Օրերս խորհրդարանական 3 ուժերի` ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցության 67 պատգամավորներ կողմ քվեարկեցին ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում աղմկահարույց փոփոխությունների նախագծին, որով մտադրություն կար կասեցնել դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով սպասվելիք գործողությունները: Դրանից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց ԲՀԿ եւ ՀՅԴ քվոտայով նշանակված նախարարներին ու մարզպետներին պաշտոնանկ անելու մասին: Սակայն երեկ քաղաքական դաշտում իրար հաջորդեցին միանգամայն անսպասելի իրադարձություններ. ՀՀԿ խմբակցությունը փլուզվում է, եւ մի շարք պատգամավորներ սկսել են կողմ արտահայտվել դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, նրանք ստորագրել են համատեղ հուշագիր, որտեղ պարտավորվել են դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, նաեւ ԱԺ-ում «Ծառուկյան» դաշինքը շարունակելու է աջակցել հեղափոխությանը` պարտավորվելով որեւէ կերպ չմասնակցել հակահեղափոխական գործողություններին: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ էլ հանդիպել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանն, ու նրանց միջեւ եւս կարծես թե համաձայնություն է կայանում: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ։
-Պարո՛ն Սաֆարյան, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ միշտ վերջինիս կողքին է լինելու, այնինչ ԲՀԿ-ն ընդամենը օրեր առաջ միանգամայն այլ դիրքորոշում էր ցուցաբերում: Կարո՞ղ ենք ենթադրել, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները իրենց քայլերը նախօրոք չէին համաձայնեցրել իրենց ղեկավարի հետ։
-Դա բավականին լուրջ քվեարկություն էր։ Խիստ կասկածում եմ, որ պատգամավորները կարող էին պարոն Ծառուկյանին տեղյակ պահած չլինեին` առավել եւս որ քվեարկության օրը Աժ-ի դեմ բավականին բուռն զարգացումներ էին տեղի ունենում։ Տեղի ունեցավ այն, որ եթե ԲՀԿ-ն միամտաբար մտածում էր, թե իր խռոված կեցվածքով կարող է «սթափեցնել» «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ` հասկացավ, որ սա այդ դեպքը չէ, եւ բնականաբար ետ քայլ արեցին։ Հասկացավ, որ կորցնում է հեղինակության վերջին փշրանքները։ Հասկանալով, որ հանրային կարծիքի դաշտում բացարձակապես տանուլ է տալիս ու ոչնչացնում ամեն հնարավոր բան, որ ստեղծվել է տարիների ընթացքում, այժմ Գագիկ Ծառուկյանը բավականին բաց խաղի կանոնների դաշտում հարկադրված եղավ ստորագրել այդ հուշագիրը։
-Ինչքանո՞վ է վստահելի այդ հուշագրի ստորագրումը:
-Հայաստանյան քաղաքական ուժերը կանխատեսելիության տեսանկյունից լրջագույն խնդիր են ունեցել։ Նրանց վարքագիծը շատ հազվադեպ է քաղաքական եղել եւ այն կարող է իրադրության փոփոխության դեպքում փոխվել, բայց, համենայնդեպս, Գագիկ Ծառուկյանի տված հարզազրույցում տղայական հարթության վրա ստանձնած պարտավորությունները թերեւս 99%-ով վստահելի են։ Նրանք հասկացան հակառակ քայլի դիմաց վճարվելիք ծանր գինը, եւ չեմ կարծում, որ այս մեկ ամսվա ընթացքում այնպիսի բան լինի, որ նրանք կարողանան խուսափել իրենց տված խոստումից ու գործել այլ դաշտում։
-ՀՀԿ մի քանի պատգամավորներ հայտարարեցին, որ կանգնում են Փաշինյանի կողքին։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Միգուցե կան այնպիսի հատվածներ, որոնք ամբողջությամբ տեսանելի չեն մեզ։ Ինչ-որ դեպքերում գուցե կա պատասխանատվության կանչվելու վախը։ Բոլոր դեպքերում, սա ճեղքում էր ՀՀԿ-ի համար, որովհետեւ կուսակցության գիծը ներկայացնող պատգամավորների տեսակետը խիստ հակասության մեջ է այդ խմբակցության տարբեր անդամների արած հայտարարությունների պատճառով։ Այսինքն` ՀՀԿ-ի ներսում փլուզում է։ Եթե իրադարձությունները նման տրամաբանությամբ գնան, ապա ուրվագծվում է` ՀՀԿ-ն չի առաջադրի որեւէ թեկնածու։
-Կարո՞ղ ենք ենթադրել, որ մոտ օրերս «Դաշնակցությունը» եւս հուշագիր կստորագրի։
-Կարծում եմ` այո։ Փաշինյանի եւ «Դաշնակցության» միջեւ եւս հանդիպում կլինի։ Կարծեք թե «Դաշնակցությունը» ուրիշ` ավելի լավ տարբերակ չունի, քան միանալ ԲՀԿ-ի դրսեւորած վարքագծին եւ ստորագրել նույնպիսի հուշագիր։
-Ըստ Ձեզ` մինչեւ օրինագծին կողմ քվեարկելը քաղաքական ուժերը այսպիսի սցենար չէի՞ն կանխատեսել։
-Ինձ թվում է` կապը իրականության հետ իսկապես կտրվել է։ Ենթադրում եմ` չէին տեսնում եւ կարծում էին, որ այդ քայլով Նիկոլ Փաշինյանին կստիպեն նահանջել։ Բայց մենք ոչ թե նահանջ տեսանք, այլ մարտարվեստի տերմիններով ասած` հարձակում։ Եվ այս հարձակումը հենց ժողովրդի կողմից էր։
-Նոր ձեւավորվող խորհրդարանում տեսնո՞ւմ եք ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համագործակցությունը Փաշինյանի իշխանության, ՔՊ-ի հետ:
-Ինձ դուր է գալիս, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի ստվերային պայմանավորվածության մեջ չի մտնում։ Միգուցե այդ երկու ուժերը միամիտ համոզմունքներ ունեին, որ Նիկոլ Փաշինյանը նրանց խորհրդարան անցնելու հավաստիքներ կտա, բայց վարչապետը համառորեն նման բան չի անում։ Այս պահին այդ մասին խոսելը անիմաստ է։ Թերեւս Նիկոլ Փաշինյանը նման տարբերակ կարող է դիտարկել միայն այն դեպքում, երբ զգա, որ միայնակ չի կարողանում իշխանություն ձեւավորել։
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՀԻՄԱ ՉԵՆ ԹՈՂՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Հանրապետական» խմբակցության պատգամավորներն առիթը բաց չեն թողնում իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել կալանավորված Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու հարցը` ընդգծելով նրա հիվանդությունները եւ ծայրահեղ վատ վիճակը: Սակայն իշխանություններից ստացել են մեկ պատասխան` մինչեւ Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրությունները նրան բաց չեն թողնի: Ընդգծենք, որ սա ավելի շահեկան է հենց Մանվել Գրիգորյանի համար, քանի որ էջմիածնեցիները հրապարակված տեսանյութից հետո ուղղակի զայրացած էին եւ ոչինչ չէին ների:
ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ԷԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու այդ կտրուկ որոշումն անակնկալ է եղել նաեւ իր թիմակիցների համար, քանի որ մինչ հոկտեմբերի 2-ին խորհրդարան գնալն, ամեն դեպքում, մշտապես խոսվել է խորհրդարանական ուժերի հետ բանակցությունների մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ վարչապետի՝ հոկտեմբերի 2-ի հանդիպմանը վարչապետը հարցը շատ կտրուկ է դրել` ասելով նաեւ, որ ինքը միանձնյա է որոշել, որ դեկտեմբերին պետք է լինեն ընտրությունները, եւ այդպես էլ պետք է լինի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ պահին լարված կրքերը փորձել է հանդարտեցնել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը եւ բանակցությունների անցնելու կոչ անել, սակայն Փաշինյանը լռեցրել է նրան` կրկին հայտարարելով, որ իր որոշումը վերջնական է: Նկատենք, որ երեկվանից Արարատ Միրզոյանի վրա է դրված արտահերթ ընտրությունների անցկացմանը դեմ ուժերի ու անհատների հետ հանդիպելու եւ բանակցելու առաքելությունը: Նա հանդիպում է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավոր, ջավախահայ Տաճատ Վարդապետյանի հետ, օրերս էլ նույնպիսի հանդիպում էր եղել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանի հետ:
ՔՊ-«ԼՈՒՅՍ»
Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոսեց սեւ ու սպիտակ ուժերի մասին, որոնք ցանկանում են հակահեղափոխություն իրականացնել: Եվ այդ օրերին այդ հայտարարություններին ակտիվ պատասխանում էին նաեւ «Լույս» խմբակցության անդամները, ովքեր ՔՊ-ի հետ նույն խորհրդարանական խմբակցությունում են: Սակայն հոկտեմբերի 2-ի քվեարկությունից հետո վարչապետը հայտարարեց, թե հակահեղափոխական ուժերը ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն են: Ընդ որում, երեկ ԱԺ ճեպազրույցների ժամին մասնակցում էին Լենա Նազարյանն ու Հայկ Կոնջորյանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Կոնջորյանից պարզել, թե ինչ իրավիճակ է փոխվել: «Տեսե՛ք, խմբակցությունը աշխատում է այնպես, ինչպես նախկինում աշխատում է, եւ միասնական: Խմբակցության մասով որեւէ խնդիր չկա, մենք նշել էինք, որ շարունակելու ենք միանշանակ կերպով պաշտպանել վարչապետի առաջադրած օրակարգը եւ գնալ դեկտեմբերին արտահերթ ընտրությունների», – նշեց նա:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՎ ՕՐԸ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությունը հիշեցնում է Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» գործի մի դրվագ. «Նրա սենյակում միշտ մարտ ամիսն էր եւ օրը երկուշաբթի»: Հիմա նույն վիճակն է էթիկայի հանձնաժողովում, որտեղ միշտ 2016 թվականն է, եւ օրը` անհայտ: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փոքր «շրջապտույտ» է կատարել այս հանձնաժողովի կայքում եւ պարզել, որ նախարարությունների բաժնում դեռեւս կա ՀՀ միջազգային ինտեգրման եւ տնտեսական բարեփոխումների նախարարությունը, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռ միացված է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը (տե՛ս լուսանկարում):
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի` էթիկայի հանձնաժողով կատարած զանգից հետո նախարարությունները առանձնացվեցին: Էլ չենք խոսում այն մասին, որ կայքում քաղաքաշինության կոմիտեն էլ ներկայացված է որպես նախարարություն: Ու նման բարձիթողի վիճակ է մի կառույցում, որը հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանի գլխավորությամբ ՀՀ պետական բյուջեից ահռելի գումարներ է ստանում` 1 մլն դրամից ավելի աշխատավարձ, բայց եւ մատնված է խրոնիկ անգործության:
ԼԳԲՏ-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՀՐԱՀԱՆԳՎԵԼ Է
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 15-18-ը Երեւանում կանցկացվի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այդ օրվան ընդառաջ իրավապահներին հրահանգվել է ուժեղացված հսկողություն իրականացնել, որպեսզի միջադեպեր չգրանցվեն: Ինչպես հայտնի է, 2017 թվականին Երեւանի կենտրոնում հայտնվեցին սեռական փոքրամասնությունների թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ, ինչը շատ կոշտ արձագանք ստացավ հանրության կողմից: Բայց աղմուկ բարձրացավ, թե Երեւանի քաղաքապետարանը գովազդում է համասեռամոլությունը, ուստի տեղական իշխանությունները ստիպված էին այդ պաստառներն ապամոնտաժել: Արդյունքում «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» կազմակերպությունը ՀՀ վարչական դատարան հայց ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի դեմ` պահանջելով պարտավորեցնել նախարարությանը ներկայացված տեսանյութերը եւ պաստառները ճանաչել սոցիալական գովազդ, զերծ մնալ խտրականությունից: