ասաց, որ պարոն Ծառուկյանից դեռ բանակցությունների հրավեր չեն ստացել: «Հիմա հստակ բան չենք կարող ասել: Ստանալու դեպքում կքննարկենք եւ կորոշենք ինչ անել: Հետո, իհարկե, հանդես կգանք հայտարարությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Հատկանշական է, որ մինչ մեզ հետ զրույցը` ասուլիսի ժամանակ, Վարուժան Ավետիսյանը շեշտեց, թե ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին այլեւս չի տեսնում քաղաքական դաշտում: Այդ դեպքում իհարկե անհասկանալի է` ինչու են «Սասնա ծռերը» խոսում ԲՀԿ նախագահից հրավեր ստանալու դեպքում նրա հետ հանդիպման հավանականության մասին:
Ինչեւէ, մեր հարցին` այնուամենայնիվ ինչու որոշեցին մտնել քաղաքականություն, մտավախություն չկա, որ ժողովուրդը «Սասնա ծռեր» խմբավորմանը ընկալում է միայն ռազմական տեսանկյունից, պարոն Ավետիսյանը պատասխանեց, որ նման բան չկա:
«Չկա այդպիսի բան: Ժողովուրդը մեզ միայն ռազմական տեսանկյունից չէ, որ ընկալում է, այլ պատկերացնում է նաեւ քաղաքականության մեջ, եւ դա երեւում է հասարակության արձագանքից: Պարզապես տարիներ առաջ մենք չէինք ուզում ներկայանալ որպես քաղաքական ուժ եւ մասնակցել ընտրության: Աբսուրդ կլիներ մտնել Խալիֆի խաղի մեջ եւ խաղալ իր կանոններով, մասնակցել մի ընտրության, որից առաջ արդեն նրա գրպանում գրած-դրված էին ապագա պատգամավորների անունները: Իսկ հիմա հնարավոր է արդարության հասնել մաքուր եւ արդար խորհրդարանական ընտրությունների միջոցով: Հասկանալով, որ այն ժամանակ անհնար էր դրա միջոցով ինչ-որ բանի հասնել` «Սասնա ծռերը» ընտրեց զենքի կիրառմամբ արդարության հասնելու ճանապարհը, որովհետեւ այդ ժամանակ այլ ելք չկար»,-մասնավորապես ասաց նա:
Վարուժան Ավետիսյանի խոսքով` հեղափոխությունը վաղուց հասունացած բան էր: 2008-ին իշխանությունները կրակեցին իրենց քաղաքացիների վրա, 2016-ին տեղի ունեցած ապրիլյան քառօրյա պատերազմն էլ հող պատրաստեց հեղափոխության համար: Հետո արդեն հուլիսի 17-ին տեղի ունեցավ «Սասնա ծռերի» ապստամբությունը: Իսկ արդեն այս տարի` ապրիլ-մայիսին, տեղի ունեցավ հեղափոխությունը, որը պետք է շարունակվի եւ իր ավարտին հասցվի բոլորի կողմից:

Լ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցից հետո «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները հայտնվել են աննախանձելի վիճակում: Բանն այն է, որ Ծառուկյանը հայտարարեց՝ եթե ժողովուրդը դեկտեմբերին է ցանկանում արտահերթ ընտրությունների անցկացում, ապա թող այդպես լինի: Սակայն մինչ այդ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ընդդիմանում էին, թե այդ դեպքում հավասար պայմաններ չեն լինի, ու պնդում էին՝ արտահերթը լավ է անցկացնել հաջորդ տարվա մայիսին: Իսկ երեկ Ծառուկյանի հայտարարությունից հետո նրանք չգիտեին` ինչպես փոխեն խոսքը, որպեսզի անհարմար դրության մեջ չհայտնվեն, եւ փորձում էին ճամարտակել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ խորհրդարանում ամենավատ վիճակում թերեւս այն պատգամավորներն էին, ովքեր անձամբ ներկա չեն եղել Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը: Ավելին` երեկ տարբեր պատգամավորներ տարբեր վայրերում հավաքված քննարկումներ էին անցկացնում, անգամ իրենց մեջ ցուցակներ կազմում, թե արտահերթ ընտրություններից հետո ով որ համարն է լինելու, եւ այսպես շարունակ:

 

 

ՏԵՂԱԿԱՆԻՆ ՎՆԱՍԵԼՈՎ
Հայաստանում աղի արտադրության ծավալների ռեկորդային անկում է գրանցվել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ եթե 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին արտադրվել է 18 հազար 978 տոննա աղ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում աղի արտադրության ծավալները կազմել են 13 հազար 102 տոննա: Ասել է թե` աղի արտադրությունը նվազել է 31 տոկոսով: Ամենայն հավանականությամբ, պատճառն աղի ներկրման ծավալներն են, երբ բնակչությունը գերադասել է օգտվել այլ երկրի արտադրանքից: Ի դեպ, իրանական արտադրության մեծ քանակությամբ աղի ներկրման մասին ահազանգում է Հայաստանում աղ արտադրող միակ ձեռնարկությունը` «Ավանի աղի կոմբինատը»: Ընկերության տնօրեն Արեգ Ղուկասյանի խոսքերով` այն մաքսազերծվում է «ծիծաղելի գներով», սահմանին իրանական արտադրության տեխնիկական եւ արդյունաբերական աղի քիմիական բաղադրությունը չի ստուգվում:

 

 

ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ` ՄԱՐԶՊԵՏ
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի նշանակումներ էր արել, եւ կառավարության կազմում առկա թափուր նախարարների տեղերը լրացվել էին: Սակայն մինչ այժմ դեռեւս թափուր են մնում վեց մարզերի ղեկավարների հաստիքները, ովքեր հեռացվեցին պաշտոններից կրկին ԱԺ կանոնակարգ-օրենքի շուրջ ստեղծված իրավիճակից հետո: Եվ ահա այս վեց մարզերում դեռեւս միայն պաշտոնակատարներ են առկա, ովքեր փոխմարզպետներն են: Այս հարցում որոշակի կարգ է առկա, եւ փոխմարզպետներից ով ավելի վաղ է նշանակվել եւ ավելի երկար ստաժ ունի, նա էլ դառնում է մարզպետի պաշտոնակատար: Ընդ որում, այս մարզերում փոխմարզպետները հիմնականում ՔՊ-ականներ են: Հավանական է՝ ՔՊ-ական փոխմարզպետներն էլ կնշանակվեն մարզպետներ:




Լրահոս