«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի ներքին քաղաքական կյանքի, առկա ճգնաժամի, դրանից դուրս գալու տարբերակների մասին զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ: Նա նշել է, որ այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զսպող օղակ է հանդիսանում ժողովրդի համար, որի մի հատված ունակ է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին կողմ քվեարկած ուժերի նկատմամբ ծայրահեղ գործողություններ իրականացնել:
-Պարո՛ն Դանիելյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբեր ամսին: Նրա խոսքով՝ ինքը հրաժարական կտա վարչապետի պաշտոնից, ԱԺ-ն երկշաբաթյա ժամկետում չի ընտրի վարչապետ եւ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սակայն չկա որեւէ երաշխիք, որ խորհրդարանական ուժերը Փաշինյանի հրաժարականից հետո նոր թեկնածու չեն առաջադրի։ Ի՞նչ եք կարծում, այնուամենայնիվ, կառաջադրե՞ն, թե՞ ոչ:
-Ոչ, եթե այդպիսի բան լինի, ժողովուրդը ոտքի կկանգնի, ինչպես ամիսներ առաջ կանգնեց: Իրենք դա չեն անի, բայց ուրիշ նենգություն կարող են անել: Իրենցից ամեն ինչ սպասելի է: Իսկ եթե թեկնածու առաջադրեն, դա բավական պրիմիտիվ սցենար կլինի: Ամեն դեպքում, նրանց բոլոր սցենարներն էլ կտապալվեն, ուղղակի ընկնելու են ցնցումների մեջ:
-Որոշ քաղաքագետներ անգամ քաղաքացիական պատերազմ սկսվելու հնարավորությունը չեն բացառում: Դուք տեսնու՞մ եք նման վտանգ:
-Ոչ, քաղաքացիական պատերազմ չի կարող լինել, Չեմ կարծում, որ, օրինակ, մեր բանակում կամ ոստիկանությունում կգտնվի մի 500 հոգի, որոնք կուզենան ժողովրդին վնասել:
-Իսկ հնարավոր համարու՞մ եք Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին կողմ քվեարկած ուժերի՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համակիրների բախումը:
-Միայն պառլամենտում կարող է ծեծուջարդ լինել, ինչպես աշխարհի տարբեր երկրներում. տեսել եք՝ ոնց են իրար վրա ջուր շփում, ղժղժում: Ամենավատ սցենարն այն կարող է լինել, որ ժողովրդի ցասումը դուրս գա Փաշինյանի վերահսկողությունից: Մարդիկ կարող է մի օր չլսեն իրեն ու, Աստված չանի, մտնեն, ոմանց տան-ջարդեն, սպանեն: Չէ՞ որ մարդու համբերությունն էլ սահմաններ ունի, հատկապես երբ իրեն ակնհայտ կերպով ծաղրում են:
-Ուզում եք ասել, որ Նիկոլ Փաշինյանը զսպող օղակի դեր է կատարո՞ւմ:
-Իհարկե, ժողովրդի մի մեծ հատված իրեն լսում է, բայց կարող է նյարդային մարդիկ լինեն, ոչ ադեկվատ, որ հունից դուրս գան: Ժողովուրդը միատարր չէ, տարբեր զանգվածներից է բաղկացած: Այդ ուժերը կրակի հետ են խաղում, փրփուրներից են կախվում:
-Դուք կսպասեի՞ք, որ ԱԺ-ն շրջափակելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կոչին ժողովուրդն այդքան արագ կարձագանքեր:
-Այո, որովհետեւ Փաշինյանը դեռ լուրջ սխալներ թույլ չի տվել: Նրա սխալները միայն կադրերի ընտրության հարցում են եղել, կենցաղային, կոսմետիկ սխալներ են դրանք, որոնք կշտկվեն, եթե պառլամենտը ցրվի եւ նորմալ ընդդիմադիր կուսակցություններ ստեղծվեն: Այդ ժամանակ մտավորականության մի մասն էլ կսկսի իր կարծիքը հայտնել: Օրինակ՝ ես շատ բան ունեմ ասելու, բայց հիմա իմաստ չկա. ո՞ւմ ասեմ: Ո՛չ խելքը գլխին կառավարություն կա, ո՛չ էլ ընդդիմություն: Պառլամենտում հանցագործներ են նստած, հասարակությունն էլ բաժանված է սեւերի եւ սպիտակների, իսկ ես ինձ ոչ սեւ եմ համարում, ոչ սպիտակ, այդ պատճառով էլ չեմ խոսի:
-Ի՞նչ եք կարծում՝ արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություննե՞րն են քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքը:
-Այո, դե ախր տեսեք, թե ովքեր են համալրում խորհրդարանը՝ «տրաքած» դաշնակները, որոնք վերջին տարիներին մի նորմալ բան չեն արել այս երկրի համար, ԲՀԿ-ն, որը միայն Ծառուկյանից է կախված, ընտրություններին էլ այսքան բանից հետո էլի փող էր ուզում բաժանել, անհամություն, հարամություն անել, ՀՀԿ-ն էլ հանցագործների եւ դեմագոգների հավաքածու է: Կարծում եմ՝ խորհրդարանում մեծամասնություն պետք է լինեն խորհրդարանական ուժերը, որպեսզի ժողովուրդը իմանա՝ ումից ինչ պահանջի:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԵՐԳԸ՝ ՆԱԵՎ ՖՐԱՆՍԵՐԵՆ
«Արդեն պատրաստ է նաեւ մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրին նվիրված երգիս ֆրանսերեն տարբերակը, այն շուտով կուղարկվի Ֆրանսիա, որպեսզի տեղի երգիչները կատարեն երգը»,-«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց կոմպոզիտոր, երաժիշտ Արա Գեւորգյանը, ով Ազնավուրի մահվան լուրը ստանալուն պես հեղինակել էր «Մեր Շառլ» երգը: Թե՛ երաժշտությունը, թե՛ խոսքերը գրել է հենց պարոն Գեւորգյանը, ստեղծագործությունը կատարել է Մաշա Մնջոյանը:
«Հենց ստացա Ազնավուրի մահվան լուրը, շոկ ապրեցի, լացակումած եկա տուն, նստեցի գործիքի առաջ: Պարտքի զգացում ունեի, զգում էի, որ պետք է մեծ շանսոնիեին, պոետին իմ շնորհակալությունը հայտնեմ: Այդ մարդու անունը բոլորս տարբեր տեղերում հնչեցրել ենք, հպարտություն ենք ապրել, նրա անունը մեզ համար այցեքարտի պես է եղել»,-մեկնաբանեց պարոն Գեւորգյանը:
Հարցին, թե ինչպես ստացվեց, որ երգը հենց Մաշան կատարեց, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նրա հետ մենք ավելի վաղ ձայնագրել էինք երգ՝ Երեւանի մասին, եւ շատ սիրուն էր ստացվել: Ծանոթ լինելով Մաշայի ունակություններին եւ ցանկանալով, որպեսզի ամեն բան արագ լինի` հենց նրան էլ դիմեցի: Մաշան, կարծում եմ, կարողացավ ի ցույց դնել իր տաղանդավոր կողմերը, եւ հուզիչ կատարում ստացվեց»:
Արդեն ավարտվել է երգի ֆրանսերեն տարբերակի ձայնագրությունը: Պարոն Գեւորգյանն առաջարկում է հնչեցնել այն «Ֆրանկոֆոնիայի» շրջանակներում. «Շատ սիրուն, պոետիկ թարգմանություն է ստացվել: Առհասարակ, այս երգը շատ սիրեցի, ամեն լսելիս արցունքները հոսում են աչքերովս, այդպես մեկ էլ եղել է մորս՝ Վալյա Սամվելյանի հիշատակին նվիրված ռեքվիեմը գրելիս»,- եզրափակեց կոմպոզիտորը:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
50 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ԿՍՏԱՆԱ
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա»-ն հունվարին 50 միլիոն եվրո կստանա Չինաստանի Սուպերլիգան ներկայացնող «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբից կիսապաշտպան Պաուլինյոյի համար: Բրազիլացի ֆուտբոլիստն այս ամռանն է վերադարձել «Գուանչժոու Էվերգրանդ» եւ հանդես է գալիս վարձակալությամբ, որի մասին պայմանագրում չի եղել տրանսֆերային իրավունքը հետագայում գնելու պայման, սակայն կատալոնական ակումբի ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրներից խուսափելու համար կվաճառի տրանսֆերը: Նշենք, որ 2017 թվականի ամռանը «Բարսելոնա»-ն 40 միլիոն եվրո էր վճարել Պաուլինյոյի համար:
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՇՇՈՒԿՆԵՐԸ
«Լոս-Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է այն շշուկները, թե ինքը կարող է վերադառնալ «Միլան», որի կազմում արդեն հանդես եկել է 2010-ից 2012 թվականներին: «Միշտ էլ շատ են եղել շշուկները: Ամբողջ աշխարհն է ցանկանում ինձ, այնպես որ դա նորմալ է»,-ասել է շվեդ ֆուտբոլիստը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իբրահիմովիչը կարող է վերադառնալ «Միլան» եւ թիմում անցկացնել մրցաշրջանի երկրորդ հատվածը: Իտալական ակումբի տնօրենը հայտարարել էր, որ իրենք իսկապես դիտարկել են 37-ամյա ֆուտբոլիստին վերադարձնելու տարբերակը, սակայն այս պահին տրանսֆերը հնարավոր չէ: MLS-ի ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը 24 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 20 գոլի հեղինակ:
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ
Այսօր Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է սգո օր, այդ իսկ պատճառով, ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության այդ օրը նախատեսված հանդիպումները կկայանան վաղը` հոկտեմբերի 7-ին:
Հիշեցնենք, որ այսօր պետք է կայանար «Փյունիկ»-«Ալաշկերտ» եւ «Արարատ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումները: Այսպիսով, հոկտեմբերի 7-ին Հայաստանի առաջնության 4 հանդիպում կկայանա: Օրվա մյուս խաղերում «Լոռի»-ն սեփական հարկի տակ կընդունի «Շիրակ»-ին, իսկ «Բանանց»-ը` «Արցախ»-ին:
Այս երկու հանդիպումները կմեկնարկեն ժամը 14:00-ին: