ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավթաշեն համայնքում հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հրահանգում է իրականացնել «ռեյդեր»` բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին: Այս հայտարարությունից հետո իրավապահները գործի անցան, սակայն արի ու տես` մարդիկ օրինական են պահում թիկնազոր:
Բանն այն է, որ 2012 թվականի փետրվարի 9-ից Հայաստանում ուժի մեջ է մտել 2 օրենք, ըստ որոնց` փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել Հայաստանում պահնորդական առաքելություն իրականացնող ընկերությունների մասին օրենքում: Մասնավորապես, սահմանվել էր, որ պահնորդական կազմակերպությունները լիցենզիա ստանալու համար պետք է դիմեն ոստիկանություն: Լրացում էր կատարվել նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում, եւ սահմանվել էր 500.000 դրամ դրույքաչափ լիցենզիա ստանալու համար: Այսինքն` այդքան գումար վճարելուց հետո ցանկացած ոք կարող է պահնորդական ընկերություն բացել, օրինական զենք ունենալու թույլտվություն ստանալ նաեւ եւ դառնալ բանդայի տեր:
ԵՒ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ հայտնի մարդիկ իրենց մտերիմներին գրանցում են իրենց կամ բարեկամի պահնորդական ընկերություններում, կամ էլ իրենք են ստեղծում պահնորդական կազմակերպություններ եւ իրենց մտերիմներին գրանցում են այնտեղ, որպեսզի իրենց անվտանգությունը ապահովեն, եւ ամեն ինչ օրինական է:
«Ժողովուրդ» օրաթերթը թիկնապահների օրինական գործունեության մասին զրուցեց Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի հետ:
-Պարո՛ն Ցոլակյան, վարչապետը հայտարարել էր ուժային կառույցներին «ռեյդեր» իրականացնել, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին:
-Օրենքով կա, թե ովքեր պետք է ունենան, ովքեր չպետք է ունենան: Եթե պետականորեն նախատեսված ձեւով են ունենում, ապա դրանց բան չի կարելի ասել, եթե պայմանագրով նախատեսված չափից ավել են, ապա թեմա է ստեղծվում:
-Դուք եղել եք ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, իրավիճակը ցույց է տվել, որ այսօր տարբեր անձինք մասնավոր պահնորդական ընկերություններ են բացում եւ իրենց հարազատներին գրանցում այնտեղ եւ այսպես ունենում օրինական թիկնազոր: Ըստ Ձեզ` օրենքը պե՞տք է փոխել, թե՞ բավարարվել` ասֆալտին փռելու մասին խոսելով:
-Անկեղծ ասած` այդ ամենից տեղյակ չեմ, դա արդեն կոմպետենտ մարմնի գործն է: Գիտե՞ք, ես թիկնազորին նորմալ եմ մոտենում, եթե մարդուն հասնում է, եթե կան որոշակի պայմաններ, որի պատճառով նա պետք է ունենա, ուրեմն դա պետք է լինի: Ես ասֆալտ փռելը բառացի չեմ հասկանում, դա հասկանում եմ փոխաբերական իմաստով: Ամեն դեպքում, պետք է ուսումնասիրվի եւ, ըստ այդմ, գործողություններ իրականցվի, ում հասնում է, նա ունենա, ում չի հասնում, թույլ չտան: Թող ստուգեն, տեսնեմ` ով է օրինական պահում: Օրինակ` դուք ասում եք, որ զարտուղի ճանապարհներով են ունենում, թող ուսումնասիրեն, տեսնեն, եթե զարտուղի է, ապա ասեն, որ քո ճանապարհը զարտուղի է, եթե օրինական է, ապա ասեն` օրինական է:
-Նախկինում այդ թիկնազորի գործառույթները իրականացրել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը: Ի՞նչն է խանգարում, որ հենց ոստիկանությունն էլ շարունակի իրականացնել այդ պաշտպանությունը, այլ ոչ թե այսօր ով ցանկանա, կազմակերպություն բացի, իր հարազատներին գրանցի եւ թիկնազորով շրջի:
-Ինձ թվում է` այստեղ մասնագիտության խնդիր կա, քանի որ թիկնազորը հատուկ պատրաստված մարդիկ պետք է լինեն, ամեն մարդ չի կարող թիկնազորի դեր խաղալ:
-Այսինքն` ոստիկանությունն ի զորու չէ՞ իրականացնել:
-Այո, ոստիկանության այդ ծառայությունը, որ ասում եք, այնտեղ զուտ ոստիկանության աշխատողներն են, իրենք թիկնազորի ֆունկցիան կատարելու համար այդքան էլ պատրաստված չեն, ոստիկանության ստորաբաժանում կա, որ կարող է դա անել, բայց կոնկրետ ինչի մասին մենք խոսում ենք, չեն կարող, իրենք ավելի շատ պահակային ծառայություն են իրականացնում: Հասկանում եք` մասնագիտական խնդիր է: Ի՞նչ է թիկնազորը, որոնք այսօր կան, դրանք մասնագետներ չեն, այդ, որ ավտոներով գնում են: Իրենց բարեկամներն են, ախպոր տղեն, քրոջ տղեն հետեւից ընկած գնում են, դրանք թիկնազոր չեն: Թիկնազորը լուրջ պատրաստված մարդ պետք է լինի, որն այսօր, ցավոք սրտի, այդքան էլ շատ չէ: Անունը կա, որ շատ են, բայց դա այդպես չէ, բանդիտը թիկնազոր է դառնում: Իսկապես դրա դեմը պետք է առնվի, ինչի՞ մասին է խոսքը, թիկնազորը պետք է լինի խելքը գլխին մարդ, որը գիտի այն նյուանսը, թե պահպանյալի անվտանգությունը ինչպես ապահովի: Օրինակ` երբ ինձ հարցնում են` ինչու թիկնազոր չես պահում, ես շատ կոպիտ բառ եմ ասում, ասում եմ թիկնազորը ինչի՞ համար է. որ պաշտպանի մարդուն, բայց այսօր շատ տեղեր թիկնազորը պաշտպանում է իր «կլիենտին», որ լոլիկով չխփեն, շատ ներողություն, չթքեն երեսին, կամ ապտակ չտան. սա՞ է թիկնազորի խնդիրը: Սա չէ թիկնազորի խնդիրը:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՌԻՎԸ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ
Բարձրագույն դատական խորհրդի եւ դատավորների միջեւ սնանկության դատարանի շուրջ վեճը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան:
Գրել էինք սնանկության գործերով դատարանի շուրջ աղմուկի մասին: Ինչպես հայտնի է, նոր ստեղծվելիք դատարանում դատավոր աշխատելու համար թեկնածուներից ոչ բոլորն էին արժանացել Բարձրագույն դատական խորհրդի դրական գնահատականին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ մրցույթից «դուրս մնացած» դատավորներից Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը դիմել են ՀՀ վարչական դատարան` պահանջելով ստիպել Բարձրագույն դատական խորհրդին վերացնել «Սնանկության դատարան»-ի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ 2018 թվականի օգոստոսի 6-ի որոշումը, անվավեր ճանաչել դրա հետեւանքով «Սնանկության դատավորներ նշանակելու մասին» ՀՀ նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի որոշումը: Այս գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին:
Արդյունքում, Մհեր Պետրոսյանը չէր կատարել դատավորների առաջին պահանջը եւ չէր վերացրել Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու որոշումը եւ դատավորների գործը ընդունել էր վարույթ: Սակայն դատավորները դիմել էին ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` պահանջելով, որ իրենց առաջին պահանջը իրականացվի, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը եւս մերժել էր նրանց պահանջը, եւ հիմա բանը հասել է այնտեղ, որ դատավորները նույն պահանջով դիմել են ՀՀ վճռաբեկ դատարան:
ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԲՈՒՀԻ
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան հիմնադրամի դասախոսը դիմել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 4-ին Ռոզա Հակոբյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի համալսարանին` հրամանն անվավեր ճանաչի, նախկին աշխատանքում վերականգնի եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձի: Այս գործը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Երեմ Եսոյանը: Ի դեպ, նկատենք, որ այս օրերին մի շարք բուհերում դասախոսների աշխատանքից ազատման գործընթաց է սկսվել, եւ վերջիններս, չհաշտվելով այդ մտքի հետ, դատի են տալիս համալսարանի ղեկավար կազմին` պահանջելով իրենց վերականգնել նախկին աշխատանքում: Նմանօրինակ պահանջով նաեւ դատարան են դիմել ԵՊՀ-ի դասախոսները` դատի տալով ռեկտոր Արամ Սիմոնյանին:
ՊԵՏՔ Է ԱԶԱՏՎԵԼ
«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գարեգին Չուգասզյանն ասել է. «Եթե նկատի ունենանք նաեւ, որ մեր հանրապետությունը գտնվում է աշխարհաքաղաքական շատ լարված տարածաշրջանում, եւ որպեսզի ՀՀ-ն կարողանա անկաշկանդ լինել, պետք է ազատվի նաեւ այդ 5-րդ շարասյունից, որպեսզի խորհրդարանում չհայտնվեն: 5-րդ շարասյուն ասելով` ես նկատի ունեմ այն եռյակին, ովքեր տեսանք, թե ինչ դավադրություն էր կազմակերպել մի քանի օր առաջ: Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարեւորության մասին` մենք պետք է ասենք, որ փաստորեն այս ընտրություններով արձանագրվելու է Հայաստանի քաղաքական դաշտի վերաֆորմատավորումը»: Խոսելով «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադրման մասին` Չուգասզյանը նշել է, որ իրենք բոլորն էլ կուսակցաշինությունը դիտում են որպես պետականաշինության շատ ավելի մեծ խնդրի անհրաժեշտ մաս: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ օլիգարխիկ ուժերը դուրս մնան գալիք ընտրություններում խորհրդարանում ներկայացված լինելուց: Բնականաբար, երկրորդ ուժին հավակնող, հանրային քաղաքականություն իրականացնող ուժը «Սասնա ծռերն» են»,-ասել է Գ. Չուգասզյանը:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ՀՀ Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը նշանակվել է Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար: ՀՀ Վայոց ձորի մարզպետի պարտականությունները դրվել են մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանի վրա: Նշենք, որ մարզպետների փոփոխությունը պայմանավորված էր վերջին ներքաղաքական զարգացումներով, երբ Ն. Փաշինյանը կառավարությունից հեռացրեց ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին:
ԸՆԴՈՒՆԵՑԻՆ
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ին արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։ Հիշեցնենք, որ նախօրեին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ մասնավորապես հոկտեմբերի 7-ից ՀՀ-ում մեկնարկում են Ֆրանկոֆոնիայի օրերը, եւ անհրաժեշտ է լինելու, որ երկու օր (հոկտեմբերի 11-12-ին) ոչ աշխատանքային հայտարարվի: Իսկ դրա համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն կատարել հիշյալ օրենքում:
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը պետք է ընդունվի այնպիսի ժամանակահատվածում, որ դեկտեմբերին դրանով անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. այս մասին ասել է ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Վերջինս նշել է, որ սա հանրության որոշակի խավի հետ քննարկում է, եւ երկուշաբթի օրվանից նախատեսվում են հանրային քննարկումներ կառավարությունում: Դ. Իոաննիսյանն ասել է, որ կունենանք շատ լավ ընտրություններ, եթե խորհրդարանն այն ընդունի եւ խնդիրներ չստեղծի: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններն առկա օրենսգրքով անցկացնելուն, նա ասել է. «Առկա օրենսգիրքը շատ խնդրահարույց է, քանի որ առկա օրենսգրքով կան կարգավորումներ, որոնք արտահերթ ընտրությունների մասով Սահմանադրությանը հակասող են»: