Նոր կոնֆլիկտ. տնօրենի ԺՊ-ն ազատում է աշխատողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կուրորտաբանության եվ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում նոր կոնֆլիկտ է հասունանում:

Նշենք, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն օրեր առաջ որոշում է կայացրել աշխատանքից ազատել կուրորտաբանության եվ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանին: Իսկ ահա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Տիգրան Վահրամյանին։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բենիկ Հարությունյանի մասով զբաղվում է իրավապահ համակարգը: Սա ենթադրել է տալիս, որ նրա գործողությունների մեջ որոշակի շեղումներ են հայտնաբերվել: Բացի այս, նշենք, որ Բենիկ Հարությունյանը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարարի ռազմաբժշկական հարցերով խորհրդականը: Սակայն տեսակետ է շրջանառվում, որ երկու գերատեսչությունները` պետական գույքի կառավարման կոմիտեն եւ առողջապահության նախարարությունը, պաշտպանության նախարարությանը տեղյակ չեն պահել, որ ռազմաբժշկական հարցերով խորհրդականի գործողությունների հետ կապված իրավապահ համակարգը գործընթաց է սկսել:

Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուրորտաբանության եվ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանը ԺՊ նշանակվելուց հետո իր անձնակազմին զգուշացրել է, որ ցանկ ունի իր ձեռքի տակ, թե որ աշխատողին պետք է ազատի աշխատանքից:

Մեր հարցին` ինչո՞ւ է որոշել ազատել աշխատողներին, տնօրենի ԺՊ Տիգրան Վահրամյանը պատասխանեց. «Ձեր տեղեկությունները սխալ են, ուրբաթ օրը` ընդունման արարողությանը, որին ներկա է գտնվել ամբողջ անձնակազմը, տեղի է ունեցել պաշտոնի ընդունում-հանձնում, ճանապարհել եմ նախկին ղեկավարին: Ոչ մի ձեւի ցանկ չունեմ, չկա:

Բայց իմ աշխատանքային սեղանին կա դրված ազատման երկու դիմուներ. անձամբ խոսել եմ մեր կադրերի գծով տեսուչի հետ, ով ազատման դիմում է գրել, փորձել եմ տեղեկանալ, թե ինչն է ազատման դիմում գրելու պատճառը: Նաեւ դիմումը չեմ մակագրել, մինչեւ պատճառը չիմանամ: Բացի այս, ունենք մեկ աշխատող էլ, ով եւս դիմում է գրել, բայց այսօր (նկատի ունի երեկ) ինքը զբաղվածության պատճառով տեղում չէր, որ խոսեի: Երկու տեղ է աշխատում, խնդրել եմ հրավիրել, զրուցենք, բայց այլ տեղ աշխատանքի առաջարկ է ստացել, ինքը շատ լավ մասնագետ է, եւ շատ կուզեի` մնար»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս