Եթե ուղիղ ասեին, որ դեմ էին, ավելի հասկանալի կլիներ. Լենա Նազարյանը` ՀՅԴ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցության պատգամավորների հրավիրած ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրված ընտրական օրենսգրքի նախագիծը նորից տապալվեց: Այս անգամ չբավարարեց ընդամենը 1 ձայն: Ու 62 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Ընտրական օրենսգրքի նախագիծը չընդունվեց: «Ծառուկյան» եւ «ԵԼՔ» դաշինքների բոլոր պատգամավորները կողմ քվեարկեցին նախագծին:

Հիշեցնենք` «Դաշնակցությունը» չէր միացել օրեր առաջ կայացած ստորագրահավաքին, սակայն հայտարարել էր, որ ողջ խմբակցությունը կողմ է քվեարկելու օրենքի նախագծին, անուամենայնիվ, ՀՅԴ-ական պատգամավորներ Անդրանիկ Կարապետյանը եւ Ռոմիկ Մանուկյանը չմասնակցեցին քվեարկությանը: Այսինքն` ստացվում է, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի տապալման գործում ինչ-որ չափով կա նաեւ «Դաշնակցության» մեղավորությունը: «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի եւ հետագա զարգացումների մասին խոսել է  «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հետ:

-Տիկի՛ն Նազարյան, ընտրական օրենսգիրքը տապալվեց: Պատգամավորների հետ նախնական պայմանավորվածություն չե՞ք ունեցել նրանց մասնակցության հետ կապված:

-Ում հետ մենք խոսել ու պայմանավորվել ենք, նրանք բոլորը ներկա էին: Բացակա էին «Դաշնակցություն» խմբակցության երկու պատգամավորներ: Եթե «Դաշնակցությունը» ամբողջ կազմով լիներ, ընտրական օրենսգրքի փոփոխությունները կընդունվեին:

-Տիկին Կյուրեղյանը նշեց, որ եթե չեն եկել, ուրեմն լավ չեն համոզել, որ այդ ընտրական օրենսգիրքը լավն է:

-Իսկ իրենք խմբակցության միաձայն որոշում չունե՞ն: Ինչ-որ մեկը իր քաղաքական գործունեության ընթացքում կարեւորագույն օրենք ընդունելու ժամանակ ասո՞ւմ է` ես հիվանդ եմ, չեմ կարող գալ, ինչ-որ խնդիրներ ունեմ: Եթե ուղիղ ասեին, որ դեմ էին, ավելի հասկանալի կլիներ, բացատրությունը ավելի քաղաքական կլիներ: Բայց որ ասում են` քաղաքում չեմ, զբաղված եմ, ծնունդի եմ հրավիրված կամ չգիտեմ ինչ, էդ ամենը ինձ համար անհասկանալի է: Արդեն երկար ժամանակ այս փոփոխությունը քննարկվում է: Ամառվանից սկսած մենք ե՛ւ հանրային հարցազրույցների միջոցով, ե՛ւ խմբակցությունների հետ հանդիպումների ժամանակ խոսել ենք այդ մասին: Իրենց խմբակցության հետ հանդիպում եղել է: Կառավարության անդամը գնացել, ներկայացրել է ամեն բան: Իմաստ չկար գնալ, բոլորին առանձին ասել: Չեմ կարծում, որ դա է իրական պատճառը չգալու:

-Իսկ ըստ Ձեզ` ո՞րն է իրական պատճառը:

-Ես չգիտեմ: Չեմ կարող ասել, թե ինչու երկուսը չեկան քվեարկելու այն դեպքում, երբ խմբակցության մյուս անդամները ներկա էին: Իրենք թող ասեն:

-Իշխող կուսակցությունը որեւէ խնդիր ո՞ւնի կապված նրա հետ, որ ընտրությունների պետք է գնալ գործող օրենսգրքով:

-Գոնե մեզ համար ամենաքիչը խնդիր կա կամ առհասարակ խնդիր չկա: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք ընտրությունների երկու օրենսգրքերի դեպքում էլ:

Լուսինե Մինասյան




Լրահոս