Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է Սահմանադրական դատարանի նոր անդամի ընտրություն, որի թեկնածությունն ԱԺ-ին է ներկայացնելու նախագահ Արմեն Սարգսյանը: ԱՄՆ-ում ներկայումս նույնպիսի մի գործընթաց է տեղի ունենում, որը վերաճել է սուր ներքաղաքական առճակատման: Երկու դեպքում էլ, սակայն, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրող նախագահները կարծես շահող են դուրս գալու` թե՛ թեկնածուների հաստատման, թե՛ մերժման պարագաներում:
ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Բրեթ Քավանոյի թեկնածության առաջադրումը, թվում է, գլխացավանք դարձավ նախագահ Դոնալդ Թրամփի համար: Դեմոկրատներն ու Թրամփին հակառակվող մեդիա դաշտը խիստ բացասական ալիք սկսեց Քավանոյի դեմ` նրան մեղադրելով բազմաթիվ մեղքերի մեջ: Հատկապես ցնցող տպավորություն գործեց 36 տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ իրադարձության հանրայնացումը, որով Քավանոյին մեղադրում էին սեռական ոտնձգության մեջ: Թեպետ Քավանոն ժխտում էր տեղի ունեցածը, սակայն տուժող կինն ի լուր աշխարհի հավաստում էր այդ մասին: Առիթից օգտվեցին Թրամփի հանդեպ թշնամական տրամադրված լրատվամիջոցներն ու հարցը դարձրին ներքաղաքական ամենակարեւորագույն իրադարձությունը: Հատկանշական է, որ տուժողն անգամ հարցաքննության հրավիրվեց Սենատի համապատասխան հանձնաժողովի նիստին, որտեղ ընթանում էին Քավանոյի թեկնածության հաստատման լսումները: Նախորդ շաբաթ պետք է տեղի ունենար քվեարկությունը, սակայն սենատորներից մեկը, որի ձայնը վճռորոշ էր, հաշվի առնելով 11-10 հարաբերակցությունը հանրապետականների ու դեմոկրատների միջեւ, որոշեց ձեռնապահ մնալ` հանդես գալով նոր հետաքննության առաջարկով: Հանձնարարվեց ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյին քննություն սկսել հնչած մեղադրանքների կապակցությամբ բացահայտելու, թե արդյոք դրանք համապատասխանում են իրականությանը:
Թեպետ Քավանոյին արագ հաստատելու մարտավարությունը չստացվեց, սակայն հազիվ թե դա Թրամփի համար քաղաքականապես լուրջ բարդություններ ստեղծի: Ավելին` Թրամփը, կարծես թե, հաղթող է դուրս գալու թե՛ Քավանոյի թեկնածության հաստատման, թե՛ մերժման պարագայում: Խնդիրն այն է, որ եթե Քավանոյի թեկնածությունը հաստատվում է ԱՄՆ Սենատի իրավական հանձնաժողովում, այն ներկայացվելու է ամբողջ Սենատի վավերացմանը եւ, փաստորեն, նախագահը հաջողում է իր թեկնածուին դարձնել Գերագույն դատարանի դատավոր: Սա կլինի մեծագույն հաղթանակ ոչ միայն Թրամփի, այլեւ Հանրապետական կուսակցության համար, քանի որ Քավանոն կլինի երկրորդ պահպանողականը, որ Գերագույն դատարանում է հայտնվում Թրամփի նշանակմամբ` ամրապնդելով այդ հաստատությունում պահպանողականների մեծամասնությունը: Եվ եթե նույնիսկ Քավանոյի թեկնածությունը չվավերացվի, ապա, առարկայական խնդրով հանդերձ, Թրամփին արդեն իսկ հաջողվել է կրկին միավորել հանրապետականներին նոյեմբերի 6-ին սպասվող Կոնգրեսի մասնակի ընտրություններին ընդառաջ: Ավելին` միասնական պայքարը դեմոկրատների մեղադրանքների դեմ կարծես համախմբեց նաեւ ամերիկյան պահպանողական ընտրողներին, որոնք, համաձայն տարբեր վերլուծաբանների կարծիքի ու հարցումների, խիստ հիասթափված են դեմոկրատների լիբերալ օրակարգից: Այս համատեքստում ակնկալվում է, որ նրանք ակտիվորեն մասնակցելու են առաջիկա ընտրություններին, ուստի հանրապետական թեկնածուների շանսերը հատկապես պահպանողական համարում ունեցող նահանգներում էականորեն աճելու են: Սակայն հանրապետականների ոգեւորությունն այս կապակցությամբ չի կարող հուսալի լինել, քանի որ ուղիղ մեկ ամիս ժամանակ կա ընտրություններին, եւ պատկերը կարող է կրկին վերափոխվել:
Հայաստանում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունները նախկինում անցել են «տաղտուկ» մթնոլորտում, առանց լուրջ հակասությունների: Սակայն հեղափոխությունից հետո խորհրդարանը 2 անգամ չկարողացավ ՍԴ դատավոր ընտրել, եւ հիմա թեկնածու առաջադրելու հերթը կրկին նախագահինն է: Առաջին փորձի տապալումից հետո Արմեն Սարգսյանը անսաց փաստաբանական հանրության հորդորին` ՍԴ դատավորի թեկնածուի մրցույթ նախաձեռնելով: Ըստ վերջին տեղեկությունների` Արմեն Սարգսյանը ստացել է 5 իրավաբանների հայտեր, որոնցից էլ պետք է ընտրի թեկնածուին ու ներկայացնի ԱԺ-ի հաստատմանը: Հանրային ու լրատվական դաշտում խիստ հավանական են համարում, որ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու կառաջադրի հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանին: Թերեւս Հայաստանի լավագույն սահմանադրագետներից մեկը լինելով հանդերձ` Գրիգորյանի թեկնածությունը ԱԺ-ում կարող է հեշտությամբ չվավերացվել: Խնդիրն այն է, որ նա Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում ակտիվորեն հանդես է եկել իրավախախտումների դատապարտմամբ: Ավելին` Գրիգորյանը ներկայումս հանդիսանում է Մարտի 1-ի 9 զոհերի տուժողների շահերի պաշտպանը եւ հրապարակավ լուրջ դժգոհություն է արտահայտել Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի որոշման առթիվ: Նրա անունը շրջանառվում էր նաեւ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ, որի գաղտնալսումը դարձավ հանրության սեփականությունը: Եվ ահա այժմ հաշվի առնելով Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ ԱԺ-ում վերջինիս աջակցող մեծամասնության առկայությունը` լիովին հավանական է, որ Գրիգորյանի ընտրությունը տապալվի: Խնդիրը այժմ կարծես ոչ միայն իշխանության նախաձեռնությունները ձախողելն է, այլեւ Գրիգորյանի` ԱԺ-ի մեծամասնության համար անցանկալի թեկնածու լինելը: Գործընթացից թերեւս միակ հաստատ շահողը կլինի նախագահը, որն իր լիազորությունների շրջանակներում առաջադրել է թե՛ մասնագիտական առումով, թե՛ Նոր Հայաստանին համարժեք անխոցելի թեկնածու:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԴՊՐՈՑԻ ԴԺՎԱՐ ՃԱՄՓԱՆ
Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ գյուղի 10, 11 եւ 12-րդ դասարանցի երեխաները մեծ դժվարությամբ են դպրոց հաճախում. ժամը 8-ին նստում են իրենց համագյուղացի Հովիկ Ալավերդյանի երթուղային միկրոավտոբուսը, գնում Կիրանց գյուղ, այնտեղ էլ նրանց են միանում բարձր դասարանցիները, եւ միկրոավտոբուսը շարժվում է Իջեւան քաղաք: Աճարկուտի եւ Կիրանցի դպրոցները հիմնական են, այդ գյուղերի ավագ դասարանցիները իրենց ուսումը շարունակում են Ներքին Ծաղկավանի եւ Սարիգյուղի միջնակարգ դպրոցներում: Աճարկուտի բնակիչ Սասուն Մելիքյանի 10-րդ դասարանցի աղջիկն ամեն առավոտ մեկնում է Ներքին Ծաղկավան: Սասունն ասաց, որ միկրոավտոբուսը 16 տեղանոց է, Աճարկուտից եւ Կիրանցից 26 աշակերտ է մեկնում Ն. Ծաղկավանի եւ Սարիգյուղի դպրոցներ: Այն օրերին, երբ երթուղային միկրոավտուբոսում լինում են այլ ուղեւորներ, աշակերտները ստիպված են լինում մի քանի հոգով կծկվել մի նստատեղին: Նա հայտնեց, որ երբ Կիրանց գյուղից շատ ուղեւորներ են լինում, տղա աշակերտները ստիպված իջնում են միկրոավտոբուսից, Կիրանցից ոտքով ճանապարհ ընկնում դեպի մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող Ն. Ծաղկավան եւ Սարիգյուղ: Միջպետական ավտոճանապարհով մի քանի կիլոմետր քայլերիս երեխաները ենթարկվում են երթեւեկող ավտոմեքենաների կողմից վրաերթի ենթարկվելու վտանգին: Ձմռանը օրեր են լինում, երբ առավոտյան ժամը 8-ին ճանապարհը սառցակալած է, ճանապարհը սպասարկող ընկերության աշխատակիցները դեռեւս ասֆալտի ծածկույթը սառույցից մաքրած չեն լինում, այդ պատճառով Աճարկուտի եւ Կիրանցի աշակերտներին տեղափոխող միկրոավտոբուսը ուղերթ չի կատարում, աշակերտները հարեւան գյուղերի դպրոցներ դասերի չեն մեկնում:
Մեկ այլ խնդիր է աշակերտների ուղեվարձը: Ավելի քան 20 տարի Հովիկ Ալավերդյանը Աճարկուտի եւ Կիրանցի աշակերտներին անվճար է տեղափոխում հարեւան գյուղեր: Նա այդ պատճառով այլ ուղեւորներ է կորցնում, վնասներ կրում: Տավուշի մարզում գործում է այլ համայնքներ ուսման մեկնող աշակերտներին պետական բյուջեից տրանսպորտային ծախսի փոխհատուցման գումարների վճարման պրակտիկա: Օրինակ` Դեղձավան գյուղից Պտղավան, Իծաքար գյուղից մինչեւ Նավուր, Ներքին Գոշից Գոշ, Ներքին Հովքից Հովք ուսումնառության մեկնող աշակերտներին պետբյուջեից օրական վճարվում է 100-ական դրամ: Աճարկուտի եւ Կիրանցի դպրոցականներին երբեւէ նման գումարներ չեն տրվել: Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանն այդ հարցով դիմել է Տավուշի մարզպետարան, սակայն խնդիրը դեռ չի լուծվել: Հուսանք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ ծնունդով Իջեւանից է, կառավարությանը կհանձնարարի լուծել այս խնդիրը
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՎԱՐՈՒՄ ԵՆ ԿԱՏԱՂԻ, ԲԱՅՑ ՉԵՆ ՊԱՏԺՎՈՒՄ
Այն, որ Երեւանի հասարակական տրանսպորտով երթեւեկելը դարձել է առողջության եւ կյանքի համար վտանգավոր, վաղուց հայտնի փաստ է: Էլ չենք խոսում վարորդների կողմից ուղեւորների ստորացման, անհարմարավետ, կեղտոտ, կոտրված նստարանների եւ, ընդհանրապես, անհարմար պայմանների մասին: Հասարակական տրանսպորտի խնդիրների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս դժգոհություններ է ստացել քաղաքացիներից: Բայց այս անգամ մեր խմբագրություն ահազանգել են 10 համարի ավտոբուսից օգտվող ուղեւորները` դժգոհելով վարորդների պահվածքից:
Նրանց խոսքերով` 10 համարի երթուղայինների վարորդները ինչպես ցանկանում են, այնպես էլ վարում են` առանց հաշվի առնելու ուղեւորներին: Նշենք, որ 10 համարի ավտոբուսի երթուղին սկսվում է Քանաքեռից դեպի Նուբարաշեն: Ահազանգած քաղաքացիներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց, որ այդ երթուղայինի վարորդները օրվա մեծ մասը վարելու ժամանակ հեռախոսով են խոսում: Էլ չենք խոսում ծխելու մասին: «Վարորդները իրար հետ հեռախոսի միջոցով կապի մեջ են, միաժամանակ ե՛ւ վարում են, ե՛ւ խոսում: Հեռախոսով հետաքրքրվում են մեկը մյուսով, թե որ վարորդը որտեղ է հասել, դիմացից իրեն խանգարող ինչ երթուղային կա: Միշտ վարում են կատաղի` երթեւեկության կանոնները երբեմն խախտելով: Հաշվի չեն առնում` ավտոբուսի մեջ երեխա կա, ծեր: Իսկ ուղեւորների հետ խոսում են կոպիտ, մուննաթով: Մարդ զզվելով է օգտվում այդ երթուղայինից»,- վրդովված պատմեց ահազանգած երեւանցիներից մեկը: Զրույցի ընթացքում դժգոհող քաղաքացիները նկատեցին, որ նստելուց առաջ աղոթում են, ապա բարձրանում ավտոբուս: Նույն վիճակն է նաեւ մի շարք այլ երթուղայիններում:
Ի դեպ, վարորդների շրջանում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ արագաչափ եւ տեսանկարահանող սարքերի կողմից իրենց կատարած խախտումները չեն արձանագրվում: Ենթադրվում է, որ սա է նրանց խախտումներով կատաղի վարելու պատճառը: Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանից, սակայն վերջինս աշխատանքի ժամին աշխատանքի վայրում չէր: Քարտուղարուհու խոսքերով` «պարոն Համբարձումյանը գործով դուրս էր եկել»: Հարց է` անձնակա՞ն, թե՞ աշխատանքային գործերով: Եւ զարմանալի չէ, որ այսօր հասարակական տրանսպորտի ոլորտում նման խայտառակ իրավիճակ ունենք, վարորդները շարունակում են ուղեւորների հետ վատ վերաբերվել, ծխել եւ չպատժվել: Էլ չենք խոսում մարդկանց անվտանգ երթեւեկման մասին, որը ոչ մի պետական մարմնի կողմից չի վերահսկվում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ