Ինչպես հայտնի է, ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությունից հետո խորհրդարանի նիստերը սկսեցին մեկնարկել երեքշաբթի, իսկ օրակարգերն էլ այնքան հագեցած չէին, ինչպես նախկինում էր: Եվ այս հանգամանքով պայմանավորված էլ շատ էին լինում դեպքեր, երբ լիագումար նիստերը տեւում էին մեկ օր, լավագույն դեպքում` մեկ ու կես: Այս խնդիրը խորացել է հատկապես Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց եւ կառավարություն ձեւավորելուց հետո:
Այս շրջանում դժվար է հիշել մի դեպք, երբ նիստերը մի քանի օր տեւած լինեն. պատահում է նաեւ այնպես, որ նույնիսկ կես օր է տեւում: Ընդգծենք, որ խոսքը հերթական, այլ ոչ թե արտահերթ նիստերի մասին է, քանի որ վերջիններս կարող են հրավիրվել անգամ մեկ հարցի համար: Սակայն ընդունված է, որ հերթական նիստերի օրակարգը պետք է լինի լայն: Մինչդեռ, վերջին շրջանում ճիշտ հակառակ պատկերին ենք ականատես լինում: Օրինակ` հոկտեմբերի 2-ին մեկնարկած հերթական նիստերի օրակարգում ընդամենը 5 հարց էր, եւ օրակարգը սպառվեց կես օրում:
Այսպիսի իրավիճակը մի քանի պատճառ ունի. նախ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, մայիսից սկսած, այնքան էլ շատ օրենսդրական նախաձեռնություններով հանդես չի եկել, եւ հիմնականում խորհրդարանում քննարկվել են նախագծերի երկրորդ ընթերցումները, այսինքն` նախորդ կառավարությունից դեռ մնացած եւ ամբողջությամբ չընդունվածները: Իսկ մյուս պատճառն էլ այն է, որ հենց պատգամավորներն են վերջին շրջանում պասիվացել եւ այնքան էլ մեծ թվով օրենսդրական նախաձեռնություններ չեն դնում շրջանառության մեջ եւ ուղարկում կառավարություն: Հենց դրա պատճառով էլ այդպիսի տխուր պատկեր է:
Իսկ այժմ խոսենք թվերի լեզվով. Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո Ազգային ժողովի հերթական նիստը տեղի ունեցավ մայիսի 22-ին եւ 23-ին: Այդ օրը քննարկեցին նախագծեր եւ քվեարկեցին ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ընթերցմամբ, սակայն պարզ է, որ բոլորն էլ եղել են նախորդ կառավարությունից մնացած: Կառավարության նախաձեռնություններից կարելի է առանձնացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը բուռն դժգոհության պատճառ հանդիսացավ: Նույնիսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական ներկայացրեց, բայց հետո, անսալով վարչապետ Փաշինյան հորդորներին, ետ վերցրեց հրաժարականը: Ինչպես հայտնի է, այս նախագծով կուտակային կենսաթոշակային համակարգն ամբողջությամբ ներդրվեց եւ դարձավ պարտադիր: Սա, թերեւս, կառավարության կողմից ներկայացրած ամենաշատ քննարկված նախագիծն էր:
Ազգային ժողովի կողմից բուռն քննարկված, սակայն հավանության արժանացած նախագծերից մեկն էլ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծն էր, որով խստացվեց ընտրակաշառք տալը կամ ընդունելը եւ վարչական պատասխանատվության փոխարեն սահմանվեց ազատազրկում:
Իսկ ահա պատգամավորները մատնվել են բացարձակ անգործության` վերածվելով ընդամենը կոճակ սեղմող խմբակի: Ընդ որում, եթե նախկինում հնչում էին դժգոհություններ, թե կառավարությունը հնարավորություն չի տալիս իրենց «ինքնադրսեւորվելու»` իր ձեռքը վերցնելով օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելու իրավունքը, հիմա այս առումով պատգամավորներն ազատ են: Ազատ են, բայց եւ չեն գործում. մինչեւ հիմա նրանց կողմից որեւէ խելամիտ, լուրջ օրենսդրական նախագիծ չի ներկայացվել:
Ակնհայտ է պատգամավորների եւ հատկապես ՀՀԿ-ական պատգամավորների տրամադրվածութունը, ովքեր մշտապես նշում են, թե չեն խոչընդոտում կառավարության աշխատանքին, սակայն այնպես չեն անում, որ կառավարություն-Ազգային ժողով կապն ավելի սերտ լինի: Նման գործելաոճ են որդեգրել նաեւ մյուս խմբակցությունների ներկայացուցիչները: ՀՀԿ-ականների կողմից ակտիվ չլինելու եւ նախագծեր չներկայացնելու պատճառները կարող են տարբեր լինել, այդ թվում եւ այն, որ այլեւս պետք չէ քծնել կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին, եւ բավարարվում են թեթեւ աշխատելով` կոճակ սեղմելու դիմաց ստանալով շարքային պատգամավորի դեպքում ավելի քան 500 հազար դրամ, հանձնաժողովների նախագահների դեպքում՝ շատ ավելին: Էլ չենք ասում` պետությունը պատգամավորերի սպասարկման համար ՀՀ քաղաքացիներիս գրպանից գոյացած բյուջեի միջոցներից ահռելի գումարներ է հատկացնում:
Իրավիճակի պատասխանատուն նաեւ կառավարությունն է, որը 5 ամսից ավել է, ինչ գործում է, եւ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր նշել, անցել է ադապտացիոն շրջանը, սակայն չի շտապում նոր նախագծեր ներկայացնելու հարցում` օրուգիշեր մտածելով միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Միգուցե կառավարությունն արտահերթ ընտրություններից հետո ակտիվություն դրսեւորի, երբ Փաշինյանի ղեկավարած ուժը նաեւ խորհրդարանում ունենա զգալի ներկայացվածություն:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՄԵՂԱԴՐՅԱ՞Լ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից Արշալույսի գյուղապետարանում իրականացված ստուգումներից հետո հարուցվել է քրեական գործ: Նշենք, որ Արշալույսը համարվում է ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդավայրը, իսկ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը նրա եղբոր որդին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի արդեն նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից Արշալույսի գյուղապետարանում իրականացված իրավական եւ մասնագիտական հսկողության արդյունքներով հայտնաբերված խախտումների կապակցությամբ նյութեր են նախապատրաստվել, ապա հարուցվել է քրեական գործ` պաշտոնական լիազորությունները անցնելու եւ յուրացումներ կատարելու փաստի առթիվ: Մեզ հայտնի դարձավ, որ մարզպետարանի ստուգումների արդյունքում պարզվել է, որ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի ներկայացմամբ եւ համայնքի ավագանու որոշմամբ` գյուղում գործող նախադպրոցական ՀՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել բարձրագույն կրթություն չունեցող անձ: Արդյունքում համայնքի բյուջեից նրան վճարվել է 886 հազար դրամ աշխատավարձ: Այս դեպքում գյուղապետը իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում գույքային վնաս է պատճառել գյուղապետարանին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանից, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
30 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերջերս մի քանի անգամ հրավիրել է հարցաքննության եւ վերջինս ամեն անգամ պարտաճանաչ կերպով ներկայացել է իրավապահներին: Ինչպես հայտնի է, 2018 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` Ալեքսանդր Սարգսյանի գույքի վրա դրվել է կալանք: Ավելին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, միայն մեկ բանկում ունի 30 մլն դոլար գրավադրված, որից հետո Ալեքսանդր Սարգսյանը իր հայտարարության մեջ նշել էր, թե այդ գումարները նա իր հետ Ռուսաստանի Դաշնությունից է Հայաստան բերել այնտեղ աշխատելու տարիներին: Վերջինս նաեւ իր այս խոսքը պնդել է իրավապահների հետ հարցաքննությանը ներկա գտնվելու ժամանակ: Ինչեւէ, վերջինիս մի քանի անգամ հարցաքննելուց հետո նախաքննական մարմինը դեռեւս շարունակում է կանալքի տակ պահել նրա գույքը, ավելին` մեզ հասած տեղեկությունների համաձայն` այս գործով այլ անձանց եւս հրավիրելու են հարցաքննության: Իսկ թե ովքեր են նրանք, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:
ՊԱՐՏՔ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրը հիշեցնում է, թե որքանով է Ֆրանսիան պարտական Հայաստանին: Նա այդ մասին գրառում է կատարել իր թվիթերում. «Շառլ Ազնավուրի միջոցով հնարավորություն է ստեղծվել հիշելու, թե մենք որպես ազգ ինչ ենք պարտք այն հայերին, որոնք, փախչելով իրենց երկրից, եկան հզորացնելու մերը»,-գրել է նա: Փարիզի «Հաշմանդամների պալատում» Մակրոնը ներկա էր Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը:
ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովում նախօրեին օրենսդիրների հարցերին է պատասխանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ըրլ Դ. Լիցենբերգերը, ով ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ Պետքարտուղարության ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի ավագ խորհրդականի պաշտոնը: Մասնավորապես անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ նա հայտարարել է, որ իր համար առաջնահերթություն է դրա կարգավորմանն ուղղված ջանքերը: «Չկա ավելի բարձր առաջնահերթություն Հարավային Կովկասի բարգավաճման եւ անվտանգության համար, քան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը», – «Թուրան» գործակալության փոխանցմամբ ԱՄՆ սենատում հայտարարել է դիվանագետը՝ ընդգծելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի սկզբունքների եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա՝ ներառյալ ուժի կամ սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, հավասար իրավունքների եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ: Նրանք քննարկել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, Հայաստանի ընտրական օրենսդրության բարեփոխմանը, հնարավոր սահմանադրական փոփոխություններին, անցումային արդարադատությանն առնչվող հարցեր: Վուտովան վերահաստատել է, որ ԵԽ-ն աջակցում է Հայաստանում իրականացվող կարեւորագույն բարեփոխումներին եւ Նոր Հայաստանի ինստիտուտների ուժեղացմանը: Զրուցակիցները կարեւորել են նաեւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունն օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներին:
ՆԱԽԿԻՆԻ ՇՆՈՐՀԻՎ
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր տնտեսական ճեղքման մասին, սակայն այն նույնիսկ հեռվից տեսանելի չէ: Պատգամավորի խոսքով` ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արդեն հայտնել է այն մասին, որ 2019թ. պետբյուջեի նախագծով տնտեսական աճը պետք է կազմի ընդամենը 4,9 տոկոս, սակայն լուրջ կասկածներ կան այն կապակցությամբ, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ կառավարությանը կհաջողվի թեկուզ այդ ցուցանիշն ապահովել: «Նրանք դեռ գրում են 4,9 տոկոս, բայց մենք չգիտենք կլինի հենց 4,9 տոկոս, թե 1,9 տոկոս: Նույնիսկ այն տնտեսական աճը, որը մեզ մոտ այսօրվա դրությամբ կա, հնարավոր է դարձել միայն Հայաստանի նախկին իշխանությունների եւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության շնորհիվ»,-պարզաբանել է Է. Շարմազանովը: