ԹՈՐՈՍՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի նշանակումը ուղեկցվել է հետաքրքիր զարգացումներով: Արդյունքում տեսչական մարմնի ղեկավար նշանակվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «ծանոթը»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթներում բազմիցս նշել է, որ հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երեւույթներից մեկը կոռուպցիան է: Հետեւաբար կոռուպցիայի դեմ պայքարը ներկա կառավարության համար պետք է լինի հիմնական առաջնահերթություններից մեկը: Կոռուպցիոն դրսեւորումներից մեկն էլ, եթե չասենք ամենազազրելին, հովանավորչությամբ պաշտոնների նշանակումն է, այլ կերպ ասած` հովանավորչությամբ կադրերի ընտրությունը: Եւ կոռուպցիոն դրսեւորման այս ձեւը վերջին շրջանում առողջապահության ոլորտում սկսել է համատարած բնույթ կրել: Թվում էր, թե նոր Հայաստանում պետք է անզիջում պայքար մղվեր դրա դեմ: Սակայն հակառակ պատկերն է:
Օրեր առաջ` սեպտեմբերի 7-ին, տեղի ունեցավ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարի նշանակման գործընթացը: Նշենք, որ այս գործընթացը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 444-Ն որոշման, ինչպես նաեւ 2014 թ-ի դեկտեմբերի 17-ի «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն: Ի դեպ, տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է: ՀՀ վարչապետը տեսչական մարմնի կառավարման խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին եւ նրա նկատմամբ կիրառում է խրախուսման եւ պատասխանատվության միջոցներ: Պաշտոնից ազատում է դարձյալ ՀՀ վարչապետը:
Իսկ տեսչական մարմնի ղեկավարության ընտրության չափանիշները սահմանվում են տեսչական մարմնի կանոնադրությամբ: Արձանագրենք, որ նույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ խորհրդի նիստերը հրապարակային են եւ հրավիրվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկման նպատակով կարող են հրավիրվել արտահերթ նիստեր: Նիստերի հրավիրման եւ անցկացման կարգը սահմանվում է Խորհրդի աշխատակարգով: Բայց օրենքը չի սահմանում, թե ինչպես է Տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից ընտրվում արժանի թեկնածուն (օրինակ` մրցույթ հայտարարելու պահանջ), որպեսզի այն ներկայացվի վարչապետին, ու թե ինչպես է պահպանվում թափանցիկության, հրապարակայնության եւ տեղեկատվության հավասար մատչելիության սկզբունքը:
Ահա այս փաստից օգտվելով` կամայական ձեւով տեսչական մարմնի կառավարման խորհուրդը այս տարվա սեպտեմբերի 7-ին նիստ է գումարել եւ քննարկել 2 հոգու` Գոհար Փանաջյանի եւ Էդգար Խուրշուդյանի թեկնածությունը: Նշենք, որ նիստին բացակայել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Է. Բարսեղյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց այդ նիստի ընթացքում Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանը առաջարկել է թեկնածուների առաջադրման գործընթացը անցկացնել հայտարարությամբ, որից հետո` մրցույթը, քանի որ դրանով իսկ կապահովվեր մի քանի թեկնածուների մասնակցությունը մրցույթին եւ հնարավորություն կստեղծվեր, որպեսզի լավագույն թեկնածուն ստանձներ պաշտոնը: Եւ ամենակարեւորը` Թորոսյանը խորհրդի նիստին հայտարարել է, որ թեկնածուներն երկուսն են, որից մեկին` Էդգար Խուրշուդյանին, ինքն է առաջադրել, իսկ Գոհար Փանաջյանը ինքնաառաջադրվել է:
Սակայն այստեղ ուշագրավն այն է, որ թեկնածուին առաջարկում է ինքը` առողջապահության նախարարը: Այլ կերպ ասած` բերել է «իր մարդուն», իսկ մյուս թեկնածուն, լինելով տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, նախապես իմանալով նիստի մասին, ինքն իրեն է առաջադրել: Պատկերացնում եք, խիստ գաղտնիության շրջանակներում տեղի է ունենում տեսչական մարմնի ընտրության գործընթացը: Բայց այստեղ հարց է առաջանում, եթե հնարավոր է ինքնաառաջադրում, ինչու չի հայտարարվել դրա մասին, որպեսզի այլ թեկնածուներ նույնպես օգտվեն այդ հնարավորությունից: Բացի այս, խորհրդի անդամները, ըստ նիստի արձանագրության, նույնպես բավարար ժամանակ չեն ունեցել ներկայացնելու իրենց թեկնածուին:
Այնուամենայնիվ, խորհրդի անդամներից Կ. Թամազյանը նիստում նկատել է, որ նախարարի «թեկնածուն»` Էդգար Խուրշուդյանը, շատ անգամ է աշխատանք փոխել: Ապա նրանից հետաքրքրվել է այս պաշտոնին նշանակվելուց հետո այն փոխելու հնարավորության մասին: Իսկ ի պատասխան Թամազյանի հետաքրքրությանը` Խուրշուդյանն արձագանքել է, որ աշխատանք փոխելը կապված է եղել աշխատանքային աճով եւ ծառայությունների համար մատուցվող գումարով: Եւ երկար քննարկումից, թեկնածուների հետ զրույցից հետո տեղի է ունեցել քվեարկություն:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր բերած մարդուն` Էդգար Խուրշուդյանին, կողմ է քվեարկել, իսկ Գոհար Փանաջյանին` դեմ: Սակայն երկու թեկնածուների քվեարկության արդյունքները հավասար են եղել, ինչի արդյունքում Էդգար Խուրշուդյանը հավաքել է 3 կողմ, 4 դեմ, նույնքան՝ Գոհար Փանաջյանը: Ապա կառավարման խորհրդի նիստը փակվել է, եւ նշանակվել է եւս մեկ նիստ` նոր թեկնածուների առաջադրմամբ:
Մեկ շաբաթ անց` սեպտեմբերի 14-ին, նորից խիստ գաղտնիության շրջանակներում, առանց որեւէ հայտարարության տեղի է ունենում հերթական նիստը: Գալիս են մասնակցելու նորից նույն թեկնածուները, քանի որ որեւէ ձեւով այդ մասին հանրությունը տեղյակ չի լինում` դարձյալ անտեսելով օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի` նիստերի հրապարակային լինելու պահանջը: Ի դեպ, երկրորդ նիստին եւս սոցապ նախարար Մանե Թանդիլյանը չի բարեհաճում ներկա գտնվել:
Բայց երկրորդ նիստին կենացներն էլ ավելի են քաղցրանում. այս անգամ էլ զավեշտալին այն է, որ խորհրդի անդամներից մեկը իր հետ բերում է «իր մարդուն»` թե այս մեկին էլ ես եմ առաջադրում: Սրանից ավելի դասական կոռուպցիայի օրինակ ուղղակի չկա: Այս անգամ թեկնածուներն են Գոհար Փանաջյանը, Էդգար Խուրշուդյանը եւ Սարգիս Ղուկասյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է եւ աշխատել է իրավաբանական վարչության պետ: Նրա թեկնածությունը առաջադրել է Ս. Զաքարյանը: Նշենք նաեւ, որ խորհրդի անդամների կողմից առաջարկվել է Արթուր Ասոյանի թեկնածությունը, սակայն վերջինս հրաժարվել է: Արդյունքում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած նիստին տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնի համար պայքարել են երեք թեկնածու:
Նիստի ընթացքում Վ. Պետրոսյանը նշել է, որ նախորդ հանդիպմանը իր համար տպավորիչ էր Գոհար Փանաջյանի ներկայացրած տեսլականը, փորձը, բանիմացության աստիճանը: Նրա կարծիքով` Գոհար Փանաջյանն ունի համապատասխան կրթություն, փորձառություն եւ համապատասխանում է այս պաշտոնի համար: Ապա առաջարկել է Գոհար Փանաջյանի թեկնածությունը: Իսկ ահա Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Գոհար Փանաջյանին համարում է լավ կառավարիչ, ապա նկատել է, որ նա կարող է լինել տեսչական մարմնի ղեկավարի լավ տեղակալ, ինչը, բնականաբար Թորոսյանի շահերից է բխել: Չէ՞ որ հակառակ դեպքում իր մարդը` Է. Խուրշուդյանը, չէր կարող նշանակվել տեսչական մարմնի ղեկավար:
Բացի այս, խորհրդի նիստի անդամներից մեկը` Վ. Պետրոսյանը, նկատել է, որ Խուրշուդյանը իր վրա է վերցնում շատ մեծ բեռ, որին կարող է չդիմանալ: Ավելին` Պետրոսյանը նշել է, որ Խուրշուդյանը մյուս թեկնածուների համեմատ ավելի թույլ է: Եւ չնայած սրան` թեկնածուներից Սարգիս Ղուկասյանը հավաքել է 2 կողմ, 5 դեմ, Գոհար Փանաջյանը` 5 կողմ, 2 դեմ (նրան դեմ քվեարկողներից մեկը Արսեն Թորոսյանն է եղել), իսկ Էդգար Խուրշուդյանը` 5 կողմ եւ 2 դեմ: Ապա կառավարման խորհուրդը որոշել է ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել Գոհար Փանաջյանի եւ Էդգար Խորշուդյանի թեկնածությունները: Իսկ ահա սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար նշանակվել է Է. Խուրշուդյանը: Բնականաբար, այլ կերպ չէր էլ կարող լինել: Իհարկե, Արսեն Թորոսյանի «ջանքերը» զուր չեն եղել, իր ծանոթը նշանակվել է այս պաշտոնին: Ի դեպ, առողջապահության նախարարի պաշտոնին նշանակվելուց հետո Թորոսյանը համակարգի կարեւորագույն պաշտոններին նշանակել է իր ծանոթներին, ընկերներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով 2018 թվականի հոկտեմբերի 7-ից 12-ը Երեւան քաղաքում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի ծրագրային միջոցառումների ընթացքում պատշաճ հասարակական կարգ պահպանելու եւ հասարակական անվտանգության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը շուրջօրյա ռեժիմով գործելու է հոկտեմբերի 6-ից 13-ը: Շտաբի ղեկավար է նշանակվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը: Օպերատիվ շտաբը գործելու է հոկտեմբերի 6-ի ժամը 9-ից մինչեւ հոկտեմբերի 13-ի ժամը 24-ը:
Օպերատիվ շտաբի հսկողության ու համակարգման դաշտում կլինի օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կամ նրանց մասնակցությամբ կատարված իրավախախտումների, հանցագործության դեպքերի, պատահարների, ինչպես եւ օտարերկրյա քաղաքացիներին առնչվող միջադեպերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հասարակական կարգի պատշաճ ապահովման եւ արագ արձագանքելու նպատակով:

 

 

ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ
Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի սոցիալական պաշտպանության ծրագրի ղեկավար Արմենուհի Հովակիմյանի խոսքով` ՀՀ-ում պետական բյուջեից երեխաներին տրամադրվող գումարները տարեցտարի նվազում են: «Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ մեծ մասը երեխաներին ուղղված ծախսերի կրթության, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության ոլորտներն են, սակայն այս ոլորտներում հատկացումները բավարար չեն: Եվ մենք ունենք նվազելու միտում: Տարիների ընթացքում այդ ուղղությունները, որոնք ուղղված են հենց երեխաներին եւ ապահովում են երեխաների բարեկեցությունը, նվազել են կամ մնացել են նույն մակարդակի վրա»,- նշել է Ա. Հովակիմյանը:
Նրա խոսքով` Հայաստանում պետական բյուջեից կրթությանը տրամադրվում է մոտ 2.5-2.7 տոկոս, իսկ զարգացած երկրների համար այդ ցուցանիշը մոտ 5-6 տոկոս է:

 

 

ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿՆՎԱԶԻ
Հոկտեմբերի 6-ին հանրապետության տարածքում` Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում, սպասվում է անձրեւ, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության` հոկտեմբերի 6-ին կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում` 10-12 աստիճանով, 8-9-ը նույնքան կբարձրանա: Երեւանում հոկտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս